29.11.2013 18:34

Լիզա Ճաղարյան. Չե՞ք տեսնում` ի՜նչ «քարվան կտրելու գիշեր է», արեւմտամետնե՛ր

Լիզա Ճաղարյան. Չե՞ք տեսնում` ի՜նչ «քարվան կտրելու գիշեր է», արեւմտամետնե՛ր

Հայաստանյան լրատվամիջոցները ողողված են Կիեւի Մայդան հրապարակում ընթացող բողոքի ցույցերի մասին լուրերով: Այս նույն լուրերն էլ հեղեղի նման թափվում են ֆեյսբուքցիներիս գլխին:

Ուկրաինայի արեւմտամետները չեն ուզում Մաքսային միություն մտնել, ուզում են Արեւմուտքի հետ համընթաց քայլել, եւ հենց այդ պահանջով էլ հավաքվել են Հրապարակում եւ ասում են` Ո՛Չ Մաքսային միությանը: Դե, մեր լրատվամիջոցներն էլ սիրով եւ հաճույքով մատուցում են հայաստանցիներիս, թե ինչ են անում Ուկրաինայի արեւմտամետները, որ իշխանություններն իրենց վզին չփաթաթեն իրենց համար մերժելի միությունը:

Բնական է: Բնական է, որ մեր լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են այլ երկրում ծավալվող ըմբոստության ցույցերը: Բնական է նաեւ, որ այն լրատվամիջոցները, որոնք կտրականապես դեմ են Հայաստանի անդամակցությանը Մաքսային միության,  իրենց ընդվզումը լիարժեք արտահայտելու համար դուռուլուսամուտները գորովանքով բացել են հայաստանցի արեւմտամետ քաղաքական գործիչների կամ իրենց քաղաքական գործիչ հայտարարածների առջեւ:

Անբնականն ահա թե ինչն է. ուկրաինացիների բողոքի ցույցերը ոգեւորությամբ տարածող այս լրատվամիջոցներն ինչո՞ւ չեն հարցնում մեր` տեղական արեւմտամետներին. «Թանկագին արեւմտամետներ, էս ինչի՞ չեք թախտի տակից դուրս գալիս»:

Ինչու չեն հարցնում` մեղքն իրենց վիզը, ե՛ս կհարցնեմ:

Մինչ հարցնելս հիշեցնեմ. այս պահին Հայաստանի քաղաքացիները երեք խմբի են բաժանված: Առաջին խումբը դեմ չէ, որ մեր երկիրը միանա Մաքսային միությանը: Սրանք հիմնականում իշխանության կամակատարներն են եւ մինչ օրս Սովետական Միության կարոտից պռոշը ճաքածները: Երկրորդ խմբի մեջ այն ՀՀ քաղաքացիներն են, որոնք պնդում են, որ մինչեւ Հայաստանում իշխանափոխություն չլինի` անիմաստ է քննարկել, թե ինչ ճանապարհով գնա մեր երկիրը, որովհետեւ Մաքսային միությանը միանա, թե Եվրոասոցացման համաձայնագրին, միեւնույն է` հանցագործ իշխանությունները երկիրը տանելու են կործանման: Երրորդ խումբը, պարզ է, արեւմտամետներն են, որոնք ուզում են Արեւմուտքի հետ ճամփա գնալ` թեկուզ սատանայի հետ:

Հիմա՝ ի՞նչ է ստացվել: Պարզվել է` սատանան այլեւս չի սիրում Եվրոպային ու որոշել է գետնատարած փռվել մեր դարավոր բարեկամի «օրհնված ոտի» տակ:

Հիմա հարցս. աննկարագրելի պաշտելի արեւմտամետներ, ի՞նչ բանի եք, ինչո՞ւ Ազատության հրապարակում չեք, հիմա էլ հո չե՞ք ասի` Կոնգրեսը գրավել է Ազատության հրապարակը, չի թողնում դուրս գանք` «քարվան կտրենք»: Ո՞ւմ եք թողել «անողոք» պայքարի էս բարեպատեհ հնարավորությունը: Դե՛, դուրս եկեք վերջապես, հայ ժողովուրդը տեսնի, թե ինչ իգիթների չգնահատեց «երախտամոռ» Հայ ազգային կոնգրեսը: Կամ էլ` տղամարդավարի խոստովանեք, որ ձեր թափը բավականացնում է միայն ձեր նախկին պայքարի ընկերների մասին մեկը մյուսից ճենճահոտ հարցազրույցներ տալուն:

Թե չէ՝ Մայդանի ցուցարարներով կարող ենք հիանալ նաեւ առանց ձեր տքնաջան օգնության` աչք էլ ունենք, ականջ էլ: