11.01.2014 15:43

iLur Բլոգ. Ժպիտը

iLur Բլոգ. Ժպիտը

Սեւակ Արամազդ

                                            Լեւոն Խեչոյեանի յիշատակին

 

 

Տարիներ առաջ ես մի առիթով անցողակի սեղմել էի նրա ձեռքը, իսկ այժմ նրան հանդիպում էի առաջին անգամ: Պառկած հիւանդանոցի պատուհանից ներս թափանցող ձմեռային գորշ լոյսի մէջ՝ նա  կարծես ննջում էր: Երբ ներս մտայ, բացեց նշաձեւ աչքերը եւ ժպտաց: Ինձ ապշեցրեց այդ ժպիտի մանկական անբիծ մաքրութիւնը՝ պարուրուած ճակատի խաղաղ-անիրական փայլով, ասես լուսապսակով: Հարազատութեան մի սուր, մտերմական ալիք անցաւ իմ միջով, որ անսպասելի էր: Թուաց, թէ վաղուց ճանաչում ենք իրար: Եւ ես՝ ամեն տեսակ ծանօթութիւններից, կապերից, շրջապատից ու շրջապատողներից հեռու մարդս, կեանքում առաջին անգամ սաստիկ ափսոսացի, որ նրա հետ բարեկամութիւն չեմ արել, եւ խղճի ուժեղ խայթ զգացի. կարծես իմ վաղեմի ընկերոջն աններելիօրէն լքել էի ու թողել մենակ, մահուան դէմյանդիման: Ինձ համար ցնցող էր տեսնել նրա նիհար դէմքը եւ ցամաք-բարակ մարմինը:

 - Նստիր:

Նրա ձայնը նուազ էր, սակայն շեշտը պարզ էր ու յստակ: Դա ինձ աղօտ յոյս ներշնչեց, թէ վիճակը, գուցէ, անդառնալի չէ, ու ինձ վրայ իջաւ ինչ-որ առօրեայ հանգստութիւն: Տեղաւորուելով աթոռին՝ ակամայ հարցրի.

- Ո՞նց ես:

- Ուրախ եմ, որ եկել ես,- նրբամտօրէն պատասխանեց նա:

Տնքաց եւ, փակելով աչքերը, որոշ ժամանակ մնաց լուռ: Մահուան միտքը, որ մի ակնթարթ լքել էր ինձ, վերադարձաւ: Կարծես ինձ խղճալով՝ նա բացեց աչքերը, եւ մենք սկսեցինք խօսել՝ մի քիչ գրականութիւնից, մի քիչ արեւելք-արեւմուտքից, Հայաստանից ու երեխաներից: Ես նրան ասացի, որ ինքը վերջին հիսուն տարիների միակ հայ գրողն է, որ որեւէ կերպ չի ուրացել, չի դաւաճանել ինքն իրեն:

Նա դէմքը դարձրեց եւ տարակուսած նայեց ինձ:

- Իմ կարծիքով, ամբողջ երկրագնդի վրայ, ըստ էութեան, ապրում է ընդամենը մէկ մարդ,- պարզաբանեցի ես: - Ուզում եմ ասել՝ դու այդ մէկին չես դաւաճանել...

Դէմքը սրուեց, եւ նա մի տեսակ թռչնային հայեացքով սեւեռուեց դէպի դիմացի պատը: Չգիտես ինչու, ինձ թուաց, թէ նա այդ պահին յիշում է պատերազմը, որի զինուորն էր եղել, եւ նրա արձակած բոլոր փամփուշտներն անվրէպ դիպել էին թիրախին, որովհետեւ դրանք ոչ թէ սպանութեան գնդակներ էին, այլ գրողի ստեղծագործութիւններ՝ նշանառուած փրկելու այն, ինչ դեռ կարելի էր փրկել մարդկանց մէջ: Ակամայ մտաբերեցի այն զանազան տարակենցաղ ու խայտաճամուկ «հերոս-գեներալներին», «հերոս-հրամանատարներին», որ յարմար տեղաւորուած իշխանութեան անվտանգ ու փափուկ ծնկներին՝ փառքի շքանշաններ են հատում՝ իրենց իսկ կուրծքը շռայլօրէն զարդարելու համար: Նրանք չեն էլ ենթադրում, որ  իրենց կրակած երբեմնի փամփուշտները վաղուց արդէն լքել են  թշնամական սպանուած մարմինները եւ, շուռ գալով, անդադար խոցոտում են իւրայինների՝ կանանց, երեխաների, ծերերի սրտերը՝ կենդանի սպանելով ազգակիցներին եւ յարութիւն տալով  թշնամու մեռելներին:

- Ես հաւատում եմ...- ասես ի պատասխան իմ մտքերի՝ ինքն իրեն ասաց նա:- Հայ ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է... Էս ճգնաժամն էլ կյաղթահարի...

Ես, որ աւելի շատ հաւատում եմ բնութեան օրէնքներին, քան որեւէ ժողովրդի ենթադրեալ իմաստութեանը, ինքնաբերաբար մղուեցի առարկելու, սակայն նրա փղձկահազն ինձ վերադարձրեց իրականութեանը, եւ միայն լուռ գլխով արեցի: Նա ձեռքի շարժումով հրաժարուեց իմ օգնութիւնից, եւ ես յանկարծ զգացի, որ երկուսս էլ նկատի ունենք նոյն բանը, եւ առարկելու խնդիր չկայ:

- Ախ, էս փղձուկը...- գլուխը յետ գցելով բարձին՝ հառաչեց նա:- Գիտես, հէնց աչքերս փակում եմ, ներսումս սկսում են ինչ-որ խառնիխուռն պատկերներ թրթռալ... այ էս պատը... այ էս ձողը... էն վարագոյրը...

Ես նոր միայն անդրադարձայ, որ շուրջն արդէն մութ է:

- Դէ լաւ, ես պիտի գնամ...- մեղաւորուած՝ ասացի ես, եւ դա հնչեց չոր ու դաժան: Այն զգացումն ունէի, թէ լքում եմ նրան երկրորդ անգամ:

- Գնում ես,- կամացուկ ասաց նա:

Ես պինդ-պինդ գրկեցի նրան:

- Անպայման, նորից կհանդիպենք,- զսպելով ինձ՝ հնարաւորինս վստահ ձայնով ասացի ես:

Նա նայեց ինձ եւ յանկարծ այնպէ՛ս լիաշունչ-երանելի ժպտաց, որ մի պահ ինձ թուաց, թէ նրա ժպիտը ճառագայթեց մթան մէջ:

Այդ ժպիտն աւելին էր, քան իր ապրած կեանքը եւ մօտալուտ մահը, հաւատը եւ ստեղծագործութիւնը:

Դա ազատ մարդու ժպիտ էր: