23.01.2014 18:18

ԲՀԿ-ական պատգամավոր. Գլոբալ հարցերի շուրջ համակարծիք ենք

ԲՀԿ-ական պատգամավոր. Գլոբալ հարցերի շուրջ համակարծիք ենք

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը

- Պարոն Մարգարյան, ավարտվեց 2013 թվականը, և տեսնում  ենք, որ կառավարությանն այդպես էլ չհաջողվեց ապահովել տարեսկզբին խոստացված 7 տոկոս տնտեսական աճը: Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը:

- Տեղի ունեցածի հիմնական պատճառը կառավարության վարած ոչ ճիշտ տնտեսական քաղաքականությունն է: Այս կառավարությունն իր ծրագրում ոչ միայն ճիշտ չի մատնանշել երկրի գերակայությունները, այլև անգամ իր հայտարարած գերակայություններին չի հետևում: Ի սկզբանե պարզ էր, որ կառավարության կողմից ներկայացված է անիրատեսական, միևնույն ժամանակ՝ սկզբունքորեն սխալ ծրագիր: Իսկ նման ծրագիրը չի կարող տնտեսական աճ ապահովել: Կառավարությունն իր սկզբնական ծրագրում հայտարարել էր ամեն տարի 5-7 տոկոս աճ, տարեվերջին կանխատեսեցին 4.1 տոկոս աճ, ու թեև 2013թ. տնտեսական աճը վերջանականապես ամփոփված չէ, սակայն ակնհայտ է` նույնիսկ սա չեն կարողացել ապահովել: Արդյունքում՝ կառավարությունն աստիճանաբար հասարակության  աչքում կորցնում է իր լեգիտիմությունն ու վստահությունը: Դա ցույց տվեցին 2013թ. տարեվերջի և այս տարվա սկզբի իրադարձությունները:

Ընդհանրապես, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս կառավարությանը յուրահատուկ է անիրատեսական, մեծ-մեծ ծրագրեր հայտարարելն ու հետո դրանք տապալելը: Հիշում եք՝ Հայկական աշխարհի, Գյումրու տեխնոպարկի, Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու մասին ծրագրերը: Ի՞նչ եղան դրանք:

- Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այն կառավարությունը, որը չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Կառավարության հրաժարականի հարց պատրաստվում են բարձրացնել խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը, կառավարությանն անվստահություն հայտնելու մասին են ակնարկում նաև որոշ ՀՀԿ-ականներ: Ձեր կարծիքով՝ «ո՞ւմ ձեռքով կգնա» կառավարությունը՝ իշխանությունների՞, թե՞ ոչ կոալիցիոն  ուժերի:

- Այս կառավարությունը փայլուն ձևով ապացուցեց, որ ինքը տապալել ու տապալելու է ամեն ինչ: Սա պարզ է բոլորի համար: Ինչ կանեն չորս ուժերը՝ կիմանաք առաջիկայում. մենք քննարկում ենք մեր քայլերը, դրանց նպատակահարմարությունը: Բայց նաև կարևոր է, թե այս ամենից ինչ հետևություն կանի և ինչ դիրք կգրավի իշխող մեծամասնությունը: Դատելով վերջին շրջանում խորհրդարանական մեծամասնության պատգամավորների ելույթներից՝ ես դեռ չեմ տեսնում նման ազդակներ: Ի վերջո, այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, իսկապես ազգային անվտանգության խնդիր է, և ես կարծում եմ՝ ով ունի այս դրությունը շտկելու լծակ, պետք է այն օգտագործի: Այսպես շարունակել այլևս չի կարելի: Հասարակությունը գնալով հուսալքվում ու բարոյալքվում է, ժողովուրդը գնալով ոչնչի չի հավատում՝ բացի արտագաղթելուց:

- Խորհրդարանական չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Ժառանգությունը, վերջին շրջանում ակտիվ համագործակցում են: Ձեր կարծիքով, այս համագործակցությունը հետագայում ավելի խորանալու հնարավորություններ ունի՞, թե՞ ոչ:

- Դեռ ԱԺ ընտրություններից առաջ էր ԲՀԿ-ն հայտարարել, որ մենք կողմնակից ենք ավելի լայն կոնսոլիդացիայի ինչպես քաղաքական, այնպես էլ հասարական ուժերի միջև: Այդ տեսակետին ենք մենք նաև այսօր: Կարծում ենք՝ եղածը ոչ միայն պիտի պահպանել, այլև՝ ավելի խորացնել: Ես հասկանում եմ՝ քաղաքական ուժերի միջև խորը համագործակցությունը միակողմանի չի լինում: Այսօր ակնհայտ է՝ քաղաքական ուժերը համաձայն են խորը համագործակցության: Պետք է ավելի սերտ համագործակցության գնալ նաև քաղաքացիական հասարակության, հասարակական կառույցների հետ, այն խմբերի հետ, որոնք լուրջ խնդիրներ ունեն, ձևակերպում են դրանք ու ցանկանում են լուծել: Առանց նման լայն կոնսոլիդացիայի՝ երկրում հնարավոր չէ առաջ գնալ, որովհետև դիմացը պատ է: Դու ասում, ապացուցում ես ամեն ինչ, բայց վեր է կենում մեկն ու հայտարարում՝ «ինչ ասում ես, լավ է, բայց…», ու ոչինչ չեն անում: Այնպես որ, խնդիրները լուծելու հաջողության գաղտնիքն ավելի մեծ կոնսոլիդացիայի գնալու, ավելի լայն խնդիրներ դնելու, հասարակության ավելի լայն շերտերի ներքաշելու մեջ է: Մենք գնալու ենք դրան:

- Իշխանությունները կարծես թե փորձում են հակադրել քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, փորձում են առաջ տանել տեսակետը, թե քաղաքական ուժերը օգտագործում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ դիվիդենտներ շահելու նպատակով: Ինչպե՞ս կարձագանքեք սրան:

- Ես շատ ուրախ եմ, որ հասարակության մեջ կան ոչ քաղաքական կազմակերպություններ, որոնք կոնկրետ խնդիրներ են դնում ու պահանջում դրանք լուծել: Լավ է, երբ մարդիկ բարձրացնում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը հանելու խնդիրը, բայց եթե քաղաքական կուսակցությունները չզբաղվեն այդ խնդրով, կարծում եմ՝ սխալ կլինի, և այդ հարցը լուծելը դժվար կլինի: Որովհետև ակնհայտ է, որ այս հարցը քաղաքական լուրջ ենթատեքստ ունի: Ու սա ակնհայտ է բոլորի համար: Հիմա հակադրել քաղաքական ու քաղաքացիական հասարակությանը, կարծում եմ՝ դիտավորություն է, որը նպատակ ունի նսեմացնել ընդդիմադիր ուժերի դերը: Բայց ես կարծում եմ, որ այս էժանագին քայլը չի աշխատի, որևէ հաջողության չի հասնի:

- Ձեր կարծիքով՝ ոչ կոալիցիոն ուժերի օրակարգում առաջիկայում ավելի գլոբալ հարցեր կընդգրկվե՞ն, թե՞ ոչ:

- Համենայն դեպս՝ համագործակցության այս ընթացքը ցույց է տալիս, որ օրակարգը գնալով ընդլայնվում է: ԱԺ-ում սկզբնական շրջանում դեպքից դեպք էր լինում որևէ հարցի շուրջ միավորվելը: Բայց գնալով համագործակցությունը ավելի ու ավելի է կայանում, և ցանկացած հարցի շուրջ մենք խորհրդակցում ու քննարկում ենք, փորձում ենք համատեղ հանդես գալ: Իհարկե, լինում են հարցեր, որոնց շուրջ մենք համակարծիք չենք լինում, և դա նորմալ է: Եթե ամեն ինչում համաձայնեինք, մի կուսակցություն կլինեինք: Իհարկե, ամեն կուսակցություն իր առանձին տեսակետն ունի: Բայց կարծես թե՝ գլոբալ հարցերի շուրջ համակարծիք ենք:

Արման Գալոյան