11.09.2012 22:24

Ալեքսանդր Արզումանյան. «Ամո՛թ է»

Ալեքսանդր Արզումանյան. «Ամո՛թ է»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության  անդամ Ալեքսանդր Արզումանյանն այսօր առաջարկել է ամբողջությամբ վերաշարադրել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի առաջին գլուխը:

ԱԺ նիստի ժամանակ ունեցած իր ելույթում, անդրադառնալով օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկվող նախագծին՝ պարոն Արզումանյանը նկատել է, որ դեռեւս 1985 թվականին ընդունված եւ բազմաթիվ փոփոխությունների ենթարկված գործող օրենսգիրքը «բացարձակապես այլ երկրի մասին է»:

Մասնավորապես, Ալեքսանդր Արզումանյանի մեջբերմամբ, Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրն է «պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, կառավարման սահմանված կարգը, պետական եւ հասարակական կարգը, ամրապնդել սոցիալիստական օրինականությունը, կանխել իրավախախտումները, քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ խորհրդային օրենքները ճշտիվ եւ անշեղորեն պահպանելու, մյուս քաղաքացիների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով» :

«Սա զավեշտ է, և առաջին գլուխն ամբողջությամբ բաղկացած է նման հոդվածներից` վեց հոդված և մեզանից որևէ մեկի՝ թե՛ կառավարության, թե՛ պատգամավորներիս մտքով չի անցել, որ ամոթ է գոյություն չունեցող երկրի տերմինաբանությամբ օրենք գործածենք: Սա մեր ամոթն է՝ սա Հայաստանի անկախ Հանրապետությունն է», - հայտարարել է «Ժառանգության» պատգամավորը՝ կոչ անելով հաջորդ անգամ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում որևէ փոփոխություն ԱԺ բերելիս առաջին գլուխը վերաշարադրել ամբողջությամբ: