20.11.2013 17:37

Լիզա Ճաղարյան. Իսկ մեր մեծերը փայլփլում են ու ճռճռում

Լիզա Ճաղարյան. Իսկ մեր մեծերը փայլփլում են ու ճռճռում

Շաբաթներ առաջ ռուսական առաջին հեռուստաալիքով, մի քանի օր շարունակ, մշակութաբան Սողոմոն Վոլկովը, որը հայտնի է նաեւ Շոստակովիչի եւ Բրոդսկու հետ իր երկխոսություններով, զրուցում էր Եվգենի Եվտուշենկոյի հետ: Այս բանաստեղծն իմ նախընտրածներից չէ: Ավելին, նրա հետ իմ միակ հանդիպումը հաճույքով չեմ հիշում: Շատ տարիներ առաջ էր: Կինոյի տանը Եվտուշենկոյի նկարահանած ֆիլմն էին ցուցադրում, ինքն էլ էր ներկա, եւ շա՜տ երկար ֆիլմից առաջ ժամերով խոսեց, շա՜տ երկար ֆիլմի դիտումից հետո՛ էլ ժամերով խոսեց, իսկ ես չեմ սիրում էն մարդատեսակը, որին թվում է` ինքն այնքան ցանկալի է հասարակությանը, որ կարող է, առանց ընդմիջման, առնվազն վեց-յոթ ժամ խլել ուրիշից` իր թանկագին ներկայության վայելքի համար: Գուցեեւ վեց-յոթ ժամից ավելի տեւեց Եվտուշենկոյի հետ հանդիպումը` չգիտեմ, որովհետեւ մինչեւ վերջ չդիմացա ու դուրս եկա դահլիճից` ինձ հետ տանելով այդ մարդու համար հալումաշ լինողների բազմաթիվ դատապարտող հայացքներ:

Ինչ որ է: Տարիներ են անցել, եւ մեկ էլ հեռուստաէկրանին տեսա անչափ ծերացած, հյուծված, ակնհայտորեն վատառողջ (հետո մամուլից տեղեկացա, որ ոտքն են անդամահատել), ԱՄՆ-ում բնակվող Եվտուշենկոյին. չնայած գրեթե զառամյալությանը` կրկին գունագեղ ու էքսցենտրիկ հագուկապով էր, ինչն, ի դեպ, ինձ միշտ դուր է եկել:

Գաղտնիք չէ, որ Եվտուշենկոյի եւ, ըստ իս, իրենից անհամեմատ մեծ բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու ջրերը մի առվով չեն գնացել: Ծանր էր օրեր շարունակ հեռուստաէկրանին տեսնել մի ծերունու, որն անձամբ խնդրել էր Վոլկովին` հանդիպել, որ ինքն աշխարհին պատմի, թե Բրոդսկու արհամարհանքն իր հանդեպ ինչպիսի մորմոքող ցավ է իր համար: Ու Եվտուշենկոն պատմում էր, նաեւ փորձում էր արդարանալ` ունկնդրի բարի կամքի հույսին թողնելով` կհավատա՞ իրեն, թե՞ չի հավատա:

Ինձ համար էական չէ` Բրոդսկի՞ն էր ճիշտ, երբ պնդում էր, որ Եվտուշենկոն ԿԳԲ-ի գործակալ է եղել, թե՞ նրա ընդդիմախոսն էր ճիշտ, որ երեխայի պես ամեն ջանք թափում էր Վոլկովի առաջ, որ նրա աջակցությամբ «գործակալի» ծանր ու տհաճ բեռը դեն շպրտի իր ուսերից: Եթե գործակալ չի եղել, դրանից իր պոեզիան ավելի լավը չի դառնում, իսկ Բրոդսկունն էլ` վատը չի դառնում: Գործակալ է եղել, թե ոչ, թող պարզեն Եվտուշենկոյի կենսագիրները: Ինձ համար էականն այն էր, որ մարդն աշխարհի առջեւ բացեց իր չսպիացող վերքը` ես տառապել եմ, տառապում եմ, որ Իոսիֆ Բրոդսկին ինձ մերժում էր, ու տառապանքս տանելու եմ հետս…

Շաբաթներ են անցել. չեմ մոռանում անչափ նրբանկատ, բայց իր զրուցակցին ընդգծված նպատակային հարցեր տվող Վոլկովի եւ այս աշխարհից այն աշխարհ` Բրոդսկու հետ կռիվ տվող ծեր բանաստեղծի զրույցը:

Իսկ չեմ մոռանում` ահա թե ինչու: Որովհետեւ այդ զրույցից հետո առավել սրությամբ զգացի, թե մեր հանգուցյալ եւ հենց հիմա մեր կողքին ապրող մեծերին ոնց ենք ճզմել ճռճռան ու փայլփլուն  փաթեթների մեջ: Կեղծիքի ինչ երփներանգ պատեր ենք շարել նրանց շուրջը: Մեր մեծերն արատ չեն ունեցել, թերություն չեն ունեցել, ստորություն չեն արել, մեղք չեն գործել, ապրել են սրբի պես ու զօրուգիշեր միայն քրտնամխած ստեղծագործել են: Մեր բոլոր գրողները, նկարիչները, կոմպոզիտորները, ռեժիսորները, դերասանները եւ ընդհանրապես արվեստին որեւէ կերպ առնչվողներն ինչ էլ ստեղծում են` ստեղծում են միմիայն հանուն մեր սիրասուն Հայաստանի: Իսկ եթե որեւէ վատ բան են անում, եւ դա հանրության սեփականությունն է դառնում, ապա էդ վատ բանի մասին մենք խոսում ենք սրճարաններում, պատերի ու ծառերի տակ, խնջույքի սեղանների շուրջը: Այսինքն` բամբասում ենք: Բամբասանքն, այսինքն, ավելի հարգելի զբաղմունք է, քան տվյալ խնդրի մասին բարձրաձայնելը: Օրինակ` հասարակությանն ամենամատչելի լրատվամիջոց հեռուստատեսությամբ: Բամբասանքն, այսինքն, գերադասելի է հնարավորություն տալուց ողջերին ` արդարանալու կամ հպարտանալու (գուցե այն, ինչը մեզ ամոթալի է թվում, «մեղադրյալի» համար հպարտության առի՞թ է), իսկ հանգուցյալներին` մարդեղենացած տեսնելու, թեկուզեւ` ոչ մեզ ցանկալի գույներով:

Եթե մեկը կա, ում արժեցող-չարժեցող «դիմակազերծ» է անում` Եղիշե Չարենցն է. նրան կարելի է, նրան կենդանության օրոք էլ են «չափել-ձեւել», հոշոտել ու սպանել: Չարենցին ոչ մի փաթեթավորմամբ հնարավոր չէր ճզմել, երբ ողջ էր, պարզվում է` մահից հետո էլ նրա կենսագրությունը «չի փաթեթավորվում»: Սա` ի դեպ:    

Տարիներ առաջ փորձ արվեց հիշելու եւ հիշեցնելու հայ տաղանդավոր գրող Նաիրի Զարյանի ստալինյան շրջանի գործունեության մասին: Ի վերջո, ո՞ւմ համար է գաղտնիք, որ Զարյանն ինքնամոռաց անձնատուր էր եղել «ժողովուրդների հորը», եւ նրա այդ «անձնվիրության շնորհիվ»` մեր մեծերից ոմանք կյանքով են հատուցել: Սովետի տարիներին ինքս կարդացել եմ (բնականաբար` հույժ գաղտնի պայմաններում) նրա հոդվածն Ակսել Բակունցի դեմ` տպագրված երեսնականների «Սովետական գրականություն» ամսագրում, եւ հիմա էլ, երբ  հիշում եմ, փշաքաղվում եմ նույն կերպ, ինչպես տասնյակ տարիներ առաջ` կարդալու ընթացքում: Դա հոդված չէր մեծ գրողի գրականության մասին, այլ Բակունցի մահախոսականը` մեղադրական ճառ հայրենիքի դավաճանի մասին: Դավաճանությունն էլ այն էր, որ Բակունցի հերոսներից մեկը` դպրոցական նստարանից բոլորիս սիրելի Դիլան դային, համարձակվել էր, ըստ Նաիրի Զարյանի, ստորաբար անցյալը կարոտել` էն մեր արեւաճաճանչափայլ ներկան անտերուդուս թողած: Կասկած չէր կարող լինել, որ այդ հոդվածին պետք է հետեւեին Բակունցի ձերբակալությունն ու մահապատիժը: Գիտենք. այդպես էլ եղավ` ձերբակալեցին ու գնդակահարեցին:

Եվ ի՞նչ պատահեց, երբ սրա մասին բարձրաձայնվեց: Մի՞թե պարզ չէ: Ողբուկականը ճեղքեց հայոց երկնակամարը` էս ի՞նչ եք անում մեր մեծ գրողին, բա՛ «Արա Գեղեցիկը», բա՛ «Հացավանը», բա՛ Բալաբեկն ու իր հռչակավոր ձմերուկները: Ողբուկականը շատ հզոր ստացվեց, եւ նորից լռություն տիրեց ու տիրում է մինչ օրս: Եվ դեռ երկար լռություն կտիրի, որովհետեւ հայկական հեռուստաալիքների տերուտիրականն ու աստվածը կեղծիքն է: Բոլո՛ր ասպարեզներում: Սովետական տարիների կոմունիստ ղեկավարների մասին այնպիսի բոցաշունչ հաղորդումներ են ծնվում ու թեւածում անկախ Հայաստանի օրոք ստեղծված հեռուստաէկրաններին, որոնց միայն գովազդը լսելիս մոլորվում ես` խնդա՞ս, թե՞ լաս: Փաստորեն, էդ նոմենկալտուրային կոմունիստները մեկը մյուսից կատարյալ են եղել, եւ այդպես էլ հարց տվող չի լինում` եթե այդքան լավն են եղել, հապա էդ «չարիքի կայսրություն» կոչվածը որտեղի՞ց ծլեց: Երկնքի՞ց ընկավ:

Եվ այսպես, մերոնք սրտխառնուքի աստիճան կապկում են ռուսական զանազան թռի-վռի հեռուստահաղորդումներ, կապկում են անճոռնի եւ ապաշնորհ ձեւով, դե՛, ստորաքարշության մասին էլ չասենք` «ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը պարզելու համար մեր «գիտունիկները» ռուսերեն են «ճռվողում»: Հայերեն հենց մտածում են` բթանում են, փաստորեն:

Եվտուշենկո-Վոլկով երկխոսության նման մի տարբերակ չեն կապկի` չվախենաք: Մեծ գրողի հետ զրուցողն անպայման պետք է ընթերցած լինի նրա Ստեղծագործությունը` դեմ առ դեմ նստելու եւ հարցեր տալու իրավունք վաստակելու համար, նույնը եւ` ցանկացած ստեղծագործողի դեպքում: Այդ քաջատեղյակությունը նաեւ իրավունք կտար լրագրողին` տհաճ հարցեր տալ տաղանդավոր, բայց մարդկային թուլություններ ունեցող իր զրուցակցին, մղել նրան անկեղծության, հանել նրան ճռճռան ու փայլփլուն փաթեթի միջից:

Հայաստանի հեռուստաընկերություններում «բոցկլտացող աստղերի» իմացության մակարդակն ավելի քան «հուսադրող» է` մեր մեծերն անհանգստանալու պատճառ չունեն. սրբի լուսապսակը նրանց դեռ երկար կուղեկցի: Ե՛վ ողջերին, ե՛ւ մեռածներին:

Իսկ դուք ասում եք` լյուստրացիա. մենք նույնիսկ մեր անցյալը չենք ազատագրում կեղծիքի ճիրաններից, ինչ մնաց` ներկան «խառնշտենք»:

Հ.Գ. Վստահ եմ, իր կյանքի վերջին հանգրվանին հասած Եվգենի Եվտուշենկոն արդեն ավելի խաղաղված կհեռանա այս աշխարհից, եւ այս աշխարհն էլ կճանապարհի նրան անհամեմատ ավելի բարիացած: