01.01.2014 15:55

iLur Բլոգ. Իշխանությունների ձայնը դուրս չի գալիս

iLur Բլոգ. Իշխանությունների ձայնը դուրս չի գալիս

Հայկ Բալանյան

Հայ իշխանությունների ձայնը դուրս չի գալիս. ոչ մի առարկություն, ոչ մի նախաձեռնություն, ոչ մի ծպտուն վերջին ամիսների զարգացումների և ռուսական նախահարձակման ֆոնին: Տպավորություն է ստեղծվել, որ իշխանությունը զրկվել է կամքից և ուղղակի հանձնվել է ռուսական առաջխաղացման դեմ: Մինչդեռ իրականում իրավիճակը շատ ավելի վատ է:


Երկար տարիներ Սերժ Սարգսյանի վարչակարգը ունեցել է մեկ կարևորագույն ռեսուրս և գիտակցել է այդ ռեսուրսի առկայությունը: Խոսքը իշխանության հանձնման և վերարտադրման հնարավորության մասին է, որը նեղն ընկնելու դեպքում պիտի հանվեր աճուրդի՝ Մոսկվայի և Արևմուտքի մրցակցության համար: Պլանավորվում էր, որ այդ մրցակցության դեպքում վաճառողը՝ Սերժ Սարգսյանը, իր անձնական, կլանային, տնտեսական և իրավական երաշխիքների դիմաց կկատարեր ընտրություն, կկազմակերպեր իշխանության սահուն հանձնումը առավել լավ պայմաններ առաջարկած ուժին, օգտվելով իր վարչական, կադրային և տնտեսական լծակներից: Նաև հույսեր կային, որ արհեստականորեն և նախորոք ստեղծված կեղծ ռուսական և արևմտյան թիմերը, որոնք պիտի համապատասխանաբար ներկայացնեին երկու մրցակցող ճամբարները, կրկին կլինեին Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, և իշխանությունը ձևականորեն հանձնելով՝ իրականում այն կպահպանվեր երրորդ նախագահի ամուր ձեռքերում: 

Սա էր և իրական հաշվարկը, և իրական նպատակը՝ ունենալ երաշխիքներ հետագա դատական հետապնդումներից խուսափելու համար, պահպանել կուտակած հարստությունը և անձնական անվտանգությունը և վայելել հանգիստ, երաշխավորված ծերություն:

Այժմ Մոսկվան հանդես է գալիս ուժային դիկտատի դիրքերից և զրկել է Սերժ Սարգսյանին նշված հնարավորություններից, ավելին, առհասարակ ներկա վարչակարգի բոլոր անդամների պաշտոնական և տնտեսական դիրքերը երաշխավորված չեն և կախված են միմիայն Մոսկվայի քմահաճույքից: Հավանաբար Մոսկվան դեռ կսպասի Սերժ Սարգսյանի թիմի պառակտմանը և նոր թիմերի առաջացմանը՝ վերջնական կաստինգ և վերադասավորումները կատարելու նպատակով:

Ինչևէ, վերարտադրման և ապագայի երաշխավորման հնարավորության բացակայությունը գիտակցվել է, այն քայքայում է իշխանական բուրգը, և ներկայիս քաղաքականությունը առաջին հերթին ուղղված է Մոսկվայի խաթարված վստահության և ապագան երաշխավորելու հնարավորության վերականգնմանը: 

Այդ վստահության վերականգման ճանապարհին դրսևորվում է բացառիկ հեզություն, խոնարհություն, նրբանկատություն, կանխատեսող պատրաստակամություն և հնարամիտ նախաձեռնողականություն, և խոսք անգամ չկա քաղաքական կամքի բացակայության մասին: Այս ամենը ուղղակի դարերից եկած փորձով գիտակցված հաշվարկ է: Մոսկվան դեռ չի մտածել, չի էլ ենթադրել, իսկ ահա Երևանում արդեն արված է, կատարված է - թշնամիները վերահսկվում են, օպերատիվ աշխատանքը արվում է, կապերը բացահայտված են, միջոցառումները և ընթացակարգերը պատրաստ են: Այս ամենը, իհարկե, գրում ենք ոչ թե Մոսկվային արդարացնելու, այլ բացահայտելու համար այն հանգամանքը, որ որոշումների կասեցնելու, վերանայելու և հղկելու, Մոսկվայի հետ բանակցելու իրական հնարավորություն կա, բայց այն չի օգտագործվելու, քանի որ չի բխում հենց հայ գաղութային վարչարարների շահերից:

Ընդհանրապես, հայ գաղութային վարչարարի երազանքն է աշխատել Ռուսաստանի մարզերում: Հոյակապ կաշխատեն, այնպես ինչպես ոչ մի ռուս գուբերնատոր չի աշխատել տվյալ մարզում դեռ Իվան Ահեղի ժամանակներից: Զարկ կտան տնտեսությանը և ռուս մշակույթին, կլինեն սիրելի և հարգելի, իրենց վստահված շրջանի համար կանեն այնպիսի բաներ, որոնք երբեք չէին անի ռուս ղեկավարները, իսկ իրենք էլ չէին անի նույնը Հայաստանի համար: 

Եվ այս ամենը իհարկե մեկ պատճառ ունի՝ լեգիտիմության բացակայությունը, որը ուղղակի սարսափ է առաջացնում անլեգիտիմ իշխանիկների շրջանում: Եթե չկա լեգիտիմություն, ապա ռուս ցարի յուրաքանչյուր պատիժը ընկալվում է որպես արդարացի և հետևաբար՝ անխուսափելի: Հայ հասարակությունը այդ ուժը չունի և նման սարսափ չի առաջացնում, սակայն առաջացնում է ատելություն իր նկատմամբ՝ բոլոր գործնական հետևանքներով:

Եվ այդ ամենը իհարկե նույն մարդկանց մասին է, որոնք կարող են շատ լավ աշխատել շան նման վախենալու դեպքում, և կարող են սեփական երկիրը շան օրի գցել, եթե չունեն այդ վախը: Խորը հոգեոր աշխարհի բացակայության դեպքում անհնար է խոսել գաղափարական, բարոյական հիմքերի կամ գիտակցության մասին, ուստի վախի գործոնը հիմնականն է, որը որպես շարժառիթ ներազդում է այդ ավանդական վարչարար խմբի վրա: Նաև հետաքրքիր է, որ այդ սահմռկեցուցիչ վախը օտարի անդեմ հզորության նկատմամբ առաջացնում է նաև սեր այդ ծեծող բռունցքի նկատմամբ, արդարացումների և բացատրությունների որոնումներ, հիամցունք և կայսերական հայրենասիրություն: Այդ գրեթե իգական սերն, իհարկե, նաև ամփոփում, ամբողջացնում է հայ գաղութային վարչարարի կերպարը, որը և ստեղծեց հայերի՝ որպես «հավատարիմ ազգի» համբավը: Ստաժ է, ներծծված և կարծրացած, որից փախչել չի հաջողվում:

Ինչևէ, հայ իշխանությունը շարունակելու է հանձնել ամեն հնարավոր և անհնար բաները՝ միմիայն իշխանությունը և, հետևաբար, անձնական ազատությունը, ունեցվածքը, անձեռնմխելիությունը պահպանելու, «աղերսվող որակը» պահելու համար: Այս պարագայում կարելի է արձանագրել, որ Հայաստանում 1990թ-ից ընթացող քաղաքացիական պատերազմը մոտեցել է մի հետաքրքիր հանգրվանի: Միայն լեգիտիմ իշխանության (յուրաքանչյուր, բայց լեգիտիմ) վերականգնումով էր կարելի ավարտել այն հեղափոխական գործընթացը, որը սկսվեց 1988-90թթ-ին: Իսկապես դա հեղափոխություն էր՝ սոցիալ-տնտեսական և գաղափարական խմբերի պայքարով, նաև դրանց՝ որպես սոցիալ-տնտեսական և գաղափարական խումբ իսպառ ոչնչացումով, հաջորդական իտերացիաներով՝ վերափոխումներով, երբ հեղափոխականնների մի խումբ կամ թև վերացնում էր մյուսին, իսկ հաջորդը վերացնում էր նախորդ հաղթողին, նաև՝ ֆիզիկական զոհերով և հարյուրհազարավոր գաղթականներով: 

Այդ ամենը կանգնեցնելու բազմաթիվ պահեր կային, որոնք չօգտագործվեցին, և այժմ այդ լեգիտիմության համար մղվող քաղաքացիականի մասն է դառնում նաև Ռուսաստանը՝ որպես բացահայտ և լիիրավ անդամ: Ավելին, Մոսկվան առավել մեծ շանսերն ունի այդ պատերազմը դադարեցնելու, բայց, ինչպես միշտ, կանի հիմարությունների հերթական չափաբաժինը և նորից կհեռանա կամ կվռնդվի՝ շատ ավելի ծանր հետևանքներով իր համար: Բայց խոսքը Մոսկվայի մասին չէ, այլ այն մասին, որ այս իշխանությունը վերջնականապես հրաժարվել է ներքին լեգիտիմության հաստատման փորձերից (վերջին փորձը Սերժ Սարգսյանի վերընտրությունն էր) և այդ դաշտն այժմ ազատ է: Եվ ընդդիմության ներքին երկխոսությունից է կախված, թե ընդդիմության սեփական լեգիտիմությունը, և թե երկրի ապագան