03.02.2014 22:28

Մարտի 1-ի հանրահավաքը քաղաքական նոր շրջափուլի մեկնարկ կարող է հանդիսանալ. Ավետ Պողոսյան

Մարտի 1-ի հանրահավաքը քաղաքական նոր շրջափուլի մեկնարկ կարող է հանդիսանալ. Ավետ Պողոսյան

7or.am-ի հարցազրույցը Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Ավետ Պողոսյանի հետ

-Ավետ, կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղաղրիչի դեմ պայքարը կարո՞ղ ենք համարել երկար ժամանակ խոսվող՝ ոչիշխանական քաղաքական ուժերի և հասարակության համախմբման առարկայացում:

-Միանշանակ, դա այդ համախմբման առաջին հրապարակային դրսևորումն էր, և ես համոզված եմ, որ սա լավ նախադեպ է քաղաքական դաշտի համար՝ ընդհանրապես, և այս փուլի համար՝ մասնավորապես: Իշխանությունները պետք է միշտ իրենց աչքի առաջ ունենան հասարակական այս համախմբվածությունը, և այդ համախմբվածության արդյունքում է միայն, որ նրանք ընկրկելու են:

Ինչպես գիտեք Հայ ազգային կոնգրեսը մարտի մեկին հրավիրել է հանրահավաք, որը քաղաքական նոր շրջափուլի մեկնարկ կարող է հանդիսանալ, այդ իսկ պատճառով կոչ եմ անում հասրակության բոլոր շերտերին մասնակցել այս հանրահավաքին :

-Սոցիալական հարցերի շուրջ հասարակական համախմբմանը զուգահեռ՝ նկատվում է ներիշխանական մի գործընթաց, որի դրսևորումներից է վերջին շրջանում միմյանց հասցեին հնչող մեղադրանքները: Ըստ Ձեզ՝ սա վկայո՞ւմ է իշխանության ներսում առկա լուրջ հակասությունների մասին:

-Ակնհայտորեն՝ իշխանությունը գտնվում է բավականին ծանր վիՃակում, դրա դրսևորումներն են Ձեր նշած ոչ ադեկվատ արձագանքները իրողություններին, սակայն մենք ստիպված ենք այս պարագայում խոսել ոչ միայն իշխանության, այլև ընդհանրապես մեր պետության օրհասական վիճակի մասին: Այստեղ չափազանցություն չկա: Քաղաքական այս շրջափուլը պետք է բնութագրել այն բանով, որ պետության պահպանման գործառույթը հասարակությունը և ոչիշխանական քաղաքական ուժերն ստիպված են վերցնել իրենց վրա: Սա ենթադրում է մի գործընթաց, որը երկու հատկանիշ պետք է ունենա եւ ընթանա հետեւյալ ալգորիթմով: Առաջինը պետք է լինի այդ գործընթացում պետությանը չվնասելու սկզբունքը, սա պետք է պահպանվի անվերապահորեն: Կոնգրեսը միշտ եղել է այս սկզբունքի ջատագովը, ապացուցել է, որ չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում, հնարավոր է, վնասի պետությանը՝ որքան էլ քաղաքական առումով շահեկան լինի իր համար: Այդ սկզբունքը պետք է գիտակցեն բոլորը` թե՛ քաղաքական ուժերը, թե՛ հասարակության լայն շրջանակները: Երկրորդ սկզբունքը, որ պետք է դրվի այս գործընթացի հիմքում՝ Սերժ Սարգսյանի վերջնական հեռացումն է իշխանությունից:

-Ըստ Ձեզ, այս պահին քաղաքական ուժերի և հասարակության համար օրակարգայի՞ն հարց է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացելու հարցը, թե՞ կան այլ՝ ավելի առաջնային հարցեր:

-Իրականում, գլոբալ առումով՝ Հայաստանում քաղաքական այլ օրակարգ գոյություն չունի: Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, ըստ էության, հասարակության միակ պահանջն է: Խնդիրը տվյալ շրջափուլի համար նաև պետական համակարգին հասկանալի լեզվով ճանապարհային քարտեզը ձևակերպելը և ներկայացնելն է, որով հասարակական և քաղաքական առողջ ուժերը պատրաստվում են երկիրը դուրս բերել այս կոլապսից: Դա ոչ միայն հրապարակի պահանջը պետք է լինի, այլ նաև պետական ապարատի համար պետք է հասկանալի գործընթաց լինի, որպեսզի պետության ֆունկցիոնալությունը չխախտվի:

–Վերջին շրջանում մենք ականատես եղանք սոցիալական տարբեր հարցերով կազմակերպված հասարակական բողոքների: Իշխանությունները, իրենց հերթին, պնդում են, որ իրականացնում են սոցիալական լուրջ բարեփոխումներ, ինչի շնորհիվ հասարակության կենսամակարդակը կբարելավվի: Ուրեմն, ո՞րն է այս բողոքների իրական պատճառը:

–Այս բողոքների իրական պատճառը Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող տնտեսական փոփոխություններն են: Այդ փոփոխությունները, որքան էլ գեղեցիկ փաթեթավորվեն և ներկայացվեն հասարակությանը, դրանց էությունը բերելու է նրան, որ և՛ երկրի տնտեսության վիճակը, և՛ մարդկանց կենսամակարդակը գնալով ավելի ու ավելի շատ է անկում ապրելու: Անկախ ամեն ինչից՝ սոցիալական բոլոր բողքների պատճառը տնտեսական այն «բարփոխումններն» են, որոնք իրականացվել են վերջին տաիներին: Եվ արդեն նկատվում են նախադրյալներն այն բանի, որ հասարակական տարբեր շերտեր գիտակցում են առանձին վերցված հարցերի լուծման անհնարինությունը: Այսինքն՝ պետք է տնտեսական քաղաքականությունը ամբողջովին փոխվի. դա իր մեջ ներառում է թե՛ սոցիալական ապահովության ոլորտը, թե՛ հարկահավաքման մեխանիզմները: Այս քաղաքականությունը պետք է փոխվի և մարդկանց համար դարձվի ավելի հասկանալի և արդար:

Եթե նախկինում մենք խոսում էինք, որ փոքր բիզնեսը շնչահեղձ է լինում այս օրենսդրական վայրիվերումների արդյունքում, ապա այժմ թիրախավորված է նաեւ խոշոր բիզնեսը: Դրա վառ ապացույցն են կապիտալի աննախադեպ արտահոսքի մասին վերջին տվյալները: Խաղի կանոնների անհարկի ու հաճախակի փոփոխությունը անհասկանալի ու անկանխատեսելի մթնոլորտ է ձեւավորում, որը բնականորեն վանում է, դուրս է մղում ե՛ւ առկա կապիտալը, ե՛ւ դռներ է փակում նոր ներդրումների առջև:

Կարելի է հարյուրավոր հիմնավորումներ բերել, թե ինչն է սխալ, ինչն է, որ անհրաժեշտ է փոխել անհապաղ: Դրանք բոլորը, միեւնույն է, կհանգեն քաղաքական անհապաղ, հիմնային, եթե կուզեք՝ հեղափոխական փոփոխությունների: Եթե զուգահեռներ տանենք Ուկրաինայի իրադարձությունների հետ, ապա առաջին ակնհայտ տարբերությունն այն է, որ կրակոցների, ռեպրեսիաների, ցավալի մարդկային զոհերի նմանություններով հանդերձ՝ Ուկրաինայում, ամեն դեպքում, պրոցեսը գնաց քաղաքական հունով. կառավարությունը հրաժարական տվեց, եւ բանակցությունները ընդդիմության հետ շարունակվում են: Հայաստանում իշխանությունները պետք է հասկանան, որ եկել է զիջումների գնալու ժամանակը: Ջայլամային քաղաքականությունը եւ զոռբայությունն արդեն վնասում են ոչ միայն իրենց` իշխանություններին, այլեւ արդեն վտանգել են պետության անվտանգությունը:

Տաթևիկ Պողպատյան