07.02.2014 16:40

Սոչի-2014. Հայտնի են hայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերը

Սոչի-2014. Հայտնի են hայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերը

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում հայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերն արդեն հայտնի են: Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը մրցասպարեզ դուրս կգան փետրվարի 9-ին ժամը 14:00-16:00 (դահուկավազք, սքիաթլոն, 15/15 կմ): Նույն մարզիկները ելույթները կշարունակեն նաև փետրվարի 11-ին, ժամը 14:00-15:00, 16:00-17:30,    այս անգամ  դահուկավազքի  սպրինտ և ազատ ոճի ձևերում: Փետրվարի 13-ին կանանց  դահուկավազքի 10 կմ դասական մրցավազքում իր ուժերը կչափի Կատյա Գալստյանը (14:00-15:30): Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ասպարեզ կվերադառնան փետրվարի 14-ին (14:00-15:45): Նրանք կմրցեն դահուկավազքի 15 կմ տարածությունում:

Լեռնադահուկային հսկա ոլորավայրէջքում Հայաստանի միակ ներկայացուցիչն Արման Սերեբրակյանն է: Վերջինս հանդես կգա փետրվարի 19-ին (14:30-16:00): Սերեբրակյանը կմրցի նաև փետրվարի 22-ին (16:45-18:15 և 20:15-21:45): Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում: 

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են «Առաջին ալիքի» հասարակայնության հետ կապերի բաժնից, Սոչի-2014 ձմեռային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կցուցադրվի «Առաջին ալիք»-ի եթերում 20:14-ին: Բացման արարողությունը կմեկնաբանեն «Առաջին ալիք»-ի մարզական մեկնաբաններ Սլավա Սարգսյանը, Մենուա Մեհրաբյանը, ինչպես նաեւ Գոհար Գասպարյանը: Փակման արարողությունը կկայանա փետրվարի 23-ին, 20:00-ին: