23.01.2014 17:09

Իրանի նախագահը չի բացառում ԱՄՆ դեսպանատան վերաբացումը Թեհրանում

Իրանի նախագահը չի բացառում ԱՄՆ դեսպանատան վերաբացումը Թեհրանում

Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կարծիքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիավանագիտական հարաբերությունների վերականգնումը հնարավոր է, եթե այդ ուղղությամբ աշխատանք տարվի, հինգշաբթի հաղորդել է РИА Новости-ն: Պատասխանելով շվեյցարական ֆրանսալեզու RTS հեռուստատեսության հարցին, թե արդյոք հնարավո՞ր է՝ երբևէ Թեհրանում կրկին ԱՄՆ դեսպանատուն հայտնվի, Ռոուհանին ասել է. «Ոչ մի թշնամանք հավերժ չի ձգվում, և ոչ մի բարեկամություն հավերժական չէ: Մենք պետք է թշնամանքը վերածենք բարեկամության»:

Ռոուհանին հարցազրույցը տվել է չորեքշաբթի Դավոսում, ուր ժամանել է Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու: Նա հայտարարել է, որ անցյալում Վաշինգտոնի հետ հարաբերությունները բարդ են եղել, սակայն այդ խնդիրը կարող է լուծվել, եթե ջանքեր գործադրվեն այդ ուղղությամբ: «Այդ ջանքերն անհարաժեշտ են՝ երկու կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորելու համար: Իրանը ձեռք է մեկնում աշխարհի բոլոր երկրներին և ուզում է բարեկամություն հաստատել բոլորի հետ»,- ընդգծել է Իրանի նախագահը:

Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել են 1980 թ., այն բանից հետո, երբ Թեհրանում իրանցի արմատական ուսանողությունը գրավել էր ամերիկյան դեսպանատունը: Այժմ ԱՄՆ շահերն Իրանում ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանատունը, փոխանցում է trend-ը: