22.10.2012 14:38

Աշոտ Մելիքյան. ՏԻՄ ընտրությունների ժամանակ հինգ միջադեպ է գրանցվել

Աշոտ Մելիքյան. ՏԻՄ ընտրությունների ժամանակ հինգ միջադեպ է գրանցվել

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հինգ միջադեպ է արձանագրել, որոնցից մեկը ֆիզիկական բռնություն էր օպերատորի նկատմամբ, իսկ մյուս չորսը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու խախտման դեպքեր են: Ինչպես հայտնում է iLur.am-ը, այս մասին այսօր լրագրողնեերի հետ հանդիպմանը հայտնել է կոմիտեիի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2012 թվականի երրորդ եռամսյակային զեկույցի տվյալները (հուլիս-սեպտեմբեր):

«Ֆիզիկական բռնության մեկ դեպք գրանցվել է Գյումրիում, «Ցայգ» հեռուստաընկերության նկարահանող խմբի հանդեպ կիրառվել է ֆիզիական բռնություն, օպերատորին քաշքշել, ապտակել են, փորձել են տեսախցիկը վերցնել: Մտահոգություն ենք հայտնում այն փաստի վերաբերյալ, որ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Էլինա Չիլինգարյանի ներկայացրած հայցը կարճվեց և լրագրողի նկատմամբ բռնություն կիրառող անձը մնաց անպատիժ»,- ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է լրատվամիջոցների դեմ ներկայացվող հայցերի քանակը. եթե 2011-ի ինը ամիսների ընթացքում 25 հայց էր ներկայացվել, ապա այս տարի 10 այդպիսի հայցեր են արձանագրել:

Աշոտ Մելիքյանն ուշադրություն հրավիրեց Գյումրիում արձանագրված միջադեպի վրա: Գյումրի Սերժ Սարգսյանի կատարած այցի ժամանակ տեղական լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու Սարգսյանի բրիֆինգին: Մելիքյանը սա խտրականություն է համարում: Նա նաև հատկանշական է համարում այն փաստը, որ Եվրոդատարանն ընդունեց «Հայկական ժամանակ» օրաթերթի հայցն ընդդեմ Հայաստանի հանրապետության: