08.02.2014 15:50

iLur Բլոգ. Հայաստանակենտրոնությունը նշանակում է…

iLur Բլոգ. Հայաստանակենտրոնությունը նշանակում է…

Հայկ Բալանյան

Քանի որ բարեբախտաբոր և տարերայնորեն կրկին վերսկսվեց Հայաստանակենտրոնության մասին քննարկումը, իմաստ ունի մի քանի հանգամանքներ ճշտել և հիշեցնել, քանի որ մեր «նացիստական» քննարկումները հիմնականում աննկատ անցան հանրության համար: Երևի ժամանակը չէր, վաղ էր: Ինչևէ շատ հակիրճ.

-Հայաստանակենտրոնությունը առաջին հերթին ներքին իմաստ ունի: Երկրի ներսում վարվող քաղաքականությունը, որոշումները և ծրագրերը առաջին հերթին պիտի բխեն և հիմնված լինեն Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահերից: Այսպես կոչված մարդու իրավունքներից կես քայլ է մնում մինչև այսպես կոչված ազգի իրավունքները:

-Հավաքական շահերի ձևակերպման կոմպրոմիսը, փոխզիջումը և հանրային համերաշխությունը հաստատվում են ոչ թե որպես նյութական, սոցիալ-տնտեսական խմբային շահերի ինտեգրալ հանրագումար, այլ կոմպրոմիս սոցիալ-տնտեսական շահերի և արժեքների միջև: Նյութականը, արժեքների բացակայության պարագայում, արժեք է դարձնում փողը, Ոսկե Հորթին: Այդ դեպքում Հայաստանակենտրոնության փոխարեն մենք ստանում ենք փողակենտրոնություն, եսակենտրոնություն կամ թայֆակենտրոնություն, և ոչ մի տարբերություն չկա, դա ներսի՞ փողն է, թե՞ դրսի:

-Հայաստանակենտրոնությունը նշանակում է հիմնվել և ապավինել սեփական ուժերին, հասկանալով որ մենք՝ հայերս միայնակ ենք և բարեկամներ չունենք:

-Հայաստանակենտրոնությունը նշանակում է երկրի ներսում ձևերի, կառուցվածքների և քաղաքականության անընդմեջ և նպատակասլաց, գիտակցված փոփոխում և զարգացում ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար և կարծրություն՝ հակառակ Հայաստանը փոփոխելու՝ արտաքին ուժ(եր)ի ազդակների: Դա, այո որոշակի ինքնապաշտպանական ամբարտակ և ֆիլտր է դրսի ազդեցության դեմ:

-Հայաստանակենտրոնությունը նշանակում է պահպանել, ունենալ և զարգացնել երկրի ներսում մշակութային, սոցիալական և տնտեսական առումներով այն ամենն, ինչ կա ժամանակակից աշխարհի կենտրոններում՝ այդ կենտրոնների գավառը չդառնալու և ինքնուրույն կենտրոն լինելու համար: Կեղծ այլընտրանքն է՝ կամ անկախություն, կամ զարգացում թեզը: Չի լինելու անկախություն առանց զարգացման և չի լինելու զարգացում առանց անկախության:

-Հայաստանակենտրոնությունը բացառում է ներքին քաղաքական պայքարում արտաքին ուժեր հրավիրելը և դրանց օգտագործումը ներքին քաղաքական պայքարում:

-Հայաստանակենտրոնությունը բացառում է Հայաստանի կողմնորոշման ընտրության հարցը, այլ միտված է միայն այլընտրանքների պահպանման և ստեղծման:

-Եվ վերջապես, Հայաստանակենտրոնությունը նշանակում է, որ ինքնիշխան, Հայաստանի քաղաքացիների մենաշնորհ ինքնիշխանությունը սահմանափակող որևէ դաշնային, համադաշնային, նորակայսերական, վերազգային կամ վերպետական կառույցներից անկախ և ազատ պետականությունը ազգային ինքնակազմակերպման միակ ձևն է և հայության հարատևման միակ երաշխիքը:

Եվ, այո, դա ի վերջո գաղափարախոսություն է: Անհնար է համոզել մարդկանց հրաժարվել փողի և օտարի հովանավորչության գայթակղությունից, եթե Հայաստանակենտրոնությունը համոզմունք չէ: