21.01.2014 12:07

ՄԱԿ-ը ետ է կանչել Իրանի՝ Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելու հրավերը

ՄԱԿ-ը ետ է կանչել Իրանի՝ Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելու հրավերը

ՄԱԿ-ը ետ է կանչել Իրանի հրավերը՝ մասնակցելու Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված համաժողովին: ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին քննադել է Թեհրանին այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է պաշտպանել Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելու պլանը, որի համար էլ հրավիրվում է այդ համաժողովը:

Սիրիական վարչակարգի առանցքային դաշնակիցը հանդիսացող Իրանի ներկայացուցիչներին  Շվեյցարիա  հրավիրելը հարուցել էր Ամերիկայի և սիրիական ընդդիմության զայրույթը: Վերջինս սպառնացել էր չմասնակցել բանակցություններին, եթե Իրանը նույնպես մասնակցի դրանց:

Չորեքշաբթի օրն անցկացվելիք խաղաղության կոնֆերանսը կոչված է դառնալու դիվանագիտական ջանքերի գործադրման խոշորագույն դրսևորումը, որի նպատակն է վերջ դնել Սիրիայում արդեն երեք տարի շարունակվող զինված հակամարտությանը: Ակնկալվում է, որ վաղը շվեյցարական Մոնտրյո քաղաքում մեկնարկող, ապա Ժնևում շարունակվող համաժողովին ներկա կգտնվեն սիրիական կառավարության և հիմնական ընդդիմադիր խմբավորման՝ Սիրիական ազգային դաշինքի պատվիրակությունները, փոխանցում է BBC-ն: