13.01.2014 17:32

Լիզա Ճաղարյան. Շնորհավորանքի ու մեծարանքի խոսքի փոխարեն

Լիզա Ճաղարյան. Շնորհավորանքի ու մեծարանքի խոսքի փոխարեն

Հունվարի 9-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն էր: Շնորհավորանքների տաք ու հաճելի տարափին չկարողացա միանալ` Լեւոն Խեչոյան ընկեր ու եղբայր էի կորցրել, իմ իմացած բոլոր մռայլ ու պայծառ բառերն էլ` հետը:

…Իսկ կուզենայի շնորհավորել:

Գուցե պարզապես մեր նորագույն պատմության առաջին քայլերի օրերը հիշեցնեմ նրանց, ովքեր այդ պատմական ժամանակահատվածի մասնակիցն ու ականատեսն էին, ու պատմեմ նրանց, ովքեր դեռ շատ փոքր էին կամ դեռ չէին ծնվել: Հենց այն օրից սկսեմ, երբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը նախագահ էր ընտրում: ԳԽ դահլիճում կոմունիստները դեռ կատաղի դիմադրում էին իշխանությունն ամեն գնով իրենց ձեռքում պահելու համար, իսկ այն ժամանակ սրանք այսօրվա փոքրիկ խմբակը չէին` նույն բանն էին, ինչ որ հիմա` հանցագործ հանրապետականները:

«Ղարաբաղ» կոմիտեն արդեն քվեարկությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն էր նախընտրել, «կոորդինատոր» Վազգեն Մանուկյանն էլ արդեն թունդ նեղացել էր Տեր-Պետրոսյանին գերադասող կոմիտեականներից, եւ հենց այդտեղ` ԳԽ դահլիճի պատերի ներքո ուրվագծվում էր Հայոց Համազգային Շարժման առաջին պառակտումը` հետագայում «պանծալի» ԱԺՄ դառնալու համար: Տեսնողը տեսնում էր: Ես, համենայն դեպս, տեսնում էի, թե ինչպես էին «կոորդինատորի» մտերիմներն ու բարեկամները` մոռացած ընդհանուր հակառակորդ կոմունիստական կուսակցությանը, զանազան «այլընտրանքային» թեկնածուներ առաջադրում: Քաղաքականությունից շատ քիչ բան հասկացողս դեռ այն ժամանակ հասկանում էի, որ ցանկացած թեկնածու ձայներ է խլելու ժողովրդավարական թեւի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից, ոչ թե` կոմունիստներից:

Մեծ դժվարությամբ, շատ մեծ դժվարությամբ ժողովրդավարները հաղթեցին,եւ ԳԽ նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդքան դժվար չէինք հաղթի, եթե «աբիժնիկների» թեւն իր չբավարարված հավակնություններն ավելի կարեւոր չհամարեր, քան կոմունիստական ռեժիմից ազատագրվելու կենսական ու պատմական անհրաժեշտությունն էր:

Ինչեւէ: Քանի որ պատմության կեղծարարները վխտում են մեր շուրջը, արժե նաեւ հիշեցնել, որ «կոորդինատորը» հետագայում ՀՀ վարչապետ դարձավ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկով: Ավելին, նրան տրվեց շատ ավելի ազատ գործելու հնարավորություն, քան ինքը` Նախագահն ուներ: Զուր ջանքեր. «կոորդինատորը» մինչեւ հոգու խորքը խոցված էր, նրա համար ոչ մի աթոռ նախագահական գահի քաղցրությունը չուներ: Եվ խորախոցվածը հավիտյանս հավիտենից իր երդվյալ թշնամի հռչակեց Լեւոն Տեր-Պետրոսյանին ու մինչ օրս գոյատեւում է էդ «ժենշենի» շնորհիվ: Իսկ թե հիմա որտեղ է «կոորդինատորը», որտեղ են նրա աժմական ընկեր աննկուն «հեղափոխականները» եւ ինչ հանցագործի գրպանից են ստրուկի խոնարհությամբ սնվում`բոլորը գիտեն:

Ինչու հիշեցի ու հիշեցրի այս պատմությունը: Որովհետեւ ոչինչ չի փոխվել մեր քաղաքական դաշտում: Այս բոլոր տարիներին իշխանությունների եւ գրեթե բոլոր ընդդիմադիր հորջորջվող ուժերի հիմնական թիրախը մշտապես եղել է ու կա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ե՛վ իր նախագահության տարիներին, ե՛ւ իր լռության տարիներին, ե՛ւ ընդդիմադիր ուժի առաջնորդ դառնալուց հետո:

Ինչու՞: Շատ է գրվել ու դեռ կգրվի: Նույնիսկ արդեն կարեւոր էլ չէ: Կարեւորն այն է, որ ե՛ւ մեր նորագույն պատմության շեմին էին «աբիժնիկներն» ուզում Հայաստանը չբավարարված հավակնությունների զոհ դարձնել, ե՛ւ հիմա է նույնն արվում:

Եթե հաջողեն, վա՛յ Հայաստանին: