21.12.2013 15:43

Սերժ Սարգսյանը որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ կմասնակցի իր իսկ դատավարությանը

Սերժ Սարգսյանը որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ կմասնակցի իր իսկ դատավարությանը
Կոլլաժը` Մարկ Անտոնյանի

Ինչպես հայտնի է,իշխանությունները քննարման են դրել «ՀայՌուսԳազԱրդի» Հայաստանի վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական Գազպրոմին վաճառելու մասին սկանդալային համաձայնագրերը: Դրանցից մեկում բավականին ստորացուցիչ պայմաններով Հայաստանը աննախադեպ արտոնություններ է տալիս արդեն վաճառված «ՀայՌուսԳազԱրդին»: Հաշվի առնելով այս հանգամանքը, iLur.am-ի քաղաքական հումորի բաժին է ստացվել մի առաջարկ, ըստ որի, Սերժ Սարգսյանին ու նրա թիմին՝ պաշտոնավարման ողջ ընթացքում գործած բոլոր հանցանքների համար դատել ճիշտ այն նույն պայմաններով, որով որ վաճառվեց «ՀայՌուսԳազԱրդը»:  

Կետ 1. Նոր իշխանությունների օրոք Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի դատապարտումը (իր իշխանության օրոք՝ դատական պրոցեսներին հատուկ բոլոր նորմատիվներին համապատասխան՝ ծեծ, նվաստացուցիչ պայմաններ բանտում եւ այլն) իրականացվում է ուղիղ դատավճռի ճանապարհով` առանց ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային բոլոր Կոնվենցիաներով պահանջվող որեւէ համաձայնեցումների, համաձայնությունների եւ թույլտվությունների ստացման անհրաժեշտության`այդ թվում կտտանքների եւ խոշտանգումների դեմ պայքարող մարմինների համաձայնեցումների: 

Կետ 2. Նոր իշխանությունները երաշխավորում են, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն դատավճռից բխող կամ սույն Դատավճռի հետ կապված ծագող հարցերի պարագայում ՝ դատավճռի հրապարակման ամսաթվի դրությամբ վճիռը ենթակա չէ փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների՝ առանց նոր իշխանությունների նախնական համաձայնության:

Կետ 3. Նոր իշխանությունը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և/կամ չեղյալ հայտարարի և/կամ այլ կերպ ոտնահարի սույն Վճռի հրապարակման ամսաթվի դրությամբ Հայաստանի շահերը (ներառյալ Հայաստանի ֆինանսական պարտավորությունների ավելացումը և/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի և/կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում):

Կետ 4. Սույն Վճիռը գործում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու հաջորդ իսկ օրվանից:

Կետ 5.Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի իրավական հարցերով ներկայացուցիչը իրավունք ունի որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ ներկա գտնվել դատական նիստերին՝ ստացված տեղեկատվության գաղտնապահությունը պահպանելու պայմանով: