25.11.2013 15:08

iLur Բլոգ. Ծնունդդ շնորհավոր, Ավո

iLur Բլոգ. Ծնունդդ շնորհավոր, Ավո

Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Ու այս օրով ուզում եմ կիսվել Ավոյի հետ կապված իմ հուշերից մի պատառիկով։ Հորս ծնողների տունը Բալուջայում է գտնում (այժմ՝ Այգեստան, Ասկերանի շրջան, ԼՂՀ)։ Հորեղբորս տղեն՝ Տիկոն, Ավոյի հետ նույն ջոկատում էր կռվում պատերազմի ամենասկզբում, մինչ Ավոյի Մարտունի տեղափոխվելը (հրամանատարին քաչալ Սեգո էին ասում) ու պատերազմի առաջին ամիսներին հաճախ էին գալիս մեր տուն՝ գրեթե ամբողջ ջոկատով։ Այդ օրերի Ավոյին մինչ օրս հիշում եմ, ավելին, կադրեր կան այդ օրերից, որ մինչեւ հիմա մեխվել են հիշողությանս մեջ: Հիշում եմ բոլոր մանրամասներով, գույները, հոտերը, դեմքերը, ձայները: Իսկ Ավոն տարբերվում էր բոլորից։

Նույնիսկ երբ պառկում էր մի փոքր հանգստանալու։ Ավտոմատը գրկած էր քնում մեր կանաչադարչնագույն բազմոցին։ Այդպես էր անում, որ մենք՝ երեխաներս, հանկարծ պատահաբար ավտոմատը ձեռքներս չառնենք ու չվնասենք մեզ: Ասես պահակախմբի զինված ժամապահ լիներ՝ նույն զգոնությամբ, ուղղակի՝ պառկած բազմոցին:

Հիշում եմ, որ հատկապես մեր բոլոր երեխաներիս ուշադրությունը սեւեռվում էր Ավոյի վրա, երբ տղաները հացի էին նստում: Այդ կարճ պահերին այնպես լիաթոք էր ուրախանում՝ իրեն հատուկ ձեւով արագ-արագ ճպճպացնելով աչքերը:

Մի տարօրինակ բնավորություն ուներ. երբ տատս ճամփա դնելուց առաջ վրա-վրա ու պինդ-պինդ համբուրում էր եղբորս, Ավոն հաշվում էր, հետո տատուս կատակով ու իր անուշ արեւմտահայերենով ասում էր՝ տատ, ինձ ավելի քիչ ես համբուրել, քան Տիկոյին...

Մի փոքրիկ խաչ ուներ վզին կախված: Մի անգամ վզից հանեց ու տվեց տատիկիս, ասեց՝ ամեն ճակատամարտից առաջ աղոթիր իմ համար, որ ողջ մնամ ու հետ գամ։ Տատս այնքան էլ հավատավոր կին չէր (թեեւ ամբողջ օրը բարձրաձայն «զրուցում էր» Աստծո հետ), բայց տեսնում էի հաճախ, որ հատկապես գիշերներն այդ խաչը ամուր բռնում էր ձեռքերում եւ աղոթում էր։ Ու հավատում էր, որ քանի դեռ ինքն աղոթում է Ավոյի համար, նրան բան չի պատահի….Ավոյի մահվանից հետո եղբայրս տատուցս շատ մեծ դժվարությամբ վերցրեց Ավոյի խաչը:

Ծնունդդ շնորհավոր, Ավո ջան: Շնորհակալություն քեզ ամեն-ամենի համար, եւ հատկապես՝ էն նվիրումի համար, որով պատրաստ էիր մշտարթուն ժամապահի նման հսկել մեր՝ մանուկներիս խաղաղ ցերեկներն ու գիշերները: