06.01.2014 13:47

iLur Բլոգ. ՀԱՅԱՍՏԱՆ

iLur Բլոգ. ՀԱՅԱՍՏԱՆ

Գեմաֆին Գասպարյան

մուտք

Ամեն բառս լցնեմ զմայլումով,

ամեն բառս երկաթ ու հաստատում,

ամեն բառս եռանդ ու վեհ զոհողություն,

ամեն բառս մի ճիչ հաղթահարման,

ամեն բառս կարոտ ու վերադարձ,

ամեն բառս գոչյուն նախնյաց,

ամեն բառս

ամեն,

 

սևագիր1

 

Չորացած ծիրանենիների տերևների խշշոցն է

ականջներս խաբում,

 

ես փորձում եմ գրել Հայաստանի մասին, 

թե ինչպես է հիմա նա թաքնվում

եռագույնից, հիմնից գործված սքեմի տակ,

ես փորձում եմ գրել Հայաստանի մասին,

զանգի դդղրդյունով ու չլինել տափակ,

դուր գալ, կիսել հոգսը, ապրումակցել,

 

առուն հոսում էր ծառերի կողքով,

չհատվեցին:

 

սևագիր2

 

Խանութպանը պահում էր տունը,

աչք էր ծակում,

 

որոշել եմ գրել Հայաստանի մասին,

հիշել փառավոր անցյալը երկրիս,

յոթ որդով սեղան, գերդաստանով հաց,

իրար ապավեն ու իրարով ուժ,

ուս ուսի տված, առյուծի նման,

մի խոսքով բոսոր,

 

մոտերքում բացվեց ճոխ սուպերմարկետ,

չդիմացավ:

 

սևագիր3

 

Նվիրված էր գաղափարին՝

լինել նշանավոր,

 

մտածում եմ գրել Հայաստանի մասին,

եղելություն պատմել նվիրումի՝

քշված հող ու ջրից

ջարդված ու ստորացված, 

ու հավաքված մեկտեղ,

հազար ու մի բարբառ պահպանեցինք,

մտածում եմ գրել Հայաստանի մասին

կոչնակ դառնալ, շեփոր, շվի, սրինգ, կլառնետ,

գոնե բաժակ,

 

լեզուն բորբ ու հատու,

քաղաքակիրթ,

սիրում էր ռոդինա - մատ, 

զգում էր ժամանակը:

 

սևագիր4

 

Հարստություն է մեր բնությունը

և մարդն է մեր մրցակցային առավելությունը,

 

շատ եմ ուզում պատմել Հայաստանի մասին,

ուր գիշերն է հանգիստ և ցերեկն է հանգիստ,

ու աստղերն է հարմար մանրամասն զննել,

ուր կարող ես տեսնել և լիմոնը ծառին,

և կարտոֆիլ փուռը դնել,

ուր դեռ մնացել է այծը բեզոարյան

և ձմեռվա սովն է գայլը հագեցնում փարաքներում,

ուր ջրերն հանքային և ջրերն հանքերի՝

իրար են խառնվում,

 

ընտանիք է պահում գյուղացին - բանվորը,

ընտանիք է պահում հանքարդյունահանողը,

մի խանգարիր:

 

սևագիր5

 

Մեր ապագան երեխաներն են,

մեր շարունակությունն ու ապավենը,

 

ենթադրում եմ գրել Հայաստանի մասին,

որպես ապահով տուն մանուկների համար,

որպես հոգատար մայր,

խիստ, բայց արդար ծնող,

գիտելիքի օջախ և արհեստի մատուռ,

ուսումնատենչ, ուսումապաշտ, ուսումնասեր նաև,

ստեղծագործ և ստեղծող մարդկանց օրրան,

 

մանկավարժը բլբուլ միտինգի,

մանկավարժը ընտրական հանձնաժողովի անդամ,

մանկավարժը կուսակցական,

փուստ գնաց:

 

սևագիր6

 

Սուրճի բաժակի մեջ հատվող ափիս ռելիեֆ,

ցույց տուր ուղղին միակ ու իսկական,

որ չի ենթարկվելու ոչ մի օրինաչափ բացատրության,

այն հատուկը՝ անկապ ու հայկական,

 

փափագում եմ գրել Հայաստանի մասին,

Թորգոմյաց Հայկից ու Արամե թագավորից սկսյալ,

երգել փառքը ազգիս,

երգել ճամփան իր ձիգ

ու հաղթական,

գովքը անել բախտի,

որ մենք ապրում ենք դեռ,

գալ ու փառավորել Դավթին,

էն ով մերն է միայն,

ում հրեաներն չունեն՝

անկախ իրենց կամքից:

 

էս տարի էլ օրհնեցինք ցանքը,

էս տարի էլ կարկուտ եկավ,

չկպավ:

 

սևագիր7

 

Զուռնա դհոլի հնչյունը խրոխտ, 

ոտքի է հանում գյուղ, քաղաք ու հոտ,

 

ուզում եմ զրուցել Հայաստանի մասին,

հիշել նեղ խցերում աղոթք քերթողներին,

ծաղկողներին դիպուկ և հավաստի,

հիշել աննյութական կենցաղ կրողներին՝

լույսի և հավատքի,

որ խիղճ էին ու օրինակ կամքի,

որ դուռ էին ու ճրագ իմաստության,

որ խողովակ էին ու անոթ,

որ տարածում էին ու ներառում,

որ տալիս էին առանց սպասումի

որ ընդունում էին միայն հացը հանապազօր,

և փոխանցում էին ավելացնելով,

և լրացնում էին պակասը,

և չէին հաշվում պակասորդը,

 

մեռելոցների և եկեղեցիների շոշափելի  արքայությունը,

լղոզում է հայ-հայ է ծնվող իմ ինքնությունը,

ընտրասերում:

 

սևագիր8

 

Փորած սահմաններից,

մինապատ դաշտն աչքին,

և փոսորակը լուռ,

կրակոցի սպասող,

 

կրկներգ եմ գրում Հայաստանի մասին,

մարդկանց մասին՝ կողպեք,

մարդկանց մասին՝ արճիճ,

որ գնացին քայլքով առաձգական,

որ գնացին չլինելու վախից,

հայացքները մշուշ, հայացքները լարված,

առանց պահանջների, փսլնքոթ ու անհաղթ,

պարտվել էին նրանք, պարտվել էին կյանքին,

ու կռեցին նրանք,

չմոռացան,

անձայն, խոնարհ, հանգիստ,

 

չի գռփել, չի ծնկել, չի գոռգոռացել,

էն ծերուկը,

միայնակ ու սոված,

ում որդին ռուսաստանում կորավ,

համակերպվեց:

 

սևագիր9

 

Հարևանիս երեխան լացում է,

մայրը խիստ է խոսում,

 

հանդգնում եմ գրել Հայաստանի մասին,

ցույց տալ հավաք, կոկիկ,

փողոցներն ասֆալտ,

վեր խոյացող շենքեր

ձգված իրար գրկի ու 

նախշված զարդերով հայեցի՝

նուռ, խաղող ու ծիրան,

փորված կամարներին,

արդի լուսավորում,

կանաչն էլ է արդի,

մի հրաշք պնդօղակ,

ճոխ, հարուստ ու լեցուն,

աչքդ ուտող շրջան,

օպերայի մայթից,

 

հարևանուհիս նախատում է որդուն,

որ զուսպ լինի,

չպահանջի այս ընթացքում 

ծիրան,

սեպտեմբեր է արդեն,

պետք է կոշիկ գնել,

փլվեց: 

 

սևագիր10

 

Առավոտյան կանուխ դուրս է գալիս տանից,

կոստյում և փողկապը կարգի գցելով,

ուշ գիշերով հպարտ մտնում է տուն, 

 

 մտմտում եմ գրել Հայաստանի մասին,

մարդիկ այստեղ հպարտ, ինչպես սարերը ձիգ,

մարդիկ պինդ ու հզոր, սկզբունքային,

գիտեն հարգը պահել, խոսքի գինը գիտեն,

ճանաչում են բարին, հետևում են լավին,

ներողամիտ են ու սրտատեր,

մտմտում եմ գրել Հայաստանի մասին,

շենշող արդարության ու հարեհաս երկիր,

մարդիկ արժանի են իրենց դիր ու առին,

մարդիկ հավասար են  անցյալին,ներկային

ու ապագան գիտեն,

 

հինգ հազար դրամ

ընտրությունը անցավ,

միտինգն էլ անցավ,

հինգ հազար դրամ,

բողոքի ցույցն էլ հինգ հազար դրամ,

չկառուցվեց:

 

մաքրագիր

 

Հայաստանը իմ թերությունն է:

 

 Հ.Գ.

 

Մեկը.

կանոնավոր բառերի ներքո կքած,

իր ստեղծածի կամոք,

վայելում էր

հեղեղը:

 

Մեկն էլ.

կանոնավոր բառերի փոխարեն,

իմաստ էր փնտրում,

տրվում էր` առանց սպասումի,

ավելին տեսնելով նրանց մեջ

քան կան,

իրենով էր պատնեշում

հեղեղը:

 

ևս Մեկը.

հետևում էր կանոնավոր բառերի

շրջանառությանը,

հենց ինքն էր

հեղեղը:

Հայգ