03.02.2014 11:53

Խմբագրական. Քաղաքականապես հայ լինելը

Խմբագրական. Քաղաքականապես հայ լինելը

Մեկը կարող է ազգությամբ (էթնիկապես) հայ, բայց քաղաքականապես «օտար» լինել: Իհարկե, «քաղաքականապես օտար» ձեակերպումն օգտագործում ենք զուտ պայմանականորեն՝ չհավակնելով վիճարկել ինչ-որ մեկի հայ լինելը, եւ առավել եւս` շատ հեռու ենք «իսկական» եւ «ոչ իսկական» հայեր փնտրելու մտքից: Մեր ասած «քաղաքականապես հայը» նաեւ «քաղաքացիական» ազգի մասին չէ, թեեւ որոշ կետերում այդ երկուսի միջեւ առնչություններ կան: Քաղաքականապես հայ՝ պայմանական, բայց, ըստ մեզ, բավականին հստակ սահմանելի եզրը ներմուծելով՝ նկատի ունենք մարդ կամ խումբ, որի քաղաքական դիրքորոշումները բխում են հայաստանակենտրոն դիտակետից: Սա, իհարկե, դեռ շատ վերացական սահմանում է, որը կփորձենք բացել ավելի շոշափելի օրինակներով եւ ձեւակերպումներով: Ասենք միայն, որ խոսքը ոչ թե «հայրենասիրության» մասին է, որը վերաբերում է մարդու գիտակցված կամ հռչակագրային դիրքորոշմանը, այլ հաճախ հենց կրողի կողմից չգիտակցվող կառուցվածքի մասին: Այժմ դիտարկենք ավելի կոնկրետ:

Երկվորյակ եղբայրները

Ռուսամոլ հայ մտավորականի եւ գործչի տիպը հայտնի է եւ բավականին նկարագրված: Այսօր մեր աչքի առաջ ձեւավորվում է սրան հայելային հակադիր (իսկ դա նշանակում է` փաստացի նույն կաղապարով «պատրաստված») արեւմտամոլ տիպը (քանի որ երկուսի կաղապարը նույնն է, եւ տարբեր են միայն, այսպես ասած, «պլյուսնումինուսը», ապա պատահական չէ, որ նոր ձեւավորվող կամ ավելի ստույգ՝ վերածնվող արեւմտամոլ տիպի վառ ներկայացուցիչների մի մասը նախկին ռուսամոլ է կամ առնվազն` «ռուսերեն մտածող»: Իսկ եթե ավելի խորանանք պատմական ակունքների մեջ, ապա հայկական ռուսամետությունն ընդամենը հայկական արեւմտամետության ճյուղավորումներից, ռեպլիկներից, եթե չասենք` ի վերջո ապօրինի զավակներից է): Պատահական չենք այստեղ օգտագործում «մոլություն» բնորոշիչը` «մետության» փոխարեն, որովհետեւ արեւմտամետ կամ ռուսամետ քաղաքական կամ մշակութային կողմնորոշումներն ավելի բարդ երեւույթներ են եւ կարող են դիտվել որպես հայաստանակենտրոն դիրքորոշման աշխատանքային գործիքներ` այս կամ այն քաղաքական իրավիճակում: Ռուսամոլությունն ավելի ներկայացված է մտավորականության հին, իսկ արեւմտամոլությունը՝ միջին եւ նոր սերունդների մեջ՝ հասկանալի պատճառներով:

Ռուսամոլը

Քանի որ ռուսամոլն ավելի ծանոթ կերպար է, սկսենք նրանից: Հռչակվող հայկական հայրենասիրության այս տիպի աշխարհընկալումը կարելի է բնութագրել որպես «գլոբալիստական»: Թե՛ աշխարհի, թե՛ Հայաստանի իրադարձությունները նրան, ըստ էության, հետաքրքրում են այս՝ «գեոպոլիտիկ» տեսակետից: Օրինակ, գրեթե ցանկացած հեղափոխություն` աշխարհի ցանկացած կողմում նա ընկալում է որպես արեւմտյան դավադրություն եւ, անկախ կոնկրետ պայմաններից, միշտ հակված է համակրել իշխանամետ ուժերին (կար ժամանակ, երբ հակառակն էր. հեղափոխությունը կապվում էր Ռուսական հեղափոխության հետ, եւ համապատասխանաբար` հեղափոխությունները դիտվում էին որպես ռուսական դավադրություն, բայց դրա մասին այժմ քչերն են հիշում): Երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունները նրան եւս հետաքրքրում են նախեւառաջ այս՝ «գլոբալ-գեոպոլիտիկ» տեսակետից. նրա հայրենասիրական օրակարգում, օրինակ, հազվադեպ են պատահում տնտեսական, սոցիալական, իրավական եւ հայաստանցի բնակչության լայն զանգվածին առաջին հերթին հուզող այլ հարցեր: Այդ բոլոր կետերի շուրջ նրա կարծիքն անհայտ է: Համենայն դեպս, նա պատրաստ չէ, պատկերավոր ասած, «բարիկադներ» ելնել նման «մանր» տեղական օրակարգերի շուրջ: Նա քաղաքականապես ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ իրեն թվում է, որ կա «արեւմտյան» վտանգ որեւէ ոլորտում: Ու քանի որ՝

ա. նման մոլի հակաարեւմտյան դիրքորոշումը ոչ մի հիմնավորում չունի հայկական միջավայրում, եւ

բ. ներհայաստանյան հարցերն օրակարգային չեն դրա համար, ապա կարող ենք պնդել, որ այս տիպին պատկանող մարդիկ, ազգությամբ հայ լինելով, քաղաքականապես հայ չեն, եւ դիտակետը, որից նրանք գնահատում են ներքին եւ արտաքին իրողությունները, եւ համաձայն որի կողմնորոշվում են՝ Հայաստանում չէ: Հայաստանը կենտրոն չէ, նպատակ չէ, այլ ընդամենը միջոց, «փտող Արեւմուտքի» դեմ պայքարի ռազմադաշտերից մեկը, բայց ոչ` միակը: Նման մարդու տեսակետից, ասենք, Մուամար Քադաֆին ավելի կարեւոր ու նույնիսկ ավելի մոտիկ կարող է լինել, քան մարտի մեկին զոհված հայաստանցին: Նրա «հայրենասիրությունն» ընդամենը ռուսական համապատասխան կաղապարի տեղայնացումն է, որը գուցե հաշվի է առնում որոշ տեղական երանգներ, բայց էությամբ հայկական չէ, հայկական միջավայրից չի բխում:

Արեւմտամոլը

Արեւմտամոլ տիպն իր կառուցվածքով, հոգեբանությամբ, ըստ էության, նույնն է. տարբերվում է միայն մակերեսը, այսպես ասած` գունավորումը: Այնտեղ, որտեղ ռուսամոլի համար պլյուսն է, արեւմտամոլի համար մինուսն է: Չնայած արեւմտամոլն էլ է հաճախ խոսում հայրենասիրական դիրքերից, բայց նրա ընկալումը նույնպես փաստացի «գլոբալիստական» է եւ «գեոպոլիտիկ»: Հանուն անկախության պայքարը նա, չգիտես ինչու, նույնացնում  է արեւմտամետ դիրքորոշման հետ: Չնայած, ի տարբերություն ռուսամոլի, արեւմտամոլի օրակարգում ավելի շատ տեղ են զբաղեցնում ներքին հարցերը, հասարակությանն իրապես հուզող խնդիրները, սակայն նա հակված է մեծամիտ էլիտիստական դիրք գրավել հայաստանցիների մեծ մասի նկատմամբ, որոնց համարում է «քյարթ», «չհասկացող», իսկ հիստերիկ նոպայի պահերին` նույնիսկ «ստրուկ», քանի որ նրանց օրակարգում գոյություն չունի հակառուսական պայքար կամ Հայաստանի անդամակցում Եվրամիությանը: Այն, որ «գեոպոլիտիկան» գերակայում է ներքին բովանդակային հարցերի նկատմամբ, ցույց տվեցին հատկապես 2013 թվականի զարգացումները, երբ հայաստանյան արեւմտամոլների մեծ մասը, բացահայտորեն կամ լռելյայն, պատրաստ էր ճանաչել Սերժ Սարգսյանի վարչակարգը՝ որպես «չարյաց փոքրագույն», եթե սա ընդունի եվրոպամետ ուղղություն: Ավելին, արեւմտամոլ գործիչների շուրթերից նույնիսկ կարծիք հնչեց, թե Հայաստանի ժողովուրդը պարտավոր է դիմակայել ռուսական հնարավոր պատժամիջոցների` հանուն եվրաասոցացման գործընթացի, իսկ ոմանք նույնիսկ պնդում էին, թե պատերազմին էլ պետք է դիմանալ (սա արդեն վկայում է անմեղսունակության սահմանին հասած անպատասխանատվության մասին): Այսպիսի մարդկանց համար Հայաստանը փաստացի հետաքրքիր է ոչ թե ինքնին, ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց՝ հակառուսական «գեոպոլիտիկ» պայքարի պլացդարմ: Այսինքն, այս մարդիկ մտածում են ոչ թե որպես հայեր, այլ որպես եվրոպացիներ, որոնց համար Հայաստանն ու Հայաստանի ներքին հարցերը, օրինակ` նույն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ այլն, ի վերջո ստորադասված են գեոպոլիտիկ շահերին:

Հայաստանի ֆորպոստացումը՝ ծրագիր

Դժվար չէ նկատել ռուսամոլ եւ արեւմտամոլ դիրքորոշումների կառուցվածքային նույնությունը եւ ընդամենը գունավորման տարբերությունը: Քանի որ դա առավել քան ակնհայտ է, այդ կետի վրա չենք կենտրոնանա: Նշենք միայն, որ երկուսի համար էլ Հայաստանը սոսկ միջոց է եւ հետաքրքիր է ոչ թե ինքնին, այլ որպես մեծ ուժերից որեւէ մեկի ֆորպոստ, իսկ փաստացի քաղաքական նպատակ է դառնում սեփական երկրի ներքաշումը մեծ ուժերի գեոպոլիտիկ բախումների մեջ, Հայաստանն այդ բախումների ռազմադաշտերից մեկի վերածելը:

Մի քանի հավելյալ դիտարկում

Իսկ այժմ` նախքան ամփոփիչ մասին անցնելը, կուզենայինք ուշադրություն դարձնել արեւմտականության հետ կապված մի երկու կարեւոր նրբությունների:

ա. Արեւմտամոլությունը պետք չէ շփոթել ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային արեւմտամետության հետ: Հայկական մշակույթը կազմում է արեւմտյան մեծ մշակութային դաշտի անքակտելի մասը (ինչպես եւ, ի դեպ, ռուսականը), եւ այդ իմաստով` ցանկացած հայ մշակութապես, այսպես ասած` «ի ծնե» արեւմտամետ է: Էլ չենք խոսում այն մասին, որ այսօրվա աշխարհում արեւմտյանը փաստացի դարձել է համաշխարհայինի հոմանիշ, եւ չնայած տեղական բազմաթիվ առանձնահատկություններին, արեւմտյանին այլ՝ այլընտրանքային ճանապարհ գոյություն չունի: Բայց այս ամենը որեւէ կապ չունի արտաքին քաղաքական դիրքորոշումների հետ, որոնք բխում են ոչ թե մշակութային, այլ կոնկրետ ժամանակի եւ տարածքի ուժային հաշվեկշիռներից:

բ. Վերջին՝ քաղաքական եւ մշակութային կողմնորոշումների միմյանցից անկախության կետի առումով չափազանց կարեւոր է նկատի ունենալ հետեւյալ հարակարծությունը: Քաղաքական եւ մշակութային (միջնադարում՝ կրոնական) կողմնորոշումների տարբերակումը հենց արեւմտյան քաղաքակրթության կարեւորագույն ձեւակերպումներից է, որը տարանջատում է միջնադարի միտքը նոր շրջանի եվրոպական մտքից: Հենց եվրոպական նոր շրջանի քաղաքական տեսությունն է ձեւակերպել ուժերի հաշվեկշռի, ազգային շահի հղացքներն` ի հակադրություն կրոնական (այսօրվա լեզվով՝ մշակութային) ընդհանրությունների հիման վրա մշակվող քաղաքականության տեսությանը (գործնականում՝ քաղաքականությունն, իհարկե, միշտ եղել է իրապաշտական, սակայն, կարեւոր է ոչ միայն լինելը, այլեւ գիտակցումը, մեկնաբանությունը, տեսությունը): Ըստ այդմ՝ հայաստանյան արեւմտամոլները զարմանալիորեն կրողը չեն հենց եվրոպական, արեւմտյան մշակույթին բնորոշ կարեւորագույն հղացքի: Փաստացի վերականգնողը լինելով միջնադարյան քաղաքական մտածողության՝ նրանք զարմանալիորեն «արեւելքցի» են իրենց ներքին մշակույթով: Արեւմտյան դասական  մտածողության եւ ներքին մշակույթի կրողը, իրական մշակութային «արեւմտամետը» Հայաստանում կարող է լինել միայն հայաստանակենտրոն:

գ. Հայաստանյան հասարակության լայն շերտերն, ի հեճուկս էլիտիստական հղացքների, ունեն սեփական շահի բարձր գիտակցություն եւ թեկուզ առօրյա առողջ բանականության մակարդակում հասկանում են, որ Հայաստանի օրակարգը նախեւառաջ ներքին է, որ մեր երկրի կենսական պահանջներն են ոչ թե արտաքին կողմնորոշումները, ոչ թե գեոպոլիտիկ պայքարը, այլ օրինականության, սոցիալական արդարության, տնտեսական զարգացման խնդիրները: Այլ կերպ ասած՝ հայ հասարակության լայն շերտերը շատ ավելի արեւմտամետ են ըստ էության, այլ ոչ թե ըստ ձեւի, քան իրենց արեւմտամետ համարող «մոլիները», որովհետեւ մեր հասարակության ուզածը ոչ այլ ինչ է, քան արեւմտյան համարվող (այսօր արդեն՝ համամարդկային) հիմնարար արժեքներին համապատասխանող հասարակություն: Հայ հասարակությունը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ոտքի կանգնել հանուն այդ արժեքների, իսկ ահա հանուն ինքնանպատակ գեոպոլիտիկայի՝ ոչ, որի համար էլ էլիտիստական արեւմտամոլությունը հայ ժողովրդին համարում է «ստրուկ», «հետամնաց», բարձր նյութերից չհասկացող եւ պահանջում է հայաստանցուց միանգամայն այլ պատմա-քաղաքական պայմաններում ձեւավորված վարքի կաղապարներ (ասենք` Ուկրաինայի օրինակով, որտեղ հակառուսականությունն արեւմտյան շրջանների համար նույնն է, ինչ մեզանում` հակաթուրքականությունը):

Հայաստանակենտրոնության դրոշը

Ամփոփելով՝ նշենք, որ երկու մոլություններն էլ, չնայած դրանց ակնհայտ ապաբանականությանը եւ հակասությանը Հայաստանի իրական շահերին, դեռ երկար ժամանակ մնալու են ակտուալ: Երկու հիմնական պատճառ կա.

ա. Պատմականորեն ձեւավորված հզոր կաղապարները, որոնց մանրամասների քննարկումն այստեղ շատ երկար կստացվեր:

բ. Հայաստանի հասարակության ռեսուրսային թուլությունը, եթե չասենք` աղքատությունը: Չնայած հայաստանցիների մեծ մասը հայաստանակենտրոնության տարերային կրող է, բայց հայաստանակենտրոն տեսակետը դժվարությամբ է հղացքի եւ դիսկուրսի վերածվում, քանի որ հակադիր՝ «մոլի» տեսակետները, որոնց կրողներին կարելի է կոչել ագրեսիվ, բայց ազդեցիկ փոքրամասնություն, ունեն հզոր ռեսուրսային պաշար` համապատասխան դրսի կենտրոններից: Հայաստանյան կառավարությունն էլ, հասկանալի պատճառներով, չի կարող թիկունք լինել հայաստանակենտրոն դիրքին: Հասարակությունն այս առումով մնում է ինքն իր հույսին:

Չնայած այս առարկայական բարդություներին, սակայն, հայաստանակենտրոն գաղափարի, դիսկուրսի եւ կառուցվածքների ձեւավորումը մնում է առաջնային ռազմավարական խնդիր: Դրա մանրամասների մասին, սակայն՝ մեկ այլ անգամ: 

Հրանտ Տեր-Աբրահամյան