26.12.2013 19:34

Լիզա Ճաղարյան. Ասում եմ` չե՞ք տեսնում, թե «էսինչ քարվան կտրելու գիշեր է»

Լիզա Ճաղարյան. Ասում եմ` չե՞ք տեսնում, թե «էսինչ քարվան կտրելու գիշեր է»

Երեկ «Էպիկենտրոն»-ի հյուրը Հրանտ Բագրատյանն էր:

Մինչ այս հարցազրույցին անդրադարձս` մի քիչ հետ գնամ ու հասնեմ վերջին ՀՀ նախագահական ընտրություններ: Ես ոչ մեկի չեմ ընտրել, ինչը նշանակում է` չեմ ընտրել նաեւ Հրանտ Բագրատյանին: «Ինչու»-ները շատ են, որոնցից մի քանիսը բարոյական հարթությունում են գտնվում, իսկ գլխավոր «ինչու»-ն այն էր, որ ողջ քարոզարշավի ընթացքում հարգարժան պարոն Բագրատյանը չէր թաքցնում, որ ինքը դեմ չի դառնալ «նախագահ» (Բագրատյանի բնորոշումն է) Սերժիկ Սարգսյանի վարչապետը:  Սա ինձ համար անընդունելի էր առանց քննարկման, անընդունելի է նաեւ այսօր: Բագրատյանի այս կեցվածքը նախանձելի խաղաղությամբ, ավելին` կրծքով պաշտպանելով ընդունում էին նրա կողմնակիցները, որոնց շարքում քիչ չէին ծայրահեղական քայլերի մոլի ջատագովները: Աստված իրենց հետ: Արդեն ընտելանում ենք կարծես, որ արեւմտյան արժեքների համար խարույկի վրա ողջակիզվելու պատրաստ ոմանք մեկ էլ, օրինակ, կարող են աստվածացնել ցեղակրոնության դրոշակակիրներին: Այնպես որ, հարգարժան պարոն Բագրատյանի` Սերժիկ Սարգսյանի «բարձր հովանու ներքո» վարչապետ աշխատելու ցանկությունն ու թունդ ծայրահեղականների` նրա այդ չափազանց ճկուն «փոխզիջումային առեւտուրը պաշտպանելու իրողությունն ի՞նչ է, որ չդիմանանք:

Դիմանանք ու անցնենք առաջ:

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո «ֆիլոսսոկրատիայի» (այս նոր ուղղության բնորոշման հեղինակն էլ իմ բարեկամ, բանաստեղծ Գագիկ Կիլիկյանն է) խանդավառ ներկայացուցիչները գլուխ բարձրացրին: Հակառակն, իհարկե, զարմանահրաշ բան կլիներ: Նախ` Լեւոն Տեր-Պետրոսյանն ճանապարհի տակուգլխին թափված, այսպես կոչված, քաղաքական գործիչներից չէ, իր մրցակիցը չունեցող անհատականություն է, եւ նրա խոսքը չի կարող «քամու տատանման» ազդեցություն թողնել, ինչպես ասպարեզում եղած շատերինը, երկրորդ` վաղուց ի վեր գաղտնիք չէ, որ հայաստանյան քաղաքական դաշտում մի կերպ իրենց գոյությունը քարշ տվող մի որոշակի խմբի ինքնահաստատման ու սոցիալ-տնտեսական ակունքի առատության պայմանը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի դեմ որոտընդոստ ճամարտակելն է: Սրան էլ ենք ընտելանում: Բարեբախտաբար, արդեն այնքան ենք ընտելացել, որ սրանց խոսքը կամ ծիծաղ է հարուցում, կամ` խղճահարություն:

Եվ այսպես. ի՞նչ էր ասում Հրանտ Բագրատյանը վերջին շրջանում Հայաստանը փոթորկած Մաքսային միության, «Հայռուսգազարդի» խնդիրների եւ արեւմտյան արժեքների մասին: Նախ` ողջ հարցազրույցի ընթացքում ո՛չ մի թթու խոսք Սերժիկ Սարգսյանի մասին, ավելին` վերջինս, ինչպես միշտ, հարգարժան Հրանտ Բագրատյանի համար «նախագահ» է, ոչ թե` նախագահի աթոռը զավթած ոմն: Սա էլ քիչ էր, պարզվում է` բոլորն իրենց գլուխները պատովն են տալիս, որ մեկնաբանում են «նախագահի» արտահայտած մտքերը, դրանք պետք է մեկնաբանի միայն ու միայն էդ «նախագահը»: Տիգրան Սարգսյանին եւ կառավարության կազմին խստաշունչ քննադատող եւ Սերժիկ Սարգսյանին ակնհայտորեն խնայող մեր սիրելի տնտեսագետը երեւի դեռ հույսը չի կորցնում, որ մի օր ինքն է փոխարինելու ներկայիս վարչապետին, իսկ դրա համար Սերժիկ Սարգսյանին` մեր երկրում կատարվող բոլոր խայտառակ ապօրինությունների համար մեղադրելու դեպքում` այդ հույսն ի դերեւ կլինի: Չսեւեռվենք այս իրողության վրա եւ անցնենք առաջ:

Բա Եվրոպա՞ն, Եվրոպայի մասի՞ն ինչ էր ասում Պետրոս Ղազարյանի պատվարժան զրուցակիցը: Ողբացեք, «արեւմտամետներ», հող լցրեք ձեր «եվրոպական» գլուխներին: Բագրատյանը ո՛չ Եվրոպա է ուզում, ո՛չ Մաքսային: Բայց չէ` ոնց որ ինչ-որ բան ուզում է: Մարդը ժամանակին Եվրոպա մտնելու առիթով մի լավ տեղն է դրել իշխանության ներկայացուցիչներին: Ասել է. «Էստեղ զորք կա, էս ի՞նչ եք անում»: Համ էլ, ըստ Բագրատյանի, հայ ժողովուրդը «գենետիկորեն Մաքսային կուզեր»: Ու ինքն էլ ոնց որ թե դեմ չէ. « Է հա՛, թող ուզի, ի՞նչ է եղել, մտնենք` զարգանանք»: Ավելին, պաշտպանում է ռուսներին, ասում է. «Սրանք ռուսներին պադստավկա են արել»: Այսինքն թե` ռուսները չէի՛ն ուզում այդքան նվաստացուցիչ պայմանագիր առաջարկել մեզ, այլ սրանք, այսինքն` Տիգրան Սարգսյանի կառավարությունը (բնականաբար` Սերժիկ Սարգսյանն առանձնապես կապ չունի էս ամենի հետ) հիմարացրել է, փաստորեն, ռուսներին ու «մթության քողի տակ» դարձել ռուսների վասալը: Որպեսզի, հասկանալի է, Տիգրան Սարգսյանը պահպանի վարչապետի աթոռը:

Ի դեպ, այս մեջբերումներիս նպատակն ամենեւին էլ Հրանտ Բագրատյանին մեղադրելու համար չէ. նա Հայաստանի լավագույն տնտեսագետներից է, եւ երեւի գիտե` ինչ է ասում:

Ես ընդամենն  ուզում եմ հարցնել` մոլեգնած «արեւմտամետներ», որտե՞ղ եք: Դե, սրեք ձեր լեզուներն ու գրիչները: Թե՞ ձեր «արեւմտամետության» հիստերիկ նոպան բռնում է միայն այն ժամանակ, երբ ձեր դիմաց Լեւոն Տեր-Պետրոսյանն է կամ Հայ ազգային կոնգրեսից որեւէ մեկը:

Այս ամենն արդեն տխուր չէ, զայրացնող էլ չէ, նույնիսկ` ծիծաղելի չէ:

Անասելի ձանձրալի է: