25.12.2013 19:00

Պայքար ոչ թե հետեւանքի, այլ պատճառի դեմ

Պայքար ոչ թե հետեւանքի, այլ պատճառի դեմ

Երբ որեւէ մեկը հակադարձում է որեւէ մտքի կամ փաստի, թերեւս, պետք է նախ ուշադրություն դարձնել, թե այդ մեկն ինչին ինչպես է արձագանքում. արդյո՞ք նա ազնիվ մղումներով չի տեսնում փաստերը, թե՞ միտումնավոր խեղաթյուրում է դրանք: Եթե գործ ունենք երկրորդ դեպքի հետ, ապա այստեղ փաստերն անզոր են: Առաջիններին դեռ կարելի է ինչ-որ բան բացատրել:  

Մարդիկ, օրինակ, կարող են վիճել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք տիեզերքում մենք մենակ ենք, թե՞ մեզանից բացի կան նաեւ այլ քաղաքակրթություններ: Սա այն հարցն է, որտեղ անգամ գիտությունը վերջական ու միասնական տեսակետ չունի: Բայց եթե որեւէ մեկը վիճի այն հարցի շուրջ, թե արդյո՞ք հնարավոր է, որ երկրագունդը կլոր չէ, ապա այդ մարդուն երկրագնդի կլորությունն ապացուցելը կարելի է ժամանակի անիմաստ կորուստ համարել, քանի որ այս հարցում գործ ունենք ոչ թե տրամաբանության, այլ փաստերը միտումնավոր չտեսնելու ցանկության հետ:

Եթե տվյալ անձը իրապես ցանկություն ունենար ստանալ իր հարցի պատասխանը, ապա առանց մեզ էլ այդ պատասխանն արդեն ստացած կլիներ: Ուրեմն, եթե 21-րդ դարում մարդը  պնդի, թե երկրագունդը ոչ թե կլոր է, այլ քառակուսի, նշանակում է, որ մարդն ուղղակի ցանկություն չունի հաշտվել առկա փաստի հետ: Նա, անշուշտ, կարող է ասել՝ մենք ի՞նչ գիտեք, որ կլորը՝  կլորն է, իսկ  քառակուսին՝ քառակուսի, եւ արդյո՞ք այն, ինչ մենք կլոր ենք անվանում, դա հենց քառակուսին չէ, եւ քառակուսին՝ կլոր: Բայց դրանից խնդիրը չի փոխվի, քանի որ աշխարհը վաղուց եկել է համաձայնության այն հարցնում, որ այն, ինչ մենք պայմանականորեն կլոր ենք անվանում՝ դա հենց կլորն է, իսկ քառակուսին՝ քառակուսի: Քանի դեռ այն, ինչ մենք կլոր ենք համարում, աշխարհում ընդունված է պայմանականորեն անվանել կլոր եւ ոչ թե քառակուսի, նշանակում է՝ երկրագունդը քառակուսի չէ:

Նույն դիտարկումը կարելի է շատ հանգիստ պրոյեկտել քաղաքական դաշտի վրա:

Ցանկացած պնդում, տեսակետ ու կարծիք, անգամ՝ ամենաաբսուրդային, կյանքի իրավունք ունի, անշուշտ, եթե այն կասկածի տակ է առնում այն, ինչը դեռ վերջնական ապացուցված փաստ չէ: Խնդիրը սկսվում է այնտեղ, երբ փաստին փորձ է արվում հակադարձել, կամ փաստը կասկածի տակ դնել ոչ թե փաստարկով, այլ ուղղակի սեփական «հասկացածով» կամ «կարծածով», կամ՝ երբ մարդը կասկածի տակ է դնում փաստը՝ ի սկզբանե (միտումնավոր, կամ անգիտակցաբար) սխալ եզրակացություն անելով փաստից:

Դիցուք՝ նախագահ Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն ու դրա արձագանքները: Ի դեպ, այն, ինչ այժմ կներկայացնենք, շատ հանգիստ կարելի է պրոյեկտել նաեւ Տեր-Պետրոսյանի բոլոր նախորդ ելույթների եւ դրանց արձագանքների վրա:

Իր վերջին ելույթում Տեր-Պետրոսյանը մի քանի հստակ մեսիջներ է հղում հասարակությանը, քաղաքական ուժերին եւ մի քանի փաստեր ներկայացնում:

Ա. Ինչո՞ւ Հայաստանում մայդան տեղի չունեցավ:

ա1. ի՞նչ պատմական հանգամանքներ են նպաստել դրան, ի՞նչ է տեղի ունեցել մեր օրերում, ինչն էլ ավելի շատ յուղ է լցրել կրակին:

ա2. այդուհանդերձ, հատկապես ովքե՞ր պետք է գոնե փորձ անեին կայացնել այդ Մայդանը:

Բ. Ո՞րն է Կոնգրեսի հիմնական անելիքը:

Գ. Թիրախների ճիշտ ընտրություն (կամ այդ ընտրության՝ արդեն հազարերորդ անգամ հիշեցում բոլոր նրանց համար, ովքեր պարբերաբար համառորեն խառնում են թիրախները):

Փաստ

Պատմական իրողությունները  շարադրված են պարզ ու չեզոք՝ առանց այդ իրողությունների արդյունքում ձեւավորված հանգամանքները քննադատելու կամ դրվատելու:

Ներկայիս իրողությունները շարադրելիս անգամ, չնայած կան վերաբերմունք ցույց տալու բոլոր հիմքերը, այդուհանդերձ, նախագահ Տեր-Պետրոսյանը «ընդամենը փաստեր է արձանագրում»: Սա հատկապես վերաբերում է 2008-ից հետո Հայաստանում Արեւմուտքի վարած քաղաքականության պարզ արձանագրմանը:

Տեսեք՝ նախագահն ասում է. «Արեւմուտքը, բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներով, ոչ միայն չնկատելու տվեց համաժողովրդական այդ ընդվզումը, այլեւ անվերապահորեն թիկունք կանգնելով տասը զոհերի եւ հարյուրավոր քաղբանտարկյալների գնով իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանին ու նրա ավազակախմբին, աչք փակեց ինչպես այդ, այնպես էլ նրանց բազմաթիվ այլ հանցագործությունների վրա: Ավելին, վեց տարի շարունակ չզլացավ նաեւ գովեստներ շռայլել Սերժ Սարգսյանի հասցեին՝ նրան կոչելով հայ ժողովրդին արժանի առաջնորդ ու հրաշալի նախագահ, դրանով ամրապնդելով նրա հանցավոր իշխանությունը եւ ճանապարհ հարթելով բոլոր հաջորդ ընտրությունների կեղծման եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետագա ոտնահարման համար»։

Եթե սա համարեք ոչ թե փաստերի արձանագրում, այլ հակաարեւմտյան կամ պրոռուսական ելույթ, ինչը փորձ է արվում շրջանառել (կամ մեսիջ՝ ուղղված Ռուսաստանին), ապա նշանակում է՝ կասծակի տակ դնել Տեր-Պետրոսյանի կողմից հիշատակված արձանագրումների իսկությունը: Օրինակ՝ կասկածի տակ դնել, որ Արեւմուտը չնկատելու է տվել Համաժողովրդական շարժումը, կամ՝ որ Սերժ Սարգսյանը իշխանությունը բռնազավթել է՝ ընդհանրապես, եւ տասը զոհի եւ հարյուրավոր քաղբանտարկյալների գնով՝ մասնավորապես, կամ որ՝ Արեւմուտքը աչք է փակել այս եւ այլ հանցագործությունների վրա եւ աջակցել է Սարգսյանին: Եթե այս արձանագրումները կասկածի տակ են դրվում, ուրեմն՝ պետք է բերել հակառակն ապացուցող հակափաստարկներ: Օրինակ՝ որ Արեւմուտքը օգնել է Համաժողովրդական շարժմանը (համեմատել Մայդանին ցուցաբերվող օգնության հետ), կամ՝ որ Սերժ Սարգսյանը չի բռնազավթել իշխանությունը, կամ՝ որ Արեւմուտքը աչք չի փակել Սարգսյանի եւ նրա իշխանության գործած հանցանքների վրա, կամ՝ որ Արեւմուտքը չի աջակցել Սարգսյանին: Բայց այդ պարագայում պետք է ներկայացնել ոչ թե կարծիքներ, այլ փաստեր: Ներկայացված փաստը կարելի է հերքել բացառապես մեկ այլ փաստով, որը եթե իրերի դրությունը բնորոշող իրական, ճշմարտագույն փաստն է, ապա, բնականաբար, դուրս է մղում նախորդ «փաստին»:

Երկիրը կլոր է: Դա ապացուցված փաստ է: Եթե, դիցուք, մի օր ապացուցվի, որ երկիրը կլոր չէ, ապա «երկիրը կլոր է» պնդումն այլեւս կդադարի փաստ լինել: Փաստ կարող է լինել միայն այն, որ երկիրը կլոր չէ: Որեւէ իրավիճակ նկարագրելիս հնարավոր չէ երկու իրար հակասող տեսակետներ համարել նույն իրավիճակը բնութագրող հավասարազոր փաստեր, քանի որ կա՛մ դրանք զուտ սովորական տեսակետներ են, կա՛մ դրանցից մեկն է ապացուցված փաստ:

Քանի դեռ մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը բռնազավթել է իշխանությունը, եւ Արեւմուտքը ոչ միայն դրա վրա աչք է փակել, այլեւ աջակցել է՝ դա փաստ է: Քանի դեռ չկան այս փաստերը հերքող հակափաստարկներ: Որեւէ մեկն առայսօր չի ներկայացրել այնպիսի փաստեր, որոնք կապացուցեին հակառակը: Հետեւաբար, ժամանակագրական առումով կատարված իրադարձությունների այս թվարկումն ընդամենը փաստերի արձանագրում էր: Դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ: Եւ հետեւաբար, ովքեր նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթից, միտումնավոր կամ անգիտակցաբար, եզրակացրել են, թե նա ռուսամետ կամ հակաարեւմտյան ելույթ է ունեցել, եւ ավելին, իբր դրանով մեսիջներ է հղել Ռուսաստանի իշխանություններին, եւ դրանից էլ սխալ եզրահանգումներ են անում, խեղաթյուրում են նախագահի խոսքերը:

Տեր-Պետրոսյանն ասում է. «Արեւմուտքն, ըստ այդմ, Հայաստանում հնձեց այն, ինչ ցանեց, եւ թող ուրիշ մեղավոր չփնտրի»։

Ի հեճուկս տրամաբանության դեմ մարտնչող չճշտի վերջին ասպետների՝ սա եւս փաստի արձանագրում է: Նախագահ Տեր-Պետրոսյանը արձանագրել է փաստեր, որից տրամաբանորեն բխում է արդեն սույն եզրակացությունը: Եթե չկան նախորդ արձանագրումները հերքող հակափաստարկներ, ուրեմն՝ նախագահի այս եզրահանգումն էլ ընդամենը փաստի արձանագրում է:

Մայդան

Մյուս կարեւոր կետը պոտենցիալ Մայդանը պոտենցիալ կայացնողներին է ուղղված: Այստեղ էլ նրա խոսքերը խեղաթյուրվել են, եւ ներկայացվում են որպես մեղադրանք «արեւմտյան արժեքների համար պայքարողներին» եւ հատկապես՝ քաղաքացիական ակտիվիստներին: Այստեղ, սակայն, մի քանի սխալ եզրահանգումներ խառնվել են իրար:

Նախ՝ նախագահը երբ ասում է՝ «հարգարժան արեւմտամետները պետք է բարի լինեն, լրատվամիջոցներով դատարկաբանելու փոխարեն, օր առաջ կայացնել այդ մայդանը», ակնհայտորեն նկատի ունի ոչ թե քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար, այլ այն քաղաքական գործիչներին, ովքեր 2008-ից որոշ ժամանակ անց իրենց հռչակել են արեւմտամետ ու այդ քողի ներքո լծվել են «դեպի Եվրամիություն սլացող» Սերժ Սարգսյանի պաշտպանությանն ու պայքար սկսել Սերժ Սարգսյանին վտանգ ներկայացնող ուժերի դեմ՝ այդ գործիչներին հռչակելով որպես ռուսամետներ:

Հենց այդ գործիչներն են, որ փորձել են ցանկացած գնով պառակտել քաղաքական դաշտը, այն բաժանել արեւմտամետների ու ռուսամետների, Սերժ Սարգսյանին դե ֆակտո ցուցաբերած աջակցությունը ներկայացնել որպես աջակցություն ոչ թե անձամբ Սերժ Սարգսյանին, այլ նրա քաղաքական կուրսին:

Եւ եթե նրանց աջակցությունը Սարգսյանի «քաղաքական կուրսին» իսկապես անկեղծ էր եւ ուղղված չէր Սարգսյանի անձի պաշտպանությանը, ապա այդ մարդիկ, այո, պետք է սեպտեմբերի 3-ին հենց նախաձեռնեին Մայդանի ձեւավորումը՝ ինչպես որ դա եղավ Ուկրաինայում: Իսկ սլաքների միտումնավոր ուղղումը քաղաքացիական ակտիվիստների, հատկապես՝ երիտասարդների դեմ, մեղմ ասած՝ անկեղծ չէ, իսկ իրականում ամենասովորական շանտղություն է:

Ո՞րն է անելիքը:

Նախագահ Տեր-Պետրոսյանը հստակ շեշտեց այն, ինչ ասել է վերջին մի քանի տարիների ընթացքում: Ի դեպ, նա իր որեւէ ելույթում նշված ուղեգծից երբեք էլ չի շեղվել: Նա հստակ նշեց, որ «մերժելի է թե՛, այսպես կոչված, արեւմտամետների մոտեցումը, որը բացարձակապես չի ձգտում հաշվի նստել նշված գործոնի հետ, եւ թե՛ զորիբալայանական տիպի ռուսամետների գյուլիստանյան փիլիսոփայությունը, որը, անկախ կոնկրետ քաղաքական նկատառումներից կամ ի հեճուկս այդ նկատառումների, ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային անկարողության (իմպոտենցիայի) խոստովանություն»։ Մինչ այդ էլ Տեր-Պետրոսյանը բազմիցս շեշտել է, որ ռեալ պոլիտիկում ընդունելի չէ ոչ հակառուսականությունը, ոչ հակարեւմտամետությունը: Ուղեգիծը հայաստանակենտրոնությունն է, ինչը նշանակում է, որ բոլոր քայլերի դրդապատճառը պետք է լինի միայն ու միայն Հայաստանի պետական շահը: Ու քանի որ քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ, պետք է բոլոր գործողությունները բխեցնել հենց այս կետից: Ասել կուզի՝ պետք է հաշվի առնել բոլոր պատմական, աշխարհաքաղաքական, տնտեսական, նույնիսկ հոգեբանական իրողությունները, ցանկացած լուծման գնալիս կարեւորել միայն Հայաստանի շահը, եւ չպայմանավորել քաղաքական քայլերը՝ ոմանց համար դոգմատիկ դարձած՝ «սրանք մեր հավերժ բարեկամներն են, իսկ սրանք՝ մեր հավերժ թշնամիները» տեսակետներով:

Պատճա՞ռ, թե՞ հետեւանք

Տեր-Պետրոսյանը բառացիորեն ասում է. «Հայ Ազգային Կոնգրեսի օրակարգը բոլորովին ուրիշ է, այն է՝ պայքարել ոչ թե կատարված փաստի, այլ երկիրը ներկայիս խայտառակ վիճակին հասցրած իշխանության դեմ»։ Սրանից պարզ բացատրելն արդեն լուրջ էլ չէ եւ թերեւս կնշանակի միտքը ծամել ու դնել այլոց բերանը: Բայց քանի որ հայաստանյան քաղաքական, վերլուծական միտքը, դյուրամարս մտքերին սովորած լինելով՝ բարդ մտքերը դժվարությամբ կամ ընդհանրապես չի կարողանում մարսել, ապա այդ ոչ ցանկալի գործն, այդուհանդերձ, անենք՝ մի վերջին անգամ: Նախագահը հստակ նշում է, որ պետք է պայքարել ոչ թե հետեւանքների, այլ՝ պատճառների դեմ: Հետեւանքների դեմ պայքարը ժամանակի գրեթե անիմաստ կորուստ է, քանի որ մինչ դու պայքարես մի հետեւանքի դեմ, պատճառը կծնի նորանոր հետեւանքներ: Հետեւանքը (այս եւ այլ) վերացնելու համար պետք է վերացնել պատճառը: Քանի դեռ հայաստանյան քաղաքական, քաղաքագիտական միտքը ի զորու չէ հստակ տարանջատել պատճառներն ու հետեւանքները, քաղաքական դաշտում ստեղծված շիլաշփոթը շարունակվելու է:

Պատճառն անտեսելով՝ հետեւանքի դեմ պայքարելը կարող է տեղի ունենալ մի քանի պատճառներով:

Ա. մարդն ուղղակի ի զորու չէ տեսնել խնդրի պատճառը: Դա կարող է տեղի ունենալ օբյեկտիվորեն: Մարդն ուղղակի չի կարող տեսնել խնդրի արմատները, ու վերջ: Նրան կարելի է ցույց տալ պատճառները:

Բ. մարդը չի ցանկանում տեսնել պատճառը: Սա արդեն միտումնավոր վարքագիծ է: Այս տեսակի մարդկանց որեւէ բան բացատրելը անիմաստ է այն պարզ պատճառով, որ նրանք բոլորից լավ գիտեն ճշմարտությունը:

Այստեղ թիրախում կարող են լինել միայն նրանք, ովքեր չեն կարող տարբերակել պատճառն ու հետեւանքը: Ի վերջո, Հայաստանում կարելի է գտնել մի քանի Վարդանուշ տատիկների, ովքեր անկեղծ կկարծեն, թե թաղապետերը կամ նախարարները Սերժ Սարգսյանից թաքուն թալանում են բյուջեն, եւ որ եթե վերջինիս բաց նամակ գրեն, Սարգսյանը կիմանա, թե ինչ է տեղի ունենում երկրում եւ կլուծի բոլորի հարցերը:

Եւ վերջապես

Շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը: Մեսիջ՝ հանրությանը, քաղաքական ուժերին, բոլորին, բոլորին, բոլորին: Ով աչք ունի՝ կտեսնի:

Քրիստինե Խանումյան