22.10.2012 12:56

Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է մոտ կես միլիոն դրամի վնաս

Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է մոտ կես միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 500 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 449.25 հազար դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության, Վայոց ձորի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի  ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  վարչական տուգանքի որոշում 50 հազար դրամ գումարի չափով և հաշվարկվել է 31.5 հազար դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բածնի կողմից «ՄԳՄ Անդրգրաունդ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում արձանագրված խախտման համար կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 237.75 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի  2 որոշում 100 հազար դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 130 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի  1 որոշում 50 հազար դրամ գումարի չափով և հաշվարկվել է 50 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Արարատի տեսչական բաժնի կողմից 3 տնտեսվարողներիի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3  որոշում:

Իրականացվում է օպերատիվ վերահսկողություն ապօրինի ծառահատումների, բնափայտի ապօրինի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության նկատմամբ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.74 մլն դրամ գումար: