10.01.2014 17:22

Շանթ Հարությունյանի պաշտպանությանը նվիրված երթը վերածվեց խեղկատակության

Շանթ Հարությունյանի պաշտպանությանը նվիրված երթը վերածվեց խեղկատակության

Այսօր, ժամը 13:00-ին, Ազատության հրապարակից մեկնարկել է երթ, որն ի սկզբանե նախատեսված էր զորակցություն հայտնելու Շանթ Հարությունյանին եւ իր ընկերներին, ովքեր շաբաթներ ի վեր գտնվելով հացադուլի մեջ` հայտնվել էին ծայրահեղ վիճակում՝ առանց անհրաժեշտ բժշկական հսկողության, առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, նրանք իրավունք չունեն հանդիպել իրենց ընտանիքի անդամների հետ: 

Երթի մասնակիցները, անկախ քաղաքական հայացքներից, մտադիր էին դրա միջոցով հասարակության ուշադրությունը հրավիրել Շանթի եւ նրա ընկերների իրավունքների ոտնահարման փաստի վրա:

Սակայն արդեն իսկ Ազատության հրապարակում երթից առաջ հնչած ելույթներից պարզ դարձավ, որ  «բարձրախոսին մոտ կանգնած» մարդիկ, կարծես թե, մոռացել են ցույցի բուն նպատակի մասին:

Նախ, նրանցից ոմանք հայտարարություններ արեցին` իրենց մեղադրանքների մեջ, չգիտես ինչու, հիշատակելով հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: Երթի որոշ մասնակիցներ, տարակուսած այս պատկերից, հեռացան`համարելով, որ բարձրախոսի մոտ կանգնած մարդիկ արժեզրկում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «քաղբանտարկյալ», «պայքար» եւ «քաղաքացիական համերաշխություն» արտահայտությունները:

Այնուհետև, սկսեցին հնչել ցույցի նպատակի հետ ոչ մի ընդհանրություն չունեցող կոչեր` «ո՛չ՝ Մաքսային միությանը», գլխավոր դատախազության դիմաց` «Կոկորդիլոս ուտելով չի նոր տարին, արա՛», Կառավարության դիմաց` «Սյուզի, իջի խաղանք» եւ այլն:  

Նախապես հայտարարված քաղաքացիական երթը վերածվեց մանկամիտ զվարճանքը կապկող սադրանքի: