14.01.2014 20:02

iLur Բլոգ. Անհավանականը՝ փաստ

iLur Բլոգ. Անհավանականը՝ փաստ

Ռաֆայել Թեյմուրազյան

Հունվարի 18-ին ԱԺ բոլոր ոչ իշխանական խմբակցությունները կմասնակցեն պարտադիր կուտակային կենսաթոշակների հարցով հանրահավաքին: Թվում է, թե մի շատ լուրջ հարց չէ այն իմաստով, որ ՀՀԿ-ի իշխանությանն առանձնապես չի սպառնում:

Բայց ընդամենը 1-2 տարի առաջ որևէ հարցի շուրջ նման համագործակցությունն աներևակայելի էր շատերի համար: Այդպիսի հեռանկարի ձգտողներին համակարգի քարոզչամեքենան իր «վերլուծաբաններով» ու վերահսկելի «քաղաքական» դեմքերով գամում էր անարգանքի սյանը: Սակայն ԱԺ-ում Կոնգրես-ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» ձևաչափով համագործակցությունը սկսել է շոշափելի անհարմարություններ ստեղծել ռեժիմի համար, ինչպես եղավ, օրինակ, գազային պայմանագրերի վավերացման գործընթացում: Ու հիմա այդ համագործակցությունն ԱԺ պատերից դուրս գալու միտումներ է դրսևորում:

Արդյունքում հայրենի «լրատվամիջոցներում» վերջին օրերին անհավանական ու հակաբնական «մտքերի» պակաս չի զգացվում: Օրինակ՝ շատ լուրջ դեմքով և «վերլուծական» ճկուն «մտքով» կարող են ձեզ առաջարկել ցավել ռեժիմի նախաձեռնությունների դեմ ԱԺ բոլոր ոչ իշխանական խմբակցությունների համատեղ գործողություններից, որովհետև դա շատ վատ բան է:

Մեկ ուրիշը նույն «միտքը» կարող է ձևակերպել այլ կերպ՝ արձանագրելով, որ քառյակի յուրաքանչյուր ուժ ունի իր շահը (ինչպիսի բացահայտում): Նրանց չի հետաքրքրում, որ այդ շահերը կարող են և հատվել ու համագործակցության դաշտ ստեղծել, ինչի ականատեսն ենք այսօր (և ինչը, մեր մեջ ասած, անհանգստացնում է իրենց): Փորձում են ամեն կերպ վարկաբեկել ու նսեմացնել կոնկրետ հարցի շուրջ 4 ուժերի փաստացի միասնականությունը: Դրա համար ասպարեզ է հանվել (նորից) Ռոբերտ Քոչարյանով վախեցնելու «մեխանիզմը»: Լավ իմանալով, որ Քոչարյանը քաղաքական առումով այս պրոցեսներում ունի զրոյական դեր ու միայն իրեն հիշեցնել է փորձում (էական չէ, Տիգրան Սարգսյանին իր քննադատությունը ճիշտ է թե սխալ):

Միամտություն կլինի կարծել, թե քարոզչամեքենայի վերջին շրջանի վարքի պատճառը կենսաթոշակային համակարգի ներդրման հավանական տապալումն է: Անհանգստության պատճառը քառյակի համագործակցության փաստն է, դրա շարունակականությունն ու շրջանակների աստիճանական ընդլայնումը: Երկու տարի շարունակ տարատեսակ մանիպուլացիաներով փորձ է արվել բացառել որևէ կոնսոլիդացիա որևէ հարցի շուրջ: Հունվարի 18-ն այդ փորձերի անարդյունավետության արձանագրում է:

«Վերլուծաբանները» վերջին օրերին փորձում են սպասվելիք հանրահավաքի նկատմամբ ուռճացված սպասման մթնոլորտ ձևավորել՝ հետագայում հիասթափության քարոզի հիմքեր ունենալու համար: Պետք է պարզապես հիշել, որ հունվարի 18-ին կա կոնկրետ օրակարգ և միասնականությունն այդ կոնկրետ օրակարգի շուրջ է: Ոչ ավելին: Համենայն դեպս՝ առայժմ: