31.12.2013 21:20

iLur Բլոգ. ժամանակ-ժամանակ խաղի ավարտն ու սկիզբը

iLur Բլոգ. ժամանակ-ժամանակ խաղի ավարտն ու սկիզբը

Մերի Մուսինյան

Տոնական եռուզեռի  մեջ աննկատ ու անաղմուկ մի տարի՝ 2013-ը հավաքում է իր վերջին իրերը, դասավորում ճամպրուկի մեջ ու պատրաստվում ընդամենը մի քանի ժամից անձայն ու լուռ հեռանալ՝ մտքում անընդհատ հիշելով, թե ինչպիսի ուրախ աղմուկով նա հայտնվեց ընդամենը մեկ տարի առաջ մարդկանց կյանքում: Ոչ ոք չգիտեր, թե նա ինչ պիտի բերի իր հետ իրականում, բայց ինչպես էին ուրախանում մարդիկ՝ հերթական նոր տարվան ընդունելով: Այսօր նրանք այլևս իրեն մոռացած՝ սպասում են մյուս նոր տարվան՝ 2014-ին:

Մարդիկ միշտ էլ սիրում են խաղալ ժամանակի հետ: Դա չերևացող, չշոշափվող ամենահետաքրքիր խաղալիքն է,  որ առաջին հայացքից  ոչ ձև ունի, ոչ տեսք, ոչ գույն, ոչ հոտ: Բայց այնուայմենայնիվ ամենահեշտը նրա հետ խաղալն է. ոմանք պահմտոցի են խաղում ժամանակի հետ՝ նրան հաճախ չնկատելու տալով, ոմանք՝ սիրում են նրան անվերջ գլորել, ոմանք՝ նրա օգնությամբ սլանում են ուր որ աչքները կտրի, ոմանք անգամ ժամանակի հոգու հետ են խաղում, շատերը ժամանակը միշտ կորցնում են, մյուսները՝ ի տարբերություն շատերի ամեն բան մոռանում են անել ժամանակին, քչերը թերևս փայփայում են ժամանակը որպես ոսկի, շատերը նրան հումորով են վերաբերվում ու երբեք ժամանակի աչքերի մեջ այդպես էլ չեն նայում, մյուսները՝ ամեն կերպ վատնում են այն՝  ի հակառակ ժամանակը գնահատողների, ու թերևս բոլորը՝ անվերջ լուրջ թե անլուրջ բողոքում են խեղճ ժամանակից՝ նրան անընդհատ քիչ համարելով ու փնտրելով կյանքի նոր ժամանակներ..... Ու չնայած ամեն այս թվարկածին, բոլորը սիրում են խաղալ ժամանակ կոչվող ամենակախարդական խաղալիքի  հետ :

Նոր Տարվա գիշերը ժամանակ-ժամանակ խաղի ավարտն է ու միաժամանակ խաղի սկիզբը. ի՞նչ արեցինք մեր կյանքի անցած ժամանակի հետ, խաղն ինչո՞վ ավարտվեց՝ հավասա՞ր, հոգուտ ինքդ քե՞զ, թե ժամանակի: Մեզանից շատերը թերևս միայն այս գիշեր կմտածեն այս մասին: Հերթական անգամ, բայց նաև հանկարծ  կհասկանանք, որ խաղն այս չափազանց լուրջ էր ու իրական, որ ժամանակ կոչվող խաղալիքը կյանքն է, որ կա՝ գլորվող, վատնվող, փայփայվող, սիրվող ու հուսահատեցնող,  կանչող ու լռող..... Տարեմուտի հրաշքի գիշերը անցնող ու եկող տարին մի ակնթարթ ընդամենը կհանդիպեն ու առաջին ու վերջին անգամ կնայեն իրար աչքերի մեջ: Ի՞նչ կասեն նրանք իրար այդ մի ակնթարթին, կմնա գաղտնիք, որը մեզանից ամեն մեկը կփորձի վերծանել նոր տարվա առաջին իսկ օրից՝ սկսելով մի նոր խաղ կյանքի նոր ժամանակի հետ: