14.02.2014 14:43

Լեւոն Զուրաբյան. Կոնգրեսի նպատակն է` գործարարի ազատագրման հեղափոխությունը Սերժ Սարգսյանի օլիգարխիայի դեմ

Լեւոն Զուրաբյան. Կոնգրեսի նպատակն է` գործարարի ազատագրման հեղափոխությունը Սերժ Սարգսյանի օլիգարխիայի դեմ

Պարոն Զուրաբյան, վերջերս Ազգային Ժողովում ունեցած Ձեր ելույթում, որը վերաբերում էր մենաշնորհների խնդրին, դուք  նշել եք, որ Հայաստանում տիրում են «մակաբույծ օլիգարխներ», որոնց դեմ իշխանությունը որեւէ պայքար չի տանում: Մյուս կողմից Հայ Ազգային Կոնգրեսը մշտապես խոսում է «բուրժուդեմոկրատական» հեղափոխությոան անհրաժեշտության մասին: Արդյոք այստեղ հակասություն չկա:

Նախ ճշտենք «օլիգարխիա» եւ «բուրժուազիա» եզրույթները, քանի որ դրանց շուրջ կա որոշակի շփոթ: «Օլիգարխ» կամ «օլիգարխիա» բառերի տակ շատ բան կարելի է հասկանալ, բայց Հայստանյան իրականությունը նկարագրելիս, «օլիգարխ» բառը ես գործածում եմ` նկատի ունենալով այն մարդկանց, ովքեր իշխանություն ունենալով, պետական կառավարման լծակները օգտագործում են որպես ազգային հարստության հափշտակման եւ անձնական հարստացման միջոց: Ի դեպ, հունարեն «օլիգարխիա» բառը նշանակում է «մի քանիսի իշխանություն»: Դա հենց այն է, ինչ որ մենք ունենք Հայաստանում` ոչ թե ժողովրդի իշխանություն, ինչպես սահմանված է երկրի Հիմնական օրենքում, այլ իսկապես ընդամենը «մի քանիսի իշխանություն»: Այդ «օլիգարխիան» կազմում են` 1. պաշտոնապես պետական իշխանությանը մաս կազմող այնպիսի բարձրաստիճան ղեկավարներ, ինչպիսիք են Սերժ եւ Տիգրան Սարգսյանները, եւ 2. նրանց հետ սիմբիոտիկ կապի մեջ մտնող այնպիսի «գործարարներ», ինչպիսիք են, օրինակ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Սամվել Ալեքսանյանը և Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, որոնց միակ շնորհքն այն է, որ լինելով առաջին խմբում ընդգրկված պաշտոնյաների մերձավորներ, նրանք տիրացել են գերշահույթներ ապահովող ապօրինի մենաշնորհներին, որոնց համար վարձահատույց են լինում, կիսվելով առաջին խմբի հետ իրենց շահույթներով եւ օգնելով նրան վերատադրել իշխանությունը ընտրությունների ժամանակ: Ահա այսպես եմ ես սահմանում «օլիգարխիան» Հայաստանում: Կարելի է առարկել, որ իշխանությունը ոչ թե այդ մի քանիսինն է, այլ կենտրոնացած է Սերժ Սարգսյանի ձեռքում, բայց քանի որ Սերժ Սարգսյանը իր ձեռքում կենտրոնացած իշխանությունը ծառայեցնում է բացառապես այդ խմբակի շահերի սպասարկմանը եւ, չունենալով ժողովրդի քվեն, սեփական իշխանության ամրության համար իրենցից կախված է, ես իրեն համարում եմ ոչ թե միանձնյա դիկտատոր, այլ հենց օլիգարխիկ խմբակի կոորդինատոր:

Իսկ «բուրժուզիայի» տակ ես հասկանում եմ ամբողջ գործարար խավը. խոշոր, միջին եւ փոքր ձեռնարկատերերին: «Բուրժուազիա» եզրույթը մի քիչ հնացած եզրույթ է, որը լեգիտիմություն է ստացել շնորհիվ Մարքսի, լայնորեն օգտագործվել է ռուսական բոլշեւիկյան հեղափոխությունից առաջ, որից հետո «բուրժուա» բառի փոխարեն` եւ’ կոմունիստական, եւ’ ազատ աշխարհում ավելի շատ գործածվում էր «կապիտալիստ» եզրույթը, իսկ ետխորհրդային ժամանակակից շրջանում  ավելի գործածական են դարձել «գործարար» կամ «ձեռնարկատիրական խավ» հասկացությունները: Ես հատուկ խորացա այս եզրութաբանական քննարկման մեջ, որ երբեւէ չշփոթենք «օլիգարխիա» եւ «գործարար խավ» եզրույթները: Առաջինը նշանակում է արատավոր քաղաքական համակարգ, իսկ երկրորդը` բնորոշում ձեռնարկատերերի դասակարգը:

Խոսելով «բուրժուադեմոկրատական» հեղափոխության մասին, մենք նկատի ունենք գործարարի ազատագրումը օլիգարխիկ իշխանության ճիրաններից, բոլորի համար մրցակցելու ազատ եւ հավասար պայմանների ստեղծումը: Այնպես որ, որեւէ հակասություն իմ ասածի եւ ՀԱԿ-ի դիրքորոշման մեջ չկա:

Իշխանությունները նույնպես խոսում են օլիգարխիայի դեմ պայքարի մասին եւ փորձում են պատժամիջոցներ կիրառել որոշ խոշոր գործատերերի դեմ:

Ես արդեն պարզաբանեցի, թե ովքեր են իրական օլիգարխները։ Այնպես որ այս իշխանությունների պայքարը օլիգարխիայի դեմ հնարավոր է միայն Հանրապետության հրապարակում խմբակային խարակիրիի տեսքով։

Ինչ վերաբերում է իշխանությունների պայքարին, ապա այստեղ պետք է հստակություն մտցնել։ Իշխանությունները պայքարում են ոչ թե օլիգարխիայի դեմ, այլ փորձում են օլիգարխիայի վերահսկողության տակ դնել բոլոր խոշոր գործարարներին` կամ խժռելով կամ փայ մտնելով նրանց բիզնեսների մեջ: Այս ամենի արդյունքում տուժում է նաև փոքր ու միջին բիզնեսը։

Ամբողջ խնդիրրը հենց նրա մեջ է, որ օլիգարխիայի դեմ պայքարի քողի տակ անգամ հակամենաշնորհային պետական մարմինների լծակները օգտագործվում են` ազատ գործարարներին ջարդելու, շուկան օլիգարխիայի վերահսկողության տակ վերցնելու նպատակով:

Ազգային Ժողովում ես խոսեցի հենց սրա մասին, երբ ասացի, որ, շնաձկներին մի կողմ թողնելով, պայքարում են մանր ձկների դեմ: Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող օլիգարխիան ստեղծել է աղաղակող մենաշնորհներ: Օրինակ, Սամվել Ալեքսանյանը ունի 100 տոկոսանոց մենաշնորհ շաքարի ներկրման կամ արտադրման շուկայում: Նա փորձում է նույն արդյունքի հասնել սպառման այլ շուկաներում: Սամվել Ալեքսանյանի և Միքայել Մինասյանի միջոցով Սերժ Սարգսյանի օլիգարխիան այսօր նպատակ է դրել տիրանալ սուպերմարկետների ամբողջ շուկային, ոչնչացնելով ոչ միայն մրցակից սուպերմարկետային ցանցերը, այլ նաեւ փոքր խանութները, ինչի հետեւանքով վերջին տարիների փակվել է ավելի քան 3000 խանութ: Ալեքսանդր Սարգսյանը, օգտագործելով իր կապը Սերժ Սարգսյանի հետ, ամենուրեք փայ է մտնում:

Միքայել Մինասյան ոչնչացրել է որեւէ մրցակցություն գովազդային շուկայում՝ լիովին իր վերահսկողության տակ վերցնելով այդ շուկան եւ թելադրելով օլիգարխիայի կանոնները` լրատվամիջոցների գործունեությունը իշխանության շահերի սպասարկմանն ուղղելու նպատակով: Նա իր «Սելզ հաուզ» կազմակերպության միջոցով ունի գրեթե 100 տոկոսանոց մենաշնորհ գովազդի շուկայում, ինչը լրացուցիչ լծակներ է տալիս Սերժ Սարգսյանի ղեկավարած օլիգարխիային` գործարարներին ճնշելու առումով: Արդեն խոսում են Մինասյանի կողմից  նախապատրաստվող գրոհի մասին` բենզինի, դիզելի, այլ վառելիքի շուկաներում, ընդ որում՝ այդ գրոհի համար օգտագործվելու է Հայաստանի մուտքը Մաքսային միություն եւ այն պայմանները, որը Սերժ Սարգսյանը կարողացել է բանակցել «Ռոսնեֆտ»-ի հետ: Այստեղ ամենապշեցուցիչ հանգամանքն այն է, որ ինչպես ցույց տվեցին գազային պայմանագրերի քննարկումները, Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջել Հայաստանի պետական շահերը, բայց երբեք չի մոռանում իր օլիգարխիկ կլանի շահերի մասին:

Արդեն իսկ լուրջ ազդակներ կան եզրակացնելու համար, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած օլիգարխիան նախապատրաստում է գրոհ նաեւ կաթնամթերքի ոլորտում: Այսօր այդ բիզնեսում ներգրավված բոլոր ընկերություններին կանխամտածված սնանկացնում են, արհեստական խոչընդոտներ են ստեղծում` հող նախապատրաստելով նոր մոնոպոլիայի ստեղծման համար:

Սերժ Սարգսյանի օլիգարխիան օգտագործում է պետական հակամենաշնորհային մարմինները, մասնավորապես` Շաբոյանի հանձնաժողովը՝ ՏՄՊՊՀ–ն, ոչ թե մենաշնորհների դեմ, այլ իր մրցակիցներին խաղից դուրս հանելու և տնտեսությունը էլ ավելի մենաշնորհային դարձնելու նպատակով: Այս ուղղությամբ արձանագրած «հաջողությունները» իշխանական քարոզչամեքենան անմիջապես ներկայացնում է որպես «պայքար օլիգարխիայի դեմ»:

Այս առումով, մենաշնորհների դեմ ավելի խիստ պատճամիջոցների կիրառման Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկները գործարարների դեմ օգտագործելու սարգսյանական օլիգարխիայի ջանքերը վկայում են ռեժիմի անծայրածիր ցինիզմի մասին:

Այո, մենք խոսում ենք մենաշնորհների դեմ ավելի մեծ պատժամիջոցների կիրառման մասին: Բայց մենք նկատի ունենք, որ այդ պատժամիջոցները պետք է կիրառվեն հենց Սերժ Սարգսյանի օլիգարխիայի դեմ, որի շրջանակները ես արդեն գծեցի: Ազգային Ժողովի իմ ելույթում ես այդ պատճառով խոսեցի հենց շնաձկների դեմ պայքարի մասին: Վստահ եմ, երբ ժողովրդավարական պետական իշխանության շնորհիվ հաստատված պատժամիջոցներով կործանվեն Սերժ Սարգսյանի օլիգարխիկ Լեւիաթան-ծովահրեշը եւ նրա շուրջ պտտվող շնաձկները, եւ պետության մեջ հաստատվեն ազատ եւ հավասար մրցակցության կանոններ, մնացած գործարարները, անգամ նրանք, ով այսօր օլիգոպոլիկ դիրքերում են գտնվում, ազատվելով կոռումպացված իշխանավորների ռեկետից, սիրահոժար կմտնեն օրինականորեն կարգավորվող հարկային եւ հավասար մրցակցային դաշտ, որտեղ կերաշխավորվի սեփականության անձեռնմխելոիությունը եւ օրենքի գերակայությունը: