22.10.2012 13:43

Իսպանական հրաշքներ. Մեսին եւ Ֆալկաոն իրենց թիմերին առաջ են տանում

Իսպանական հրաշքներ. Մեսին եւ Ֆալկաոն իրենց թիմերին առաջ են տանում

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրը դեռ երկար կհիշվի: Հիմնականում մեկ խաղի շնորհիվ` «Դեպորտիվո» - «Բարսելոնա»:

Այն բանից հետո. երբ շվեդները Գերմանիայի հավաքականի հետ խաղում հրաշք գործեցին, այլեւս ոչ մի բան վրա կարելի է չզարմանալ: Սակայն «Դեպորտիվո» - «Բարսելոնա» ստիպեց զարմանալ: 18-րդ րոպեին կատալոնացիները վստահորեն առջեւում են 3:0 հաշվով, ոմանք մտածում են, թե քանի գոլ դեռ կխփի «Բարսան», սակայն «Դեպորտիվոն» իր մեջ ուժ գտավ իսկական ճակատամարտ տալ ահեղ մրցակցին եւ հանդիպումը մինչեւ վերջին վայրկյանները բացառիկ լարվածության մեջ պահեց բոլորին:

Ճիշտ է, «Դեպորին» մի քիչ օգնեցին մրցավարական եւ «վալդեսական»  սխալները, մի քիչ էլ` մրցակցի հոգնածությունը, բայց միեւնույն է, այս թիմը ծափահարությունների է արժանի: Դե, իսկ Մեսին արժանի է օվացիայի: Հեթ-տրիկ, ֆանտաստիկ խաղ, արտակարգ գոլեր, ու «Ոսկե գնդակի» հավակնորդների պայքարում բացահայտ ֆավորիտը արդեն հայտնի է: «Բարսան» հաղթեց 5:4 եւ այս հանդիպումը` Ինյեստայի կարծիքով, կմտնի պատմության մեջ:

Էլ ավելի մեծ դժվարությամբ տրվեց հաղթանակը «Բարսայի»` այս պահին հիմնական մրցակցին` Մադրիդի «Աթլետիկոյին»: Ամբողջ խաղի ընթացքում մրցակիցը` «Ռեալ Սոսյեդադը» մեծ առավելություն ուներ, ուներ բազմաթիվ չիրացրած պահեր, բայց չուներ Ֆալկաո: Կոլումբիացի ռմբարկուն նորից իր ծանրակշիռ խոսքն ասեց` խաղի վերջին րոպեին տուգանային գերազանց հարվածով հաղթանակ բերելով «Աթլետիկոյին»` 1 :0: Մադրիդցիները շարունակում են «Բարսայի» հետ հավասար ընթանալ`22-ական միավոր:

Այս իրադարձությունների ֆոնին մի տեսակ աննկատ մնաց Մադրիդի «Ռեալի» հաղթանակը: Վերջինս ոչ այնքան դիտարժան խաղում շատ հանգիստ, առանց մեծ ճիգեր գործադրելու 2:0 հաշվով հաղթեց «Սելտային»: Հավանաբար, մադրիդցիները ուժերը խնայում էին Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղերի համար: Ռոնալդուն գոլ խփեց, ի դեպ, բայց նույնիսկ 9 գոլով նա «ընդամենը» 2-3 տեղերն է կիսում Ֆալկաոյի հետ: Իսկ 11 գոլով առաջատարը… հասկանալի է, թե ով է: 


Մյուս հանդիպումներից արժե հիշատակել «Մալագայի» հաղթանակը, որի շնորհիվ թիմը առայժմ ընթանում է 3-րդ տեղում: «Ռեալը» 4-րդն է: