10.02.2014 22:31

iLur Բլոգ. Հայաստանը որբի գլուխ չի

iLur Բլոգ. Հայաստանը որբի գլուխ չի

Քրիստինե Խանումյան

«Հայաստանը որբի գլուխ չի, որ ով ինչպես ուզենա՝  խուզի»: Վազգեն Սարգսյանի խոսքերից է: Այսօր Հայաստանն՝ իշխանությունները վերածել են որբի գլխի: Դեմ են տվել բոլորին, որ ով ինչպես կամենա՝ խուզի: Ում ինչը դուր չի գալիս, կտրում թափում է, հանում՝ տանում է, խուզում է, ջարդում է, կոտրում է, վերցնում է, ավերում է: Ու ոչ մի կաթիլ խղճի խայթ, ոչ մի պտղունց ափսոսանք. հայրենիքը վերջին հողաթափիկի պես առաջին պատահածի ոտի տակ են տալիս, ու չեն զղջում: Գիշերներն ամոթի ու տագնապի զգացումից վեր չեն թռչում, չեն արտասվում ու խիղճը հանգստացնելու համար մի կաթիլ սառը ջուր անգամ չեն խմում: Հայրենիքը, պետությունը, պետականությունը, երկիրը, ամենը սովորական մի փալաս են դարձրել, ու փռել բոլորի ոտի տակ, պետականությունը մի կարմիր խալիչա են դարձրել, բացել են երկիր մտնող ճանապարհներին ու գոռում են՝ «էստի՜ համեցեք», եկե՜ք, ձեր ոտքերին ղուրբան լինենք, եկե՜ք, տարե՜ք, վերցրե՜ք, ավերե՜ք: Ու մինչեւ Դերուն խազը կորանում է նրանց մեջքը, իջնում է ներքեւ, էլ տեսանելի չի լինում, իջնում են ներքե՜ւ ու էլ ավելի ներքե՜ւ, ուղղել չի լինում:

Ու մի պահ՝ մոռանալով անգամ նրանց ոչ օրինակարգությունն էլ, ամեն ինչն էլ, նայում ես կողքից, ու ամոթից միայն մի ցանկություն ես ունենում, որ գետինը պատռվի, ու չտեսնես այդ խայտառակությունը, էդ կորը, որ թեեւ դե ֆակտո քեզ հետ, ազգի հետ առնչություն չունի, բայց դե յուրե՝ առայժմ ազգին էլ է խորհրդանշում:

Ու էդ կորն իջնում է, ամեն անգամ ավելի ներքեւ, իջնում է՝ ամեն անգամ ավելի ներքեւ, քան կարող էինք պատկերացնել նախորդ անգամ…

Էդ կորը, որ կարծես՝ ռետինից լինի, ու ձգվում է ամեն անգամ ավելի շատ, քան կարող ենք պատկերացնել անգամ, ազգի խայտառակության կորը, որ դեպի անդունդն են տանում սրանք, էս ինչքան առանձգական դուրս եկավ… խոնարհվելու կորը, ինքնասիրությունը մի կողմ դնելու կորը, «կզելու» կորը…..

«Կզում են» բոլորը նրանցից, ով կարող է, եւ նույնիսկ նրանք, ովքեր այլեւս անունակ են մեջքներին զոռ տալ, ու դա անում են մեր հաշվին, մեր հայրենիքի ու պետականության հաշին….ու դեռ ավելին, ուզում են էդ կորը խորացնել մեր ապագայի, մեր երեխաների ապագայի հաշվին…

Նայում ես նրանց ունայն աչքերին, որ արդեն ոչինչ չեն գուժում, ու հասկանում ես՝ էս մարդիկ սահման չունեն, նրանք արդեն հատակում են, որտեղից թվում է՝ հետդարձ չկա: Ու քանի որ հետդարձ չկա, պիտի ատամներով կռիվ տան՝ հայրենիքի գնով էլ, պետականության գնով էլ, մեր ապագայի գնով էլ….սրբություն չունեն, այլեւս…

Բայց նրանք մեր պետականությունը հողաթափիկ դարձնելու իրավունք չունեն, մենք դեռ չենք անէացել, որ թույլ տանք նրանց մեր պետականությունը փռել սրա ու նրա ոտքերի տակ.. մենք դեռ կանք, մենք շատ ենք, մենք դեռ այստեղ ենք… մեր հայրենիքում….ու չենք գնալու, չենք հանդուրժելու, Հայաստանը՝ որբի գլխի վերածողների հարցերը լուծելու ենք… հաստատ: