21.11.2013 20:51

Ադրբեջանում ձերբակալել են իրանական հետախուզության գործակալի

Ադրբեջանում ձերբակալել են իրանական հետախուզության գործակալի

Երեկ երեկոյան Ադրբեջանում ձերբակալվել է Իրանի քաղաքացի, որը կասկածվում է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձի մեջ: Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են Իսրայելի դեսպանատան վրա հարձակման մանրամասն պլան:

Ադրբեջանցի իրավապահների տեղեկությունների համաձայն` ձերբակալվածը հանդիսանում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալ (տեղեկությունները ճշտվում են):

Contact.az-ը հիշեցնում է, որ անցյալ ամիս ևս Բաքվի դատարանը Իրանի մեկ այլ քաղաքացու` Ֆաիզ Բահրամ Հասանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման` Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա ահաբեկչություն ծրագրելու համար:

Ֆաիզ Բահրամ Հասանը, ադրբեջանցի իրավապահ մարմինների տվյալների համաձայն, աշխատել է Իրանի հետախուզության նախարարությունում և Իսրայելի դեսպանատան վրա ահաբեկչական գործողություն ծրագրելու և իրականացնելու նպատակով 2006 թ. ժամանել է Բաքու: Համաձայն իր ցուցմունքների՝ նրան հանձնարարված է եղել պայթեցնել Իսրայելի դեսպանատունը՝ ցույց կազմակերպելով դիվանագիտական ներկայացուցչության դիմաց:

Նշենք, որ 2013 թ. մայիսին դատարանը Ադրբեջանի երեք քաղաքացիների դատապարտել էր 11-12 տարի ազատազրկման՝ մեղադրելով նրանց 2012 թ. Բաքվում անցկացվող Եվրատեսիլի ժամանակ Իսրայելի քաղաքացիների նկատմամբ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Համաձայն պարբերականի՝ նրանք բոլորն էլ կապեր են ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: