24.01.2014 11:10

Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային հավաքականները կհանդիպեն Կրասնոդարում մարտի 5-ին

Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային հավաքականները կհանդիպեն Կրասնոդարում մարտի 5-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ս.թ. մարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպում: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը: ՖԻՖԱ-ի օրացույցով միջազգային ընկերական հանդիպումների առաջին պաշտոնական օրը Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 22-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուսաստանի ազգային հավաքականի հետ: Սա Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային հավաքականների առաջին ընկերական հանդիպումն է: Պաշտոնական մրցաշարերում երկու երկրների ազգային հավաքականները հանդիպել են 4 անգամ: Եվրոպայի 2000 թ. առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է մեր ընտրանուն՝ 3:0 և 2:0 հաշիվներով: Եվրո-2012-ի ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0, իսկ Սանկտ-Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթել են ռուսները: Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 6-ին Մայնցում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Գերմանիայի ազգային հավաքականի հետ: