11.09.2012 22:51

Նալբանդյանն ու Լեֆորը քննարկել են Սաֆարովի շուրջ ստեղծված իրավիճակը

Նալբանդյանն ու Լեֆորը քննարկել են Սաֆարովի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:


Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, զրուցակիցները անդրադարձել են ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման արդյունքում ստեղծված իրավիճակին: Շեշտվել է, որ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին, այնուհետեւ՝ նրա ազատ արձակումը Բաքվի իշխանությունների կողմից լուրջ վնաս է հասցրել ԼՂ բանակցային գործընթացին, տարածաշրջանային անվտանգության ու կայունությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր
ոլորտներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են Արևելյան Գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերին: Ֆիլիպ Լեֆորը հայտնել է, որ ԵՄ շարունակելու է աջակցել Հայաստանին, նաև Արևելյան գործընկերության շրջանակներում իրագործվող ծրագրերի միջոցով: 

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները Ադրբեջանին հանձնեցին 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին: Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց Սաֆարովին, փոխհատուցեց ազատազրկության տարիների աշխատավարձը եւ մայորի կոչում շնորհեց նրան: «Սաֆարովի պատմությունը» լայն միջազգային արձագանք ստացավ: ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի իշխանություններն իրենց վրդովմունքն արտահայտեցին Ադրբեջանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ: