12.09.2012 15:00

Ո՞վ է Հայրապետյանի հարցրազրույցի իրական հեղինակը

Ո՞վ է Հայրապետյանի հարցրազրույցի իրական հեղինակը

Ռուբեն Հայրապետյանի օրերս հրապարակված հարցազրույցը «Նյուվել դ’Արմենիի»-իի թղթակից Սեդա Մավյանի հետ բացառիկ հնարավորություն է ընձեռում հասկանալու իշխանությանների ներսում տիրող տրամադրությունները: Հատկապես ուշադրության են արժանի Վահե Ավետյանի սպանության հետ կապված բողոքի միջոցառումների վերաբերյալ արված մեկնաբանությունները: 

Այն փաստը, որ օրերս տպագրված հարցազրույցն իրականում տրվել է Ռուբեն Հայրապետյանի՝ նախագահական նստավայր այցելությունից շատ կարճ ժամանակ անց, թույլ է տալիս մեզ ենթադրել, որ հարցազրույցում տեղ գտած ձևակերպումներում իր ներդրումն ունի նաև Սերժ Սարգսյանը: 

Բողոքի միջոցառումներն իրականում սկզբնական շրջանում ձեռնտու էին Սերժ Սարգսյանին:  Դրանք պետք է թույլ տային հասարակության ուշադրությունը նախագահականից շեղել օլիգարխիկ համակարգի վրա, ինչից հետո Հայրապետյանը պետք է զոհաբերվեր, իսկ Սարգսյանը դառնար հասարակական պահանջը բավարարող և օլիգարխիկ համակարգի դեմ պայքարող հերոս: 

Ակնհայտ էր,  որ բողոքի միջոցառումները նախագահականից  կառավարելու փորձեր էին կատարվում՝ դրանց ուղղվածությունը Բաղրամյան 26-ից շեղելու համար:  Իշխանական ամբողջ քարոզչամեքենան՝ հեռուստատեսությունը, լրատվական կայքերը, տպագիր մամուլը, վերլուծաբաններն աշխատում էին ոչ սովորական գործելաոճով: Նրանք, ի տարբերություն նախկին դեպքերի, դրսևորում էին անհամեմատ ավելի կոշտ դիրքորոշում, չէին խուսափում Ռուբեն Հայրապետյանի հասցեին կոպիտ ձևակերպումներից: 

Հայրապետյանի դեմ բողոքի միջոցառումներին դրանք վերահսկելու նպատակով մասնակցում էին նախագահականից ներդրված ակտիվիստներ, որոնք ամենևին կապ չունեին ԲՀԿ-ի հետ: Սակայն հարցազրույցի ժամանակ իշխանական ակտիվիստները վերածվում են ԲՀԿ ավտոբուսների: Ինչո՞ւ:  

Իրականում ամեն ինչ շատ պարզ է: Հայրապետյանը,  մտահոգված լինելով իր դեմ մեկնարկած շարժումից և կասկածներ ունենալով, որ իրեն զոհաբերում են, դիմել է Սերժ Սարգսյանին՝ որոշակի պարզաբանումներ ստանալու համար: Վերջինս, չկարողանալով իրականում բացահայտել խաղի իրական նպատակները, ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը գցել է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի վրա, որոնք, իբր, բանուգործները թողած՝ ընկել են Հայրապետյանի ետևից, և քանի որ նա նախագահականին ամնենահավատարիմ մարդն է, ապա հիմա ընդդիմության ամբողջ պայքարը կենտրոնանալու է Հարսնաքարի դեպքի վրա: Եվ եթե Հայրապետյանը չի ցանկանում կործանվել, ապա իր դիրքերը պահպանելու համար պետք է էլ ավելի հավատարիմ մնա Սերժ Սարգսյանին և նրա հետ միասին պայքարի գործող իշխանությունների համար վտանգ ներկայացնող  ուժերի դեմ: 

Այս գործելաոճը նորություն չէ: Այն օգտագործվել է նաև 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ օրերին Սարգսյանն ու Քոչարյանը կարողացել  էին համոզել օլիգարխներին, որ մեկնարկած համաժողովրդական ալիքն ուղղված է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ հենց վերջիններիս դեմ, որի նպատակը իշխանափոխությունից հետո նրանց ունեզրկելն է: Սա թույլ տվեց Սերժ Սարգսյանին գերլարված իրավիճակում իր կողքին պահել հայկական բուրժուազիայի ներկայացուցիչներին և թույլ չտալ նրանց անցումը ընդդիմության կողմը: 

Սակայն նույն հարցազրույցի ընթացքում մանդատը վայր չդնելու մասին հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ Ռուբեն Հայրապետյանը բացահայտել է Բաղրամյան 26-ի խաղի ամբողջ էությունը կամ առնվազն հիմնավոր կասկածներ ունի դրա ոչ նպաստավոր լինելու մասին: Եվ այսպիսով, իր անձեռնմխելիությունը պահպանելով՝ նա, անկախ Սերժ Սարգսյնաի տրված հավաստիացումներից, փորձ է կատարում ստեղծել անվտանգության հավելյալ երաշխիքներ: 

Այսպիսով, իշխանության ներսում ստեղծված է շատ զգայուն, մեղմ ասած, ոչ կայուն իրավիճակ: Հասարակական դժգոհությունը նախագահականից շեղելու փորձերն անարդյունք են, զոհաբերությունների հնարավորություններն էլ անսպառ չեն: 

Ստեղծված իրավիճակում կրկին ու կրկին Հայաստանի անշեղորեն դեգրադացման մեջ իրական մեղավորների բացահայտումը և նրանց քննադատության թիրախ դարձնելը կարող են վերջնականապես քայքայել իշխանությունների բրգաձև կառուցվածքը: Այդ դեպքում Սերժ Սարգսյանը կզրկվի իր համար շատ կարևոր՝ բուրժուազիայի աջակցությունից և անխուսափելիորեն կկորցնի իր իշխանությունը:

Արեգ Գևորգյան

 

Լուսանկարըը՝  bravo.am-ի