11.01.2014 13:57

Լիզա Ճաղարյան. Բոբիկ ոտքերիս տերեւե ոտնաման

Լիզա Ճաղարյան. Բոբիկ ոտքերիս տերեւե ոտնաման

Լևոն Խեչոյանին

Իրեն ասել էին` կգնաս անտառի միջով, կգնաս-կգնաս, կգնաս-կգնաս, կգնաս-կգնաս, ու անտառի եզրին քեզ կդիմավորի:  Ո՞վ` հարցրել էր: Կդիմավորի` ասել էին:

Որքան խորանաս անտառի մեջ, այնքան դժվար է լինելու ընթացքդ` ասել էին: Տեղ կհասնե՞մ` հարցրել էր: Կդիմավորի` պատասխանել էին: Ու ինքը հասկացել էր, որ էլ ուրիշ հարց չպետք է տա: Կարող ես և անտառի միջով չգնալ, դժվար է լինելու ընթացքդ, որոշողը դու ես` ասել էին: Չէ, անտառի կածանն է իմ ճամփան, գնամ` ասել էր: Կդիմավորի` ասել էին վերջին անգամ, ու ինքն այլևս հարց չէր տվել, ճամփա էր ընկել:

Մենակ չէր: Իրենից առաջ էլ էին գնացողներ եղել: Ինքը գիտեր` իրենից հետո էլ էին գնալու: Գիտեր: Գիտեր նաև, որ չգնալ չի կարող, ու իր ճամփան դա է: Մեկ էլ գիտեր, որ եթե գիտակցում ես, որ չգնալ չես կարող, ու քո ճամփան դա է` հոգիդ խաղաղվում է:

Անտառն անե՞զր էր, թե` ինքն էր անհամբեր: Թռչունների ճռվողյունը սովորականից բա՞րձր էր, թե` իրեն էր թվում: Գա՞յլ սուրաց իր կողքով, թե` եղնիկ: Ոտքերի տակ տրորվող ձնախեղդ տերևները տնքու՞մ էին, թե` երգում: Թփի տակ թաքնվածը մանուշա՞կ էր, թե` այդ ճամփով անցած մեկի վերնաշապիկից պոկված մանուշակագույն կոճակ:

«Ես լռեցի, դու լռեցիր, նա լռեց»: Ու՞մ էր ասում` դրա մասին չմտածեց: Լսողը կլսի` մտածեց: Ասելիս վերև նայեց ու ձնապատ երկնքի ծվենը տեսավ: «Դու էլ ես լուռ»,- ասաց,- միայն անտառն է շատախոսում»:

Անտառն այդ կածանով անցնող ամենքի՞ն էր հասկացել` ինքը չգիտեր: Բայց իրեն հասկացավ ու լռեց: Դիմավորողը լռության կատարելությունն էր: 

«Բոբիկ ոտքերիս տերևե կոշիկ,

Ծվատված մարմնիս` արնոտած ճյուղեր:

Բառը` մնացողաց,

Լռությունն` ինձ եղբայր»: