26.12.2013 14:05

Պայքար ոչ թե հետեւանքի, այլ պատճառի դեմ. Մաս 2. Ինչո՞ւ Արեւմուտքը

Պայքար ոչ թե հետեւանքի, այլ պատճառի դեմ. Մաս 2. Ինչո՞ւ Արեւմուտքը

Սկիզբը

Նախորդ հոդվածում արդեն անդրադարձանք նախագահ Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի սխալ, իսկ ավելի կոնկրետ՝ (միտումնավոր կամ անգիտակցաբար արված) թյուր մեկնաբանություններին:

Սակայն թյուր մեկնաբանությունները չէին սահմանափակվում նրանով  միայն, թե նախագահը հակաարեւմտամետ եւ/կամ պրոռուսական ելույթ է ունեցել`այդպիսով աջակցություն ակնկալող մեսիջներ հղելով ռուսաստանյան իշխանություններին:

Այսպես կոչված՝ մեղադրանքների մեխերից մեկն էլ այն էր, թե ինչո՞ւ է նախագահը «քննադատում» Արեւմուտքին եւ, միաժամանակ, նույն «քննադատական» սլաքը չի ուղղում Ռուսաստանի դեմ:

Այն, որ ելույթն իր բնույթով ու կառուցվածքով ոչ թե քննադատություն էր՝ ինչ- որ մեկի դեմ ուղղված, կամ դրվատանքի խոսք՝ մյուսին, այլ ընդամենը փաստերի պարզ արձանագրություն, այս մասին արդեն խոսել ենք:

Այդուհանդերձ, փորձենք հասկանալ, թե ո՞րն է պատճառը, որ Տեր-Պետրոսյանը խոսում է հենց այն մասին, թե ինչպիսի վարքագիծ դրսեւորեց հենց Արեւմուտքը` 2008-ին եւ դրանից հետո:

Ինչու Արեւմուտքը

Որքան էլ որ հայ ժամանակակից ինքնահռչակ արեւմտամետ քաղաքական եւ քաղաքագիտական միտքը փորձի համահավասարեցնել արտաքին գործոնների դերը աշխարհում՝ ընդհանրապես, եւ Հայաստանում՝ մասնավորապես, փաստ է, որ տարբեր ուժային եւ քաղաքական կենտրոններ ՏԱՐԲԵՐ ներկայություն եւ ազդեցություն ունեն` ՏԱՐԲԵՐ տարածաշրջաններում, եւ նրանց ոչ միայն դերակատարությունը, այլեւ ներկայության ու դերակատարության հիմնավորումը տարբեր է: Եւ հետեւաբար, որքան էլ որ դա ցավալի կամ ոչ ցանկալի լինի, իրականությունը ցանկալիի տեղ մատուցանելը առնվազն քաղաքական մանկամտություն է: Կամ՝ իրողությունների միտումնավոր խեղաթյուրում:    

Արեւմուտքն իր ներկայությունը այս կամ այն տարածաշրջանում, առաջին հերթին, պայմանավորում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների քողով: Սա այն է, ինչ մատուցվում է հրապարակայնորեն, եւ հենց դրանից էլ պետք է բխեցնել այդ երկրների իրական վարքագծի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը. արդյո՞ք հրապարակայինը համապատասխանում է կուլիսայինին, եւ արդյո՞ք այն, ինչ հռչակվում է, իրականացվում է:

Ի տարբերություն Արեւմուտքի՝ ռուսական ներկայությունը այս կամ այն տարածաշրջանում ներկայացվում է ոչ թե ժողովրդավարության, այլ անվտանգության քողի կամ դրոշի ներքո: Ասել է թե` նրանց երկուսի վարքը պետք է դիտարկել առանձին հարթություններում` ամեն մեկին այն դրոշի տակ, որն ինքն էլ հռչակել է:

Քաղաքականության մեջ, ընդհանրապես, կան չգրված կանոններ, որոնք գործում են շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ, եւ այն քաղաքական գործիչները եւ առաջնորդները՝ մասնավորապես, ովքեր երկիրը ղեկավարելիս հաշվի չեն առնում այդ չգրված կանոնները, ի վերջո կանգնում են տխուր փաստի առաջ:

ա. Հարավկովկասյան տարածաշրջանում օրինակ` չգրված կանոններից մեկն այն է, որ այդ տարածաշրջանն ավանդաբար համարվում է ռուսական ազդեցության գոտի: Լա՞վ է սա, թե՞ վատ, ուզե՞նք, թե՞ չուզենք, զզվենք այդ իրողությունից, թե ոչ, չնկատելու տանք սա, թե ոչ`էական չէ:  (Սրա պատմական հիմքերին նախագահն իր ելույթում մանրամասն անդրադարձել է):

Էականն այն է, որ սա փաստ է, ինչը պետք է հաշվի առնել: (Անգամ այն դեպքում, եթե մի օր որոշես պատերազմ հայտարարել Ռուսաստանին):   Որովհետեւ սա փաստ է, որի հետ հաշվի են նստում նաեւ բոլորը: Դիցուք` նույն Եվրոպան, երբ հարավկովկասյան երկրների հետ սկսում էր աննախադեպ մերձեցման գործընթացը, ակնհայտորեն հաշվի էր առնում, որ մտնում է ռուսական ազդեցության գոտի: Ավելին, հենց այս գոտու հանգամանքն էլ վերջինիս դրդել է մտնել այստեղ` այս ձեւաչափով: Բայց ամբողջ խնդիրը հետեւանքների մեջ է: Իսկ ի՞նչ կլիներ, եթե Ռուսաստանը դադարեր անտարբեր լինել` հատուկ իր համար նախատեսված այս սիրախաղին եւ քայլեր ձեռնարկեր: Իսկ կլիներ այն, ինչ եղավ. Եվրոպայի մատույցներին հասած Սերժ Սարգսյանը քաղաքական կտրուկ շրջադարձ կատարեց, ու պարզվեց, որ Հայաստանը գնում է դեպի Մոսկվա եւ դառնում է Մաքսային միության անդամ: Եւ ի՞նչ եղավ հետո: Եղավ այն, որ արդյունքում Հայաստանը հայտնվեց է՛լ ավելի վատ վիճակում, իսկ Արեւմուտքը, հավատարիմ մնալով չգրված կանոններին` չգնաց բացահայտ առճակատման, եւ որոշակիորեն հետքայլ կատարեց:

Մեր բակի տղաները սա այսպես կնկարագրեին. Արեւմուտքը եկավ էս թաղը, մի քիչ բզբզաց, որպեսզի ինքը դառնա թաղի լիդերը, բայց երբ թաղի գործող  լիդերը սկսեց ճնշել իր ազդեցության տակից դուրս գալ ցանկացող տղերքին, որեւէ կերպ չմիջամտեց (չնայած՝ սա, ի դեպ, շատ լավ հնարավորություն էր Արեւմուտքի համար, որպեսզի ցույց տար, թե իրապես կարող է պաշտպանել նրանց, ովքեր ցանկանում են դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց) եւ ուղղակի հետ գնաց իրենց թաղը: Արդյունքում՝ տուժեցին թաղի հասարակ տղաները, իսկ երկու լիդերները այլ` ավելի լուրջ հարցերում պայմանավորվածությունների գալու առիթներ ունեցան:

Հաշվարկիր սա 

Եթե որեւէ մեկը որոշում է իր բակում մանրածախ առեւտրի կետ բացել, ապա նա առնվազն պարտավոր է մանրակրկիտ հաշվարկ անել` եթե սա անի` ի՞նչ կշահի եւ ի՞նչ կորուստներ կունենա, եւ հակառակը: Եթե հաշվարկ չի արվում, ապա միայն հրաշքը կարող է փրկել սնանկացումից:

Սա նույնքան պարզ բան է, որքան 2x2=4-ը:

Անշուշտ, այս փաստի արձանագրումն էլ ինքնահռչակ արեւմտամետները կարող են համարել պրոռուսական գծի քարոզչություն, բայց ինչպես ասում են` հասկացողին մին ասա, չհասկացողին` հազար ու մին:

Եւ ուրեմն, որեւէ իշխանություն, որը մտնում է նման գործընթացի մեջ` ՊԱՐՏԱՎՈՐ էր հաշվարկել այս հարցում բոլոր պլյուսներն ու մինուսները:

Անշուշտ, շատերին կարող է դուր չգալ, որ ձմռանը Հայաստանում ձյուն է գալիս ու ցուրտ է լինում, բայց դա ամենեւին չի նշանակում, որ չպետք է պատրաստվել ձմռանը, հոգալ վառարանի ու տաք հագուստի մասին: Իսկ այն, ինչ արեցին ՀՀ իշխանությունները 2008-ից հետո (ԵՄ-ի հետ աննախադեպ «մեղրամիս», ես կասեի՝ «մեղրատարիներ»), որն ավարտվեց 2013-ի սեպտեմբերի 3-ով (Մաքսային միություն մտնելու հայտարարությամբ), ըստ էության՝ նման էր ձմեռը կամուֆլյաժե բիկինիով դիմավորելու փորձի: Վանո Սիրադեղյանի ակաջը կանչի:

Եւ ուրեմն, նախագահը ոչ թե դրվատում է Ռուսաստանին կամ քննադատում Արեւմուտքը,՝ որպես այդպիսին, այլ արձանագրում է, որ առկա իրողությունները ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՎԵԼ:

Հարցեր

ա1. Առանց որեւէ էմոցիաների փորձենք հասկանալ` ինչո՞ւ հենց 2008-ից հետո Արեւմուտքը սկսեց աննախադեպ տեմպերով մերձենալ Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանի իշխանությունների հետ:

Հարց` ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ հենց ամենաաննախադեպ կեղծված ընտրություններից հետո, ինչո՞ւ հենց ամենթույլ, ամենախոցելի եւ ամենավերահսկելի իշխանությունների հետ: Հարց` ի՞նչ կարող էին տալ այդ իշխանությունները, որը չէր տա որեւէ այլ, նույնիսկ՝ չնչին չափով պակաս խոցելի իշխանություն:  

ա2. Արդյո՞ք Արեւմուտքը կարող էր այլ ազդեցություն ունենալ հայաստանյան ներքաղաքակա դաշտում, եւ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կարող էին մարտիմեկյան իրադարձություններից հետո այսքան երկար մնալ իշխանության, եթե չլիներ Արեւմուտքի աջակցությունը:

Ի դեպ, հաճախ արեւմտամետները կրկնում են, որ եթե չլիներ Արեւմուտքը, Հայաստանի իշխանությունները ավելի մեծաթիվ վայրագություններ կանեին, քան արել են այս ամբողջ ընթացքում:

Նրանց պնդումները. Արեւմուտքը ճնշումներ է գործադրել` քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտիմեկյան սպանդի բացահայտման, ինչպես նաեւ`ընտրական բարեփոխումների հարցերում:

Իրականություն` Սերժ Սարգսյանի իշխանության ավելի քան  5 տարիների ընթացքում միայն մի քանի ամիս բանտերում չեն պահվել քաղբանտարկյալներ, մարտիմեկյան սպանդը այդպես էլ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ չի բացահայտվել, ընտրակեղծարար մեքենան կատարելագործվել է ոսկերչական ճշգրտությամբ, զուգահեռաբար, սակայն, ընտրությունների վերաբերյալ Արեւմուտքից հնչող գնահատականները գնալով ավելի դրական բնույթ են ստացել:

Ավելին, առաջին անգամ ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմության մեջ` 2012-ի ՀՀ ԱԺ ընտրությունները ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի շուրթերով անվանվել են անկախ Հայաստանի պատմության ընթացքում անցկացված լավագույն ընտրությունները, իսկ Երեւան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին անվանել է հրաշալի առաջնորդ:

Այսպիսով. կա՛մ մենք պետք է ընդունենք այն փաստը, որ Սարգսյանի օրոք հիանալի ընտրություններ են անցկացվել, եւ Սարգսյանն ինքն էլ հրաշալի առաջնորդ է, կա՛մ էլ պետք է ընդունենք, որ Արեւմուտքը, մեղմ ասած, իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տվել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ:

Ինչպես ասում են` երկու երնեկ մի տեղ չի լինում: Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը: Եւ ուրեմն, ինչո՞ւ այսպես եղավ:  

Սուբյեկտիվիզմից խուսափելու համար հարցերն անպատասխան կթողնենք` ընթերցողներին թողնելով պատասխանների շուրջ մտորելու եւ դրանք գտնելու գործը:

բ. Ինչո՞ւ հենց Արեւմուտքը:

Չնայած Տեր-Պետրոսյանն իր ելույթում ընդամենը փաստեր է արձանագրել, շատերը, այդուհանդերձ, չեն կարողացել զերծ մնալ «ինչո՞ւ հենց Արեւմուտքին է հիշատակել» ոճով արձագանքելու գայթակղությունից:

Հարց` բա էլ ո՞ւմ:

Արեւմուտքն, ինչպես արդեն նշեցինք, ինքն, ըստ էության, իրեն հռչակել է մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների ջատագովն աշխարհում: Եթե Արեւմուտքը հավակնել է այս պատվավոր եւ միաժամանակ` պատասխանատու դերին, ուրեմն, պետք է բարի լինի իր գործողություններում առաջնորդվել եւ համապատասխանել այն չափանիշներին, որոնք հռչակել է որպես գերակա:

Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության կոպտագույն ոտնահարման հազարավոր փաստերի վրա աչք կարող են փակել շատերը, այդ թվում` Մոնղոլիան եւ Տանզանիան: Բայց այդ երկրները աշխարհում ժողովրդավարական արժեքների տարածման ֆլագման չեն հռչակել իրենց եւ, հետեւաբար, քննարկման առարկա չեն կարող դառնալ: Քննարկման առարկա պետք է դառնան հենց այն կենտրոնները կամ երկրները, որոնք իրենց հռչակել են ժողովրդավարական արժեքների միսիոներներ:

Ռուսաստանն, ի տարբերություն եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի, երբեք էլ իրեն չի հռչակել աշխարհում ժողովրդավարական արժեքների տարածման ջատագովն ու առաջամարտիկը: Ով իրեն այդպիսին հռչակել է, նա էլ պետք է շիտակ պատասխան տա` այդ ուղուց շեղվել-չշեղվելու համար: Սա տրամաբանական է:

Վերջաբան

Ամփոփենք: Նախագահ Տեր-Պետրոսյանն իր ելույթում ժամանակագրական առումով ընդամենը արձանագրեց փաստերը, որոնք այդպես էլ չեն հերքվել: Հնչել են, անշուշտ, մեկնաբանություններ, որոնք, սակայն, ոչ թե փաստարկված հերքումներ են եղել, այլ` Տեր-Պետրոսյանի ելույթի սեփական մեկնություններն ու այդ մեկնությունների հիման վրա արված թյուր եզրահանգումները: Նախագահի կողմից բերված փաստերը, հնարավոր է` շատերին դուր չեկան, քանի որ ընկալվել են որպես Արեւմուտքին ուղղված քննադատություն:

Նախագահի ելույթն իրականում ոչ թե Արեւմուտքին ուղղված քննադատություն էր կամ ռուսական կողմին հղված հաճոյախոսություն, այլ ընդամենը `ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին հիշեցում Արեւմուտքին` նորից փաստերի արձանագրման տեսքով, եւ իրողությունների արձանագրում, որոնք հաշվի չեն առնվել:

Եւ վերջապես, Տեր-Պետրոսյանն իր ելույթով վերահաստատեց, որ Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի խնդիրները Հայաստանի ներսում լուծելու ռազմավարության ջատագովն է եւ հենց այդ ուղենիշով էլ առաջնորդվելու է: Դրսից տղաներ չեն բերվելու:

Բայց նաեւ` չնայած Կոնգրեսի կողմից տղաներ չեն բերվելու, սակայն դրսից եկած տղաների վարքն արձանագրվելու եւ բարձրաձայնվելու է: Առանց էմոցիաների, լուտանքների, հայհոյանքների ու այլեւայլ զգայական դրսեւորումների: Ուղղակի արձանագրվելու է: Անկախ այն հանգամանքից, թե ում դա կարող է դուր գալ, ում` ոչ:

Եւ չմոռանանք ամենաէական մեսիջը, որն, ըստ էության, կարող էր հնչել անգամ առանց նախաբանի, նաեւ՝ որպես առանձին պոստուլատ (ինչ-որ տեղ` посул՝ խոստում). «Շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը»: Կա՞ մարդ, որ դեռ չի ընկալել, թե ինչ է նշանակում այս ուղերձը:  

 

Քրիստինե Խանումյան