10.02.2014 13:46

iLur Բլոգ. Բանամետության մասին

iLur Բլոգ. Բանամետության մասին

Ռաֆայել Թեյմուրազյան

Անկախ լինելը ես այսպես եմ հասկանում. անել այն, ինչ հարմար ես համարում, այսինքն՝ ինչը շահավետ ես համարում, ինչը կարող ես: Կարևորը՝ դու ես որոշում՝ ինչ անել, ինչպես անել, կամ՝ անե՞լ, թե՞ ոչ: Հիմա, եթե դու քեզ համարում ես արևմտամետ, ռուսամետ կամ չինամետ, ապա դու ուղղակի հակաանկախական ես, որովհետև ինչ-որ բանամետությունը հակասում է անկախության սահմանմանը: Ի՞նչ է նշանակում լինել ռուսամետ (արևմտամետ): Նշանակում է՝ նպատակներիդ, ծրագրերիդ իրականացումը կապել կոնկրետ Ռուսաստանի (Արևմուտքի) հետ: Նշանակում է՝ վարքդ պայմանավորել Ռուսաստանի (Արևմուտքի) վարքով: Եթե իքս հարցում երկրիդ ու Արևմուտքի (կամ Ռուսաստանի) շահերը համընկնում են, ուրեմն՝ բնական է, որ կոնկրետ այդ հարցում պիտի «արևմտամետ» («ռուսամետ») լինես: Սա է «ինքնամետության», հայաստանակենտրոնության, անկախության իմաստը: Այլ կերպ ասած՝ ընդհանրապես և ամեն կոնկրետ հարցում՝ մասնավորապես, քո վարքը պիտի պայմանավորես քո շահով:

Անկախությունը հենց սա է. անել այն, ինչը քո շահերից է բխում՝ անկախ նրանից, թե տվյալ շահդ «ռուսամե՞տ» է, թե՞ «արևմտամետ»: Դա քո շահն է, ուրեմն՝ «քեզամետ» է: Հենց քեզ հռչակեցիր ռուսամետ (արևմտամետ) կամ այլ բանամետ, ուրեմն՝ էլ ինքնամետ չես, ուրեմն (որքան էլ բարի լինեն նպատակներդ)՝ հակաանկախական ես: Անկախականը, ուրեմն, չի կարող որևէ բանամետ լինել: Ռուսամետ/արևմտամետ բաժանումներն էլ, ըստ այդմ, արհեստածին են: