06.02.2014 11:35

Մարինե Պետրոսյանի անդրադարձը iLur.am-ի խմբագրականին

Մարինե Պետրոսյանի անդրադարձը iLur.am-ի խմբագրականին

Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը tert.am-ի իր բլոգում անդրադարձել է մեր կայքի խմբագրականներից մեկին: Ներկայացնում ենք Մարինե Պետրոսյանի «Ժխտելով հաստատեմ ասածդ» հոդվածն՝ ամբողջությամբ.

Հրանտ Տեր-Աբրահամյանի հոդվածը երկուշաբթի առավոտ հայտնվեց որպես Իլուրի խմբագրական: Կոչվում էր` «Քաղաքականապես հայ լինելը»: Շատ կարեւոր բան էր ասված, շատ ակտուալ բան: Հայաստանակենտրոնության գաղափարը մեր քաղաքական դիսկուրսում իհարկե նոր չի, վաղուց կա, բայց Հրանտի էս հոդվածում ուղղակիորեն կապվում էր ներկա իրավիճակի հետ ու դրանով էր ակտուալ ու կարեւոր: Հենց նույն օրն էլ նկատեցի բացասական արձագանքները` նախ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան պատին, հետո «Աչաջուր» սրճարանում ուրիշ թեմայով մի քննարկում կար` էդ քննարկման ժամանակ, հետո էդ քննարկումից վերադարձա նայեցի Հրանտի պատին` մոտավորապես նույնը էնտեղ էր շարադրված, Արա Պետրոսյանի պատին դրածի տակ, ու ոչ միայն: Քանի որ էս խոսակցությունը շատ կարեւոր ա, անպայման ուզում եմ անդրադառնալ:

Նշածս արձագանքներում Հրանտին ներկայացվող հիմնական մեղադրանքները երկուսն են` նացիականություն եւ գավառականություն: Սկսեմ երկրորդից:

Գավառականության մեղադրանքը ներկայացնում ա Դավիթ Ստեփանյանը` հենց Հրանտի ֆեյսբուքյան պատին գրել ա`

«Davit Stepanyan դա նացիություն չի էլի, գավառականություն ա. փակվելու , ինչ-որ իմաստով իրան աշխարհի կենտրոն համարելու ձգտում, ինչը շատ հատուկ ա նույն ամերիկյան քաղաքականություններին Բայց վստահ եմ, որ Հրանտի ասածը դա չի, պարզապես խճճվել ա:

February 3 at 4:19pm • Like

Ահավոր խոսուն մեղադրանք ա` «իրան աշխարհի կենտրոն համարելը» բնորոշել որպես «գավառականություն»: Ու Հրանտի ասածը` «քաղաքանապես հայ լինելը», իսկապես հենց դրա մասին էր` աշխարհին քո կանգնած կետից, քո ապրած երկրից նայելու մասին: Որովհետեւ մարդ որ կետից որ աշխարհին նայում ա , հենց էդ կետն էլ իրա համար աշխարհի կենտրոնն ա: Մյուս տարբերակը էն ա, երբ որ համարում ես` քո կանգնած կետը լուսանցքային կետ ա, աշխարհի կենտրոններից հեռու կետ ա, եւ գավառական չլինելու համար դու պետք ա աշխարհին նայես ոչ թե լուսանցքային, այլ կենտրոնական կետից, ասենք` էն տեղից, որտեղից խոսում են Անտոնիո Նեգրին, Միշել Ֆուկոն կամ Շանթալ Մուֆը (էս երեք անունները բերում եմ ըստ էն լինքերի, որ դրել ա Դավիթը Հրանտի նյութի քննարկման միջի քոմենթներում):

Ասում եմ, գավառականության էս մեղադրանքը ահավոր խոսուն մեղադրանք ա, որովհետեւ հաստատում ա հենց էն, ինչի դեմ իբր թե խոսում էր` որ Հրանտը ճիշտ ա, երբ որ ասում ա` Հայաստանը Եվրոպա տանելուց խոսողներից ոմանք հենց իրանք են գավառացի, որովհետեւ Եվրոպան պատկերացնում են որպես կենտրոն, իսկ իրանց գտնվելու տեղը` լուսանցք:

Հրանտին ներկայացվող մյուս` նացիականության մեղադրանքը ավելի բարդ մեղադրանք ա, որովհետեւ նացիականությունը կապվում ա Ֆուկոյի ձեւակերպած բիոքաղաքականության հետ, եւ քանի որ դրան Հայաստանում քչերն են ծանոթ, մեջը խառնում ա մանիպուլյացիա:

Կարճ եթե ասեմ, Ֆուկոյի ձեւակերպմամբ, բիոքաղաքականությունը էն տեխնոլոգիան ա, որով պետությունը իշխում ա սեփական բնակչությանը` որպես կենսաբանական ամողջության (էդտեղից էլ բառը` բիո-): Ֆուկոն օգտագործում ա նաեւ «պետական ռասիզմ» տերմինը, դրա տակ հասկանալով էն, որ պետությունը սեփական բնակչությունը երբեմն հակադրում ա դրսին, ասենք, եթե ֆրանսիական պետությունն ա, ֆրանսիացիներին հակադրում ա ոչ ֆրանսիացիներին, քանի որ սեփական քաղաքացիների կյանքը եւ բարեկեցությունը պաշտպանելը տվյալ պետության առաջնահերթ պարտականությունն ա եւ պետությունը դա երբեմն կարող ա անել, եթե պահանջվի, ոչ քաղաքացիների հաշվին:

Ինչո՞ւ եմ ասում` տվյալ դեպքում կա մանիպուլյացիա: Որովհետեւ Ֆուկոն բիոքաղաքականությունը վերլուծում ա որպես ցանկացած ժամանակակից պետության իշխանության ձեւ` տեխնոլոգիա: Այսինքն Ֆուկոն, օգտագործելով «պետական ռասիզմ» տերմինը, խոսում ա ոչ թե ռասիստական պետությունների մասին, այլ պետությունների մասին ընդհանրապես: Ու երբ որ Կարեն Անդրեասյանը Հրանտի գրածը կապում ա Ֆուկոյի բիոքաղաքականության ու պետական ռասիզմ/ նացիզմի հետ, ճիշտ կլիներ մինչեւ վերջ տաներ սեփական խոսքը, եւ պարզ ու հստակ ասեր` եթե իրա համար բիոքաղաքականությունն ու դրա կոնտեքստում, ֆուկոյական ձեւակերպմամբ, պետական ռասիզմ/նացիզմը բացասական բաներ են, ուրեմն ո՞րն ա դրականը` էն որ Հայաստանի իրա պատկերացրած պետությունը չպաշտպանի հայաստանցիների՞ն, թե՞ գուցե էն, որ Հայաստան պետությունը, եւ պետություններն ընդհանրապես, գոյություն չունենան ընդհանրապես:

Գուցե ոմանք իմ վերեւում տված հարցը համարեն սադրանք, բայց ես սադրանք չեմ անում, ես շատ հստակ բան եմ ասում, որը հիմա ավելի կմանրամասնեմ:

Հրանտի հոդվածը էն մասին էր, որ եթե դու քաղաքականապես հայ ես, ուրեմն պետք ա լինես հայաստանակենտրոն, այսինքն աշխարհաքաղաքական էս կամ էն միությանը միանալ կամ չմիանալու, միանալու դեպքում` որ մեկին միանալու հարցը որոշես ելնելով քո պետության շահից, ոչ թե նախօրոք, էն գլխից որոշած լինես, որ ճիշտը կամ Ռուսաստանի հետ լինելն ա` ընդդեմ Արեւմուտքի (սրանց Հրանտն անվանել էր ռուսամոլներ), կամ Արեւմուտքի հետ լինելը` ընդդեմ Ռուսաստանի (սրանք էլ հոդվածում կոչված էին արեւմտամոլներ):

Ենթադրում եմ, որ հենց էս «արեմտամոլ» բնորոշումն էլ շատերին զայրացրեց, ու շատերը դա վերցրին իրանց վրա: Ու պատահական չէր երեւի, որ էդ զայրացածների մեջ ամենաշատ զայրացածները, ոնց հասկացա, արվեստագետ /ակտիվիստների անարխիստական թեւից էին: Անարխիստների համար պետությունը հակառակորդ ա, նույնիսկ` թշնամի: Պետությունն ընդհանրապես, տվյալ դեպքում հայկական պետությունը` մասնավորապես: Դրանում իհարկե կրիմինալ չկա, անարխիստը հենց նրանով ա անարխիստ, որ դեմ լինի պետությանը, եւ լավ ա որ հայոց քաղաքական դաշտում հիմա նաեւ անարխիստներ կան` բազմազանությունը ցանկացած քաղաքական դաշտին մենակ օգուտ ա: Մենակ թե էս հարցում լավ կլինի հետեւողականություն լինի: Թե չէ ինչ ա ստացվում` հայոց ձախերն ու անարխիստները ոգեւորված են ուկրաինական մայդանով, որտեղ հիմնական կարգախոսն ա` «Փառք Ուկրաինային», մեղադրում են սեփական ժողովրդին, որ վեր չի կենում ու մայդան չի սարքում, բայց երբ որ մեկը խոսում ա հայաստանակենտրոնությունից, այսինքն քաղաքական դիրքորոշում որոշելիս Հայաստանի շահը առանցք ընդունելուց, էդ գրողին ներկայացնում են նացիականության ու պետական ռասիզմի մեղադրանք:

Հրանտի հոդվածը, ի թիվս ուրիշ լավ կողմերի, ունի էն լավ կողմը, որ ստիպում ա «մայդանցիներին»` ճշտել ու հստակեցնել իրանց դիրքորոշումը: