01.02.2014 17:45

Բացառիկ մանրամասներ Ս. Սարգսյանին Չեխիայում ցուցաբերած «ընդունելությունից». Տեսանյութ

Հունվարի 30-ին, Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած այցի ընթացքում Պրահայում բնակվող մի խումբ հայեր, «Հայկական վերածնունդ» կազմակերպության մասնակցությամբ, բողոքի ցույց են կազմակերպել: Ցուցարարները Չեխիայի նախագահական պալատի դիմաց հանդես են եկել «Սերժ, մի վաճառիր մեր հայրենիքը», «Հանուն ժողովրդավար Հայաստանի», «Ոչ Մաքսային միությանը» եւ այլ բովանդակության պաստառներով:

«Հայկական վերածնունդ» կազմակերպության Պրահայի մասնաճյուղի անդամ Բագրատ Առաքելյանը, որը նաեւ տրամադրել է տեսանյութը, iLur.am-ին տեղեկացրեց հունվարի 31-ին տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպման որոշ մանրամասների մասին:

Նախ, Սարգսյանի անվտանգության աշխատակիցները պահանջել են դահլիճից հեռացնել բոլոր տեսանկարահանող սարքերը` թողնելով միայն Ս. Սարգսյանի աշխատակազմի լրատվական ծառայության տեսախցիկները:

Հանդիպման մասնակիցներից լրագրող, տարիներ առաջ Չեխիայում բնակություն հաստատած Շուշան Ղազարյանը հարց է ուղղել Սարգսյանին արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքի վերականգնման վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ի պատասխան նշել է, որ «դա շատ դժվար է անել եւ անիմաստ»: «Հայերը շատ են եւ ամենուր, մենք հո չենք կարող, ասենք, Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի հայերի համար ընտրատարածք բացել»,- ասել է նա: (Սովորաբար արտերկրում բնակվող քաղաքացիների համար ընտրատարածքներ են բացվում տվյալ երկրի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում– խմբ.):

Պրահայի հայկական դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը հիշեցրել է Շառլ Ազնավուրի հայտնի մտահոգության մասին, որ Հայաստանը դատարկվում է մի քանի մաֆիոզների պատճառով: Ի պատասխան, Սարգսյանը նշել է, թե «Ազնավուրը լավ երգիչ է, բայց Հայաստանի իրականությանը ծանոթ չէ»: (Շառլ Ազնավուրը Սերժ Սարգսյանի հրամանով արդեն շուրջ վեց տարի զբաղեցնում է Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը):

Երբ «Հայկական վերածնունդ» կազմակերպության անդամ Բագրատ Առաքելյանը հարց է ուղղել Մաքսային միությանն անդամակցելու կուրսի մասին` նշելով, որ այդ որոշումը կայացվել է միանձնյա` առանց ՀՀ քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու, Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել «փողոց դուրս գալու փոխարեն տանը նստած ծանոթանալ Մաքսային միությանը միանալու պայմանագրի մանրամասներին»: (ՄՄ-ին միանալու Ճանապարհային քարտեզի պարունակությունը, չնայած մի շարք լրատվամիջոցների ուղղած հարցումների, ԱԳՆ-ը հրաժարվում  է հրապարակայնացնել-խմբ.):