23.12.2013 18:36

Լիզա Ճաղարյան. Ուղիղ հարցիս ակնկալում եմ ուղիղ պատասխան

Լիզա Ճաղարյան. Ուղիղ հարցիս ակնկալում եմ ուղիղ պատասխան
© Ֆոտոլուր

Ճիշտ է ասված, որ սատանային մանրուքների մեջ պետք է փնտրել: Իսկ «մանրուքը» սա էր. Ազգային ժողովի դարպասի մոտ հավաքված ցուցարարների մի որոշակի խումբ` ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի ելույթի ժամանակ սկսեցին բղավել. «Մանդատները վայր դրեք»: Եվ ոչ միայն: Սկսեցին նաեւ «որոտալ»` հիմա՛, հիմա՛, հիմա՛:

Կասեք` ի՞նչ կա որ, ստեղծված իրավիճակից ելքեր են փնտրում, եւ մարդիկ կան, որոնք ելքը դա են համարում: Ինչու՞ են այդքան շահագրգռված, որ Ազգային ժողովը դառնա միատարր, անձեւ, անբովանդակ մի խառնակույտ, որը ժամանակ առ ժամանակ հավաքվում է Սերժիկ Սարգսյանի դավաճանական քայլերը դակելու` սա այլ հարց է: Ինչու՞ են ուզում հասարակությանը զրկել այն միակ ամբիոնից, որտեղից հնարավոր է լսել ճշմարտությունը մի քանի տասնյակ ընդդիմադիրների բերանից` սա էլ մի այլ հարց է:

Բայց ենթադրենք` սրանք պահանջում էին լավագույն ելքը, եւ հենց ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեն իրենց մանդատներից, մի չլսված-չտեսնված հրաշքով ողջ հայ ժողովուրդը լցվելու է փողոցները ու մի զարկով տապալելու է ծախու իշխանություններին:

Առանց խորանալու ենթադրեցինք ու հասանք «մանրուք»-ին:

Ինչու՞ այս նույն պահանջները չհնչեցին նաեւ «Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ «Դաշնակցություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթների ժամանակ: Կարելի՞ է այս դեպքում հետեւություն անել, որ այս «պահանջատերերն» ուզում են, որ միայն Հայ ազգային կոնգրես խմբակցությունը վայր դնի մանդատները, եւ այն էլ` միայն այն հինգ պատգամավորները, որոնք այսօր փաստացի ներկայացնում են այս խմբակցությունը:

Առանց խղճի խայթի` կարելի է նման հետեւություն անել:  Այս դեպքում էլ երկու տարբերակ մնաց ասպարեզում: Կամ` այս մարդիկ միայն Կոնգրեսին են ընդդիմադիր ուժ համարում, եւ իրենց հետագա պայքարի միակ հույսը Կոնգրեսն է, մնացածներից սպասելիքներ չունեն, կամ էլ` այս մարդիկ հենց այն սադրիչներն են, որոնք հանցագործ իշխանության դեմ պայքարելու փոխարեն` ամենաճղճիմ մեթոդներով հարվածում են Կոնգրեսին:

Դուք ո՛ր տարբերակը կցանկանաք` ընտրեք: Իմ խորին համոզմամբ` սրանք սադրիչներ են, եւ թե ում կողմից են առաքված` Սերժիկ Սարգսյանի, թե այլ «աբիժնիկների», ինձ համար բացարձակապես միեւնույն է: Որովհետեւ տարբերությունն աննշան է:

Եթե որեւէ մեկը կցանկանա հակաճառել իմ այս պնդմանը, պարտավոր է նախ` պատասխանել վերեւում տրված հարցիս: Չեմ զլանա` կկրկնեմ. « Ինչու՞ «մանդատները վայր դրեք» եւ «հիմա, հիմա, հիմա» պահանջները  չհնչեցին նաեւ «Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ «Դաշնակցություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթների ժամանակ, այլ հնչեցին միայն Հայ ազգային կոնգրես խմբակցության ԱԺ պատգամավոր Լեւոնի Զուրաբյանի ելույթի ժամանակ»:

Առանց այս հարցին պատասխանելու` մնացած բոլոր հակաճառությունները համարում եմ քամու տատանում:

Այսքանը: