25.11.2013 18:15

Թեհրանը նոտա է հղել Բաքվին

Թեհրանը նոտա է հղել Բաքվին

Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին: Պատճառը Բաքվում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ֆինանսական բաժնի պետ Ահմեդ Ահմեդզադեի Ադրբեջանից արտաքսելն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Իրանի «Սեհեր» հեռուստաալիքը` հղում կատարելով Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությանը:

Բաքվում Իրանի մշակույթի կենտրոնի աշխատակիցը Ադրբեջանի իրավապահների կողմից երեք ժամով ձերբակալվել, հետո բաց էր թողնվել այն պայմանով, որ նա երկու օրում հեռանա Ադրբեջանից: Ահմեդզադեի արտքասումն Ադրբեջանից, ինչպես հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները, կապված է «վիզային խնդիրների» հետ:

Իրանական հեռուստաալիքը հայտնել է, որ անցյալ ամիս Բաքուն արգելել է Ադրբեջան մուտք գործել Իրանի դեսպանատան եւս մեկ աշխատակցի` չնայած նրա ունեցած դիվանագիտական անձնագրին: Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում Ադրբեւանից արտաքսվել է Իրանի դեսպանատան եւս 4 աշխատակից: Հեռուստաալիքը նշել է, որ ադրբեջանական իշխանությունները ճնշումներ են գործադրում Ադրբեջանում գործող Իրանի իմամ Խոմեյնիի անվան Աջակցության կոմիտեի ներկայացուցչան վրա, իսկ անցյալ ամռանը փակել են ներկայացուցչությանը կից Բաքվում գործող բժշկական կլինիկան:

Հեռուստաալիքը միաժամանակ հիշեցրել է, որ անցյալ տարի պաշտոնական Բաքուն արգելել էր Ադրբեջան այցելել նաեւ Իրանի դեսպանատան մշակութային հարցերով փորձագետին: «2011 թ-ի դեկտեմբերից մինչ այժմ Իրանի 8 աշխատակից, չնայած ծառայողական անձնագրերին, արտաքսվել է Բաքվից, կամ էլ թույլ չի տրվել նրանց մուտքը Ադրբեջան»,- հայտնել է «Սեհեր» հեռուստաալիքը: