15.01.2014 17:27

Ճեղքե՞ր եք տալիս. Մենք ձեզ «կօգնենք»

Ճեղքե՞ր եք տալիս. Մենք ձեզ «կօգնենք»

Իշխանական քարոզչամեքենայի համար համար 1 է հայտարարված: Բոլորին նետել են մարտի: Հետևակը, այրուձին, մինչև իսկ դեռևս երկրորդ աշխարհամարտից մնացած ու վաղուց հնացած ականները, որոնք անգամ պայթելու հնարավորություն չունեն: Բոլորին հրահանգված է խոսել: Կարևոր չէ՝ հիմնավոր, թե ոչ, միայն թե խոսել, ապա՝ կրկնել: Խուճապը, փաստորեն իր ոտքով եկել է իշխանության դուռը և խառնել բոլոր խաղաքարտերը: Տոտալ գրոհն ընդդեմ հասարակության և ընդդիմության սկսված է:

Բայց եթե ուշադիր հետևենք իշխանական, պրոիշխանական կամ տարբեր՝ իշխանական չինովնիկներից սնվող ԶԼՄ-ների մատուցած տեղեկատվությանը, ապա կարելի է նկատել նաև, որ չինովնիկները սեպարատ գրոհ են սկսել նաև իրար դեմ: Սա, անկասակած, նոր երևույթ չէ. տարբեր ԶԼՄ-ների կամ առանձին լրագրողների միջոցով (որոշակի վճարի դիմաց) այս կամ այն չինովնիկի դեմ նյութ գրել տալը իշխանական չինովնիկների համար սովորական պրակտիկա էր վաղուց: Բայց եթե դա մինչ այժմ արվում էր որոշակի բիզնես շահերի կամ պաշտոնների հետ կապված ակնկալիքներով, ապա այժմ, թվում է՝ չինովնիկներն էլ գոյության խնդիր են փորձում լուծել: Իսկ ի՞նչ է պատահել իշխանական համակարգին: Ո՞րն է այս խուճապի պատաճառը: 

Եթե ժամանակագրական առումով փորձենք արձանագրել զարգացումները, ապա կտեսնենք, որ իշխանական խուճապահար գրոհներն ընթանում և ուժգնանում են որոշակի զարգացումներին զուգահեռ: Եւ այդ որոշակի զարգացումներն, առաջին հերթին, ի հայտ եկան ԱԺ-ում: Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո շատ էր խոսվել այն մասին, որ եթե իշխանական պատգամավորները թվով զգալիորեն գերազանցում են ոչ իշխանականներին և կարող են անցկացնել ցանկացած օրինագիծ, ապա ընդդիմությունն անիմաստ է վերցնում մանդատները, կամ որ դրանք պետք է վայր դնել: ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ մանդատը վայր չդնելու կողմնակիցներն իրավացի էին: Վաղուց ապաքաղաքականացված և դակիչի դեր ստանձնած պառլամենտն այսօր սկսել է քաղաքական մարմին հիշեցնելու նշաններ տալ: Գուցե այն դեռ ամբողջությամբ չի քաղաքականացվել, բայց ընդդիմադիրների համառ և երկարատև ջանքերի շնորհիվ՝ ԱԺ-ն այսօր դարձել է քաղաքական զարգացումների թատերաբեմ: Ավելին, հաշվի առնելով իշխանությունների արձագանքը՝ կարելի է փաստել, որ այն, ինչ այսօր կատարվում է ԱԺ-ում, արդեն իսկ բավականին հաջողված է, քանի որ հասցրել է խուճապի մատնել իշխանություններին և ճաքեր առաջացնել այնտեղ: Պարտադիր կուտակային կենսաթոշակների, գազի գնի և մի շարք այլ հարցերում ոչ իշխանական 4 ուժերի՝ այս պահի դրությամբ, ինչ-որ առումով՝ նույնիսկ աննախադեպ համագործակցությունը թեև այլ քաղաքական՝ ավելի լուրջ հարթակ դեռ չի տեղափոխվել, սակայն, լրջորեն անհանգստացրել է իշխանություններին: Միավորումը, թեկուզ՝ աննշան հարցերում, հունից հանում է իշխանությանը:

Իշխանություններն իրարանցման մեջ են հայտնվել, քանի որ, մի կողմից, «մոբիլիզացիայի հոտ են առնում», մյուս կողմից էլ՝ հասկանում են, որ Սերժ Սարգսյանն այլևս անկարող է վերահսկել իրավիճակը: Հայաստանում պարբերաբար զարգացումներ են տեղի ունենում, որոնք դուրս են իշխանությունների նախածերից, և դեռ ավելին, իշխանություններն ի զորու չեն ամբողջությամբ այդ զարգացումների դեմն առնել: Սերժ Սարգսյանն, ըստ էության, արդեն կատարյալ զրոյական դերակատարություն ունի իշխանական համակարգում, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյան քաղաքական գործոնը արդեն գոյություն չունի: (Թարսի պես էլ՝ «կարճատև արձակուրդից» չի վերադառնում ու չի վերադառնում):

Այսպիսով՝ ոչ իշխանական ուժերի հնարավոր մոբիլիզացիան՝ մի կողմից, և Սերժ Սարգսյանի կատարյալ անզորությունը՝ մյուս կողմից, կատարելապես պարալիզացրել են իշխանական մեքենան, որի ամեն մի առանձին մասնիկը եթե հրապարակավ փորձում է դեռ աշխատացնել այն, ապա ներքին կարգով փորձում է միայն սեփական հարցերը լուծել՝ ենթագիտակցորեն հասկանալով, որ ճահճի մեջ հայտնված իշխանական մեքենան տեղից շարժելու շանս չկա:

Դեռ ամիսներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ գազի ու էլեկտրաէներգիայի գները բարձրանալու են, բազմաթիվ կանխատեսումներ եղան, որ եթե ազգաբնակչությունն այդ թանկացումները դեռևս չի զգում, ապա դա չի նշանակում, որ ցրտերն ընկնելուն պես էլ չի զգալու, և որ ձմռան ամիսներին դժգոհությունների նոր ալիք է սկսվելու թանկացումների հողի վրա: Դրանք ո՛չ հոռետեսական կանխատեսումներ էին, ո՛չ չարախնդում, դրանք սովորական՝ առկա իրողությունները վերլուծելու արդյունքում ստացված եզրակացություններ էին: Բոլորը հասկանում էին, որ նոր ալիքն անխուսափելի է լինելու, և այդ նոր ալիքն արդեն առարկայանում է: Ալիքն արդեն ձևավորվում է: Այդ ալիքում դեռևս չկան միայն նրանք, ովքեր կամ իշխանության մեջ են և կոմունալ վճարները կատարելու հարցում գումարի խնդիր չունեն, կամ էլ դեռ չեն ստացել դեկտեմբեր ամսվա կոմունալ վարձավճարների տվյալները:

Առջևում փետրվարն է, և իշխանությունները բոլորից լավ գիտեն՝ համաժողովրդական փետրվարյան զարթոնքների զորության մասին: Իշխանությունները գիտակցում են, որ եթե նախկինում առկա դժգոհությունները գոլորշի բաց թողնելով ինչ-որ չափով կարողանում էին զսպել, ապա այժմ նույնիսկ գոլորշին չի փրկելու իրենց: Չի փրկելու նաև հիստերիկ ու չհիմնավորված հակաքարոզչությունը՝ սպասվող պատերազմների, արհավիրքների, վատից վատագույնների վերադարձի մասին, ընդդիմության անունը այլ անձանց հետ կապելու փորձերը: Իշխանությունը ճեղքեր է տալիս արդեն, ժամանակն է նրանց այդ հարցում «օգնել»:

Քրիստինե Խանումյան