05.12.2013 18:26

Գալուստ Սահակյան. Արտագաղթողներին դարձրել եք պատմության հերոսներ

Գալուստ Սահակյան. Արտագաղթողներին դարձրել եք պատմության հերոսներ

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը

-Պարոն Սահակյան, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե այն կառավարությունը, որը չապահովի 5-7 տոկոս տնտեսական աճ, որը չապահովի աշխատավարձերի զգալի աճ, որ այն ավելին լինի գնաճից, պետք է հրաժարական տա: Ավարտվում է 2013 թվականը, եւ ակնհայտ է, որ անգամ պաշտոնական վիճակագրությամբ Սերժ Սարգսյանի հանձնարարականները չեն կատարվել: Հիմա Տ.Սարգսյանի կառավարությունը հրաժարական կտա՞:

- Մենք դեռ ժամանակ ունենք: Ինչ վերաբերում է 7 տոկոս տնտեսական աճին, ապա կարծում եմ`արդեն 5 տոկոսի աճ կա: Առաջիկայում կլինեն վերլուծություններ: Նաեւ պետք է նայենք հանգամանքները, իրավիճակը, հնարավորությունների սահմանները: Այնպես որ, վերլուծման խնդիր է:

- Իսկ կառավարությունն այդ վերլուծություններից հետո հրաժարական տալո՞ւ է:

- Դե մեզ մոտ կառավարությունների ձեւավորման առաջին իսկ օրվանից խոսում են հրաժարականների մասին: Դա սովորական սցենար է դարձել:

- Չե՞ք ուզում, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տա, եւ ավելի աշխատունակ կառավարություն ձեւավորվի:

- Աշխատունակ է, թե աշխատունակ չէ` դրանք տեսակետներ են: Սովորաբար, եթե աշխարհի մասշտաբով նայենք, ապա բոլոր երկրներում թվացյալ խնդիր է առաջանում, իբրեւ թե կառավարությունները չեն աշխատում: Բայց դա չի նշանակում, որ պետք է նման մտքերի հետեւից ընկնենք եւ փոքրամասնության կարծիքը մեզ համար քննարկելի դարձնենք:

- Այսինքն` նույնիսկ հար՞կ չեք համարում քաղաքական փոքրամասնության կարծիքը քննարկել:

- Փոքրամասնությունը պետք է կարողանա իր ուժերի չափով սկզբունքներ առաջարկել: Այնպես չէ, որ մեծամասնությունը ձեւավորվում եւ առաջնորդվում է փոքրամասնության ցանկություններով: Եթե այդքան դրական ցանկություններով լիներ փոքրամասնությունը, ապա մեծամասնություն կլիներ:

- Բայց չէ՞ որ ընտրությունները կեղծելն է պատճառը, որ փոքրամասնությունը մեծամասնություն չի դառնում:

- Դե լացողները միշտ էլ պատճառներ են բռնում եւ մտածում են, որ իրենց այնքան հզոր թափով են հարվածել, որ կարող են մինչեւ վերջ լացել ու լացել: Դրա փոխարեն հարկավոր է աշխատել: Եթե ունեն նոր մոտեցումներ, նոր ձեւակերպումներ, ապա պետք է ժողովրդի հետ աշխատեն, հավատացնեն, հասկացնեն: Ժողովրդի գնահատականը շատ թույլ է փոքրամասնության նկատմամբ:

- Հիշատակում եք ամբողջ աշխարհի կառավարություններին եւ նրանց նկատմամբ վերաբերմունքը, բայց չէ՞որ նույն կառավարությունները ձախողումների դեպքում հրաժարական են տվել:

- Ես չեմ կարծում, որ մեր կառավարությունը կամ քաղաքական թիմը որոշակիորեն մեծ ու փոքր գործոններ չունեն մեր երկրի զարգացումների վրա: Դա տեսակետ է, որ կարող են այլոք ունենալ, բայց այդ տեսակետը ես չեմ կիսում:

- ՀՀ կառավարությունը ձախողե՞լ է իր ծրագրերը, թե՞ ոչ:

- Չէ, ի՞նչն է ձախողել. որ կարողացել է տնտեսական ճգնաժամ հաղթահարե՞լ, որ տնտեսական ճգնաժամից հետո կարողացել է առաջընթաց գրանցե՞լ:

- Նաեւ արտագաղթի աճ է եղել:

-Արտագաղթի մասին այնքան եք խոսել, որ արտագաղթողներին դարձրել եք պատմության հերոսներ: Որեւէ մեկը արտագաղթի դեմ այնպես չի պայքարում, որքան մենք: Ու մեր ուժերի ներածին չափով պայքարում ենք:

 

Արման Գալոյան