07.02.2014 20:46

Իրանի նախագահը $400 հազար է նվիրաբերել հրեական հիվանդանոցին

Իրանի նախագահը $400 հազար է նվիրաբերել հրեական հիվանդանոցին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, հնարավոր է, 400 հազար դոլար է նվիրաբերել երկրում միակ՝ դոկտոր Շապիրի հրեական հիվանդանոցին, որը գտնվում է Թեհրանում: Համենայն դեպս՝ այդ մասին իր Twitter-ում այսօր գրառում է կատարել The New York Times-ի թղթակիցը՝ հղում անելով իրանական կիսապաշտոնական MEHR գործակալությանը: Այլ աղբյուրներ դեռևս չեն հաստատել այս տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, որոշ աղբյուրների պնդմամբ՝ Ռոուհանին կատարել է այդ նվիրատվությունը, ընդ որում՝ արդեն ոչ առաջին անգամ: 2013 թ. Իրանի նախագահը դարձյալ նույնքան գումար էր փոխանցել բժշկական այդ հաստատությանը, փոխանցում է РИА Новости-ն:

Իրանում բնակվում է մոտավորապես 25 հազար հրեա՝ հրեական ամենամեծ համայնքը Մերձավոր Արևելքում: Դոկտոր Շապիրի հիվանդանոցը Թեհրանում հիմնվել է ավելի քան 70 տարի առաջ: Այն սպասարկում է ոչ միայն հրեական համայնքի անդամներին, այլև մյուս  ազգերի ներկայացուցիչներին:

Հրեական համայնքն Իրանում պաշտոնապես խտրականության չի ենթարկվում, սակայն երկրի քաղաքական ղեկավարությունը բազմիցս դիմել է հակիսրայելական հռետորաբանության: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, օրինակ, ժխտում էր էթնիկ  հատկանիշներով հրեաների ոչնչացումը 1930-40-ական թթ.: Մինչդեռ իր չափավոր հայացքներով հայտնի Ռոուհանին 2013 թ. սեպտեմբերին CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդունեց Հոլոքոստի փաստը և այն անվանեց նացիստական հանցագործություն ընդդեմ հրեա ժողովրդի: Սակայն հետո իրանական Fars  լրատվական գործակալությունը լրագրողներին մեղադրեց պետության ղեկավարի խոսքն աղավաղելու մեջ, փոխանցում է newsru.com-ը: