16.12.2013 17:17

Լիզա Ճաղարյան. Մորուայի ասած` խելքներդ գլուխներդ հավաքեք

Լիզա Ճաղարյան. Մորուայի ասած` խելքներդ գլուխներդ հավաքեք

Ֆրանսիացի գրող Անդրե Մորուան մի նովել ունի, որի մասին հաճախ եմ հիշում բանավոր զրույցներում: Վերնագիրը չեմ հիշում, որովհետեւ դպրոցում եմ կարդացել, իսկ դրանից հետո գրեթե կես դար է անցել: Մորուայի «Յոթ նովել» փոքրիկ գրքույկը օրերս շատ փնտրեցի ու այդպես էլ չգտա (երեւի «գրքի գողը գող չէ»-ի կողմնակից ընկերներիցս մեկն է ինքն իրեն «նվեր» արել):

Ինչ որ է. Մորուայի այդ նովելի հերոսը շշմելու ինտելեկտուալ, շշմելու խելացի, շշմելու ամենագետ մեկն է, որին արվեստի ու գրականության աշխարհի մարդիկ համարում են իրենց «որակի նշանը»: Եթե էս մարդը հավանում է իրենց բանաստեղծությունը, պատմվածքը կամ վեպը, գովում է իրենց նկարը կամ քանդակը, ուրեմն` իրենք հատել են «ահեղ դատաստանի» դուռը եւ կարող են գլուխ գովել աջուձախ, որ իրենք տաղանդավոր են: Էսպես: Օրերից մի օր էս մեր Մորուայի շշմելու ամենագետ հերոսը նստում ու մտածում է. «Ա՛յ ախպեր ջան, եթե ես էսքան խելացի եմ, էսքան ճաշակով եմ, էսքան շշմելու եմ, էս ինչի՞ եմ նստել ու խալխի ստեղծագործությունները գովում, հենա ես կնստեմ կգրեմ, թող ուրիշները գովեն ինձ»:

Իսկականից որ: Էդպես էլ անում է: Սկսում է գրել: Ու… գրում է շատ վատ: Եվ քանի որ մինչ այդ իրեն մեծարողները զլանում են հիանալ նաեւ իր «քերթվածքներով», էս մեր շշմելու ամենագետի մտքով անգամ չի անցնում, թե իրոք հնարավոր է` վատ է գրում, այլ որոշում է, որ իրեն նախանձում են: Դե, թունոտվում է, մաղձոտում, մեկուսանում ու ապերախտ աշխարհի վրա չարացած` շարունակում է «քերթել» ու «քերթել»: Կարճ ասած, մի խելքը գլխին մարդ էլ է խելքը ետ տալիս:

Հիմա ասեմ, թե ինչու եմ հաճախ հիշում էս նովելը: Որովհետեւ եթե մեր շուրջը նայենք` ստիպված ենք շատ ափսոսանքով խոստովանել, որ մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, որոնք սեփական «աստվածատուր» ձիրքի մասին նույնքան անաչառ են դատում, որքան` ուրիշների: Եվ այս դեպքում կարեւոր չէ` մարդը ճաշակ ունի, իմացության անհրաժեշտ մակարդակ ունի, թե չունի: Իր դեպքում` էս ճաշակն ու իմացությունն անհետանում են օրը ցերեկով: Եվ եթե արվեստի-գրականության աշխարհում էս կարգի մարդիկ հիմնականում միայն իրենք իրենց են վնասում` դառնալով քմծիծաղի ու ծաղրի առարկա (ցավոք` հիմնականում թիկունքից), ապա քաղաքականության բնագավառում` սրանք կարող են չարիք դառնալ հասարակության գլխին:

Ու դառնում են: Սրա վատագույն օրինակները Հայաստանում բազմաթիվ են: Մարդը պատերազմի դաշտում հերոսաբար կռվել է: Երախտապարտ ենք: Փառք ու պատիվ իրեն: Եվ քանի որ հերոսաբար կռվել է, որոշել է, որ ինքը շատ լավ օրենսդիր կարող է լինել, չնայած` որեւէ գրավոր տեքստ գրելիս հարեւանին է հարցնում, թե «ճ» տառը ոնց է գրվում: Հանրահավաքների ժամանակ մարդն ամենաբարձրն է գոռացել` կորչի հանցագործ իշխանությունը, եւ որոշել է, որ հենց իշխանություն փոխվի` իրենից լավ նախարար դժվար թե գտնվի: Ո՞ր ոլորտի: Որը կուզեք` դուխով տղա է: Մարդը ճարտար լեզու ունի, կարող է լավ ելույթներ ունենալ` հոնքերը մի այլ ձեւի ծռմռելով, ուրեմն` ճամփա տվեք, յուղը վրան նախագահացու է:

Եվ եթե ասում ես` Մորուայի իմ շշմելու հերոս ջան, պատգամավոր դառնալու համար այլ արժանիքներ են պետք, դրա համար խորհրդարանում Կալաշնիկով ճոճելն առնվազն խելագարություն է, եթե ասում ես` ապրես, որ ամենաբարձրն ես գոռացել` կորչի հանցագործ իշխանությունը, բայց անհրաժեշտ իմացությունը մի կողմ` դու ոնց որ թե սկի քո շողքի հետ չես յոլա գնում, էդ ո՞նց ես մի ամբողջ կառույցի հետ լեզու գտնելու, եթե ասում ես` ճարտար լեզուն լավ բան է, բայց նախագահի պաշտոնը միայն հռետորական ձիրք չի պահանջում, դու ախր փոքրիկ բռնապետ ես, էդ աթոռը եթե վստահեն քեզ, էդ ի՞նչ հրաշագործ գավազանի օգնությամբ ես ժողովրդավար ու հանդուրժող դառնալու, ապա այնպիսի թշնամական ֆշշոցների ես բախվում, որ Մորուայի էս նովելի օրինակը քթներին էլ խփես` փրկություն չկա:

Ամեն դեպքում` փնտրեք ու գտեք Անդրե Մորուայի էս նովելը ու կարդացեք: Մարդ ես, էլի, եթե չօգնի էլ, գոնե կասեք` էս էլ կարդացինք:

Մեկ էլ «գրքի գողը գող չի»-ի ջատագով ընկերոջս խնդրում եմ` գիրքս ետ տուր: Ըստ իս` գրքի գողն էլ է գող, հատկապես՝ եթե գողանում է նրանից` ում համար գիրքը կահույքի մի մաս չէ: