13.02.2014 18:31

Սարգիս Գևորգյան. Ոստիկանական գործողությունները ակնհայտ սադրանք էին

Սարգիս Գևորգյան. Ոստիկանական գործողությունները ակնհայտ սադրանք էին

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի անդամ Սարգիս Գևորգյանը, ով երեկ բերման էր ենթարկվել ոստիկանություն՝ մարտի 1-ի հանրահավաքը իրազեկելու ժամանակ:

- Սարգի՛ս, ինչպե՞ս կգնահատեք փետրվարի 12-ին Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ իրականացված ոստիկանական գործողությունները:

Ոստիկանական գործողությունները ակնհայտ սադրանք էին, որը ապացուցելու կարիք այլևս չկա: Այդ գործողությունները արտացոլում են Սերժ Սարգսյանի և իր հանցավոր համակարգի բնույթը: Ոստիկանությունը, բռնությամբ մեզ բերման ենթարկելով, քարոզչական թռուցիկները խլելով և ուստիկանության բաժանմունքում ուժ գործադրելով, ուղղակի կատարեց թաղային խուժանի դեր:

- Ի՞նչ տեղի ունեցավ ոստիկանական ավտոմեքենայի մեջ և Կենտրոնի բաժնում:

Ոստիկանական մեքենայի մեջ ինձնից և Անի Գևորգյանից փորձում էին խլել տեսախցիկները, ինչը նրանց չհաջողվեց: Նույնը փորձեցին անել նաև բաժանմունքի միջանցքում, սակայն երկրորդ փորձը նույնպես ուղեկցվեց անհաջողությամբ, ինչից հետո մեզ բոլորիս տեղափոխեցին առանձին սենյակներ: Մեզ առանձնացնելուց հետո միայն նրանք կարողացան ուժի կիրառմամբ խլել հեռախոսները ու մնացած տեխնիկան և այնուհետև՝  առգրավել:

- Իրականացված գործողությունները պատճառաբանվեցի՞ն:

Որևէ պատճառաբանություն չի եղել. գործել են իրենց ցանկությամբ՝ հանցագործ տարրերի նման, որոնց կարելի է հանդիպել ցանկացած կռիվների կամ հանցանքի վայրերում, որտեղ տեղի է ունենում խուլիգանություն, ավազակային հարձակում: Նրանք բոլորը՝ Վովա Գասպարյանի հետ միասին որակապես նույնն են:

- Տեղեկություններ ունե՞ք ագրարային համալսարանի ուսանողների մասին:

Ես տեղեկություններ ստացել եմ Ֆեյսբուքից՝ այսինքն՝ բացահայտվել է, որ այդ մարդիկ համալսարանի դասախոսներ կամ ուսխորհրդի նախագահներ են: Իմ կարծիքով սա զարմանալի չէ. Սերժ Սարգսյանը գործի է դրել իր բոլոր սպասարկուներին: Այս ամենը վկայում է նրա նյարդային վիճակի մասին:

- Ոստիկանությում հանդիպե՞լ եք Սերժ Սարգսյանի «պաշտպաններին»:

Ո՛չ, ոստիկանությունում չեմ հանդիպել այդ երիտասարդներին:

- Հնարավո՞ր է, որ նրանց շարքերում եղել են նաև քրեական ոստիկանության աշխատակիցներ:

Չի բացառվում. դատելով մեր երկար տարիների փորձից՝ հնարավոր է, որ եղած լինեն նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Այդ հանգամանքը շատ շուտով կպարզվի:

- Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ական երիտասարդները նախապես եկել էին որևէ համաձայնության իրավապահ մարմինների հետ:

Կարծում եմ, որ այն անձինք, ովքեր հարձակվել էին մեզ վրա, առաջ էին շարժվում կա՛մ ոստիկանության, կա՛մ այլ մարմինների կողմից մշակված հատուկ պլանով: Վստահ եմ, որ նրանց երկուսի գործողությունները բեմադրված են եղել մեկ վայրում:

- Արդյո՞ք այս ամենից հետո ակցիաները շարունակվելու են:

- Այո՛, միանշանակ շարունակվելու են, և Սերժ Սարգսյանը՝ իր անողնաշարների հետ միասին, չի կարող երազել անգամ, որ նմանատիպ մեթոդներով կկանգնեցնի մեր ակցիաները կամ կկասեցնի մեր պայքարը: