31.01.2014 13:40

Դ.Հարությունյան. Կառավարության առարկությունները որեւէ ողջամիտ մոտեցման դեպքում քննադատության չեն դիմանում

Դ.Հարությունյան. Կառավարության առարկությունները որեւէ ողջամիտ մոտեցման դեպքում քննադատության չեն դիմանում

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը

- Պարոն Հարությունյան, եզակի դեպք է, երբ ԱԺ բոլոր վեց խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել «Դատախազության մասին» և ԱԺ կանոնակարգ օրենքներում փոփոխությունների առաջարկով` հստակեցնելով ՀՀ գլխավոր դատախազի` ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնելու ընթացակարգը: Սակայն կառավարությունը մերժել է այս նախագիծը, ավելին` պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այն բավական թեժ քննարկումների առիթ դարձավ: Ինքներդ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ամենը:

- Օրենսդրական այդ փոփոխությունները բխում են եվրոպական սկզբունքներից, ընդ որում` ԵԽ-ն, Վենետիկի հանձնաժողովը, դատախազների խորհրդակցական մարմինը, որ դարձյալ գործում է ԵԽ շրջանակներում, բազմիցս անդրադարձել են դատախազների հանրային հաշվետվողականությանը: Եվ հետաքրքիրն այն է, որ ամենակարևոր սկզբունքը հետևյալն է. որքան անկախ, կենտրոնացված է դատախազական համակարգը, այնքան ավելի շատ պետք է ապահովել հանրային հաշվետվողականությունը: Հանրային հաշվետվողականություն ասելով` պետք է հասկանալ, որ կան բազմաթիվ մոդելներ, սակայն այդ մոդելների մեջ կարևոր դերակատարում ունի նաև համապատասխան խորհրդարաններին հաշվետվություն ներկայացնելը: Սա` հատկապես այն երկրներում, որտեղ դատախազը նշանակվում է խորհրդարանի կողմից: Ես կարծում եմ` դատախազի հաշվետվությունը պետք է ցույց տա, թե ինչպես է աշխատել դատախազությունն անցած տարվա ընթացքում, ինչ արդյունքների է հասել, ինչ դժվարություններ է ունեցել, և դրա համար իսկապես պետք է քննարկում:

- Իսկ ինչո՞ւ հիմա եք գնում այդ քայլին:

- Նախկինում ձևավորված ավանդույթը ճիշտ չէր: Նախկինում մենք ունեցել ենք գլխավոր դատախազի` խորհրդարանում հաշվետվություն ներկայացնելու պրակտիկա, սակայն 2001թ. սկսած ամեն ինչ կանգ առավ, ընդ որում` իմ խորին համոզմամբ, բացարձակապես անհիմն մեկնաբանությունների հիման վրա: Այն ժամանակ հարց բարձրացվեց, թե ԱԺ լիազորությունները նշված են Սահմանադրության մեջ, և այդ լիազորությունների շարքում նման լիազորություն չկա: Այդ մեկնաբանությունն անողները պետք է փոքր-ինչ ավելի խորը ուսումնասիրեն թե՛ Սահմանադրությունը, թե՛ լիազորություն բառի իմաստը, քանի որ այդ մեկնաբանություններով առաջնորդվելու դեպքում մենք նաև լսումներ անցկացնելու, պաշտոնյաներին լսումների հրավիրելու, ՄԻՊ-ի զեկույցը լսելու հնարավորություններ չպիտի ունենանք: Բայց այդ մեկնաբանությունները, կրկնում եմ, անհիմն են:

-Խոսենք կառավարության դիմադրության մասին. Ձեր կարծիքով, կառավարությունն ինչո՞ւ մերժեց վեց խմբակցությունների նախագիծը, արդյո՞ք  հիմնավորումները դուք ճիշտ եք համարում:

-Ինձ դժվար է բացատրել, թե ինչու: Ես կարծում եմ` հավանաբար հին, թյուր մեկնաբանությունն է գերակայել տվյալ պարագայում, և կարծում եմ` կառավարությունը չի փորձել ծանոթանալ այլ երկրների փորձին: Ես չխոսեմ շատ ավելի ժողովրդավարական երկրների մասին, որտեղ այս պրակտիկան լայնորեն կիրառվում է, բերեմ ՌԴ-ի օրինակը, որտեղ գլխավոր դատախազը տարեկան մեկ անգամ հանդես է գալիս օրենսդիր մարմնում հաշվետվությամբ: Այնպես որ, այդ պրակտիկան բազմաթիվ երկրներում առկա է, և մենք հեծանիվ չենք հորինում: Իսկ կառավարության առարկությունները, թե դատախազությունը դատական իշխանության մասն է, որ դա կդիտվի դատական իշխանության միջամտություն, և այլն, և այլն, կարծում եմ` որևէ ողջամիտ մոտեցման դեպքում քննադատության չեն դիմանում:

-Այնուամենայնիվ, սա կառավարության կողմից թյուրընկալմա՞ն խնդիր է, թե՞ խոսում է իշխանության տարբեր թևերի, խորհրդարան-կառավարություն հակասությունների մասին:

- Ես նման եզրակացություն չէի անի.կառավարությունն ունի մի դիրքորոշում, խորհրդարանը` մեկ այլ դիրքորոշում, մեր դիրքորոշումները պետք է բացահայտ հնչեն, լինի կարծիքների բախում և արդյունքում ձևավորվի օրենսդրությունը: Սա բնական գործընթաց է:

- Կխնդրեի անդրադառնալ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի պահվածքին, նրա և պատգամավորների միջև վեճին. արդյոք պատրաստվո՞ւմ եք նրա պահվածքի վերաբերյալ դիմել վերադաս մարմիններին կամ էթիկայի հանձնաժողով:

- Ես այդ աստիճան չէի դրամատիզացնի այդ հարցը, և չեմ կարծում, որ սա այն հարցն է, որին մենք պետք է այդքան ուշադրություն ու ժամանակ տրամադրենք: Իհարկե, աշխատանքի ոճերի տարբերություն կա, բայց կարծում եմ` համատեղ աշխատանքի արդյունքում թերությունները կշտկվեն:

Արման Գալոյան