19.02.2014 16:59

Որոնվում են «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը և նրա տնօրենը

Որոնվում են «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը և նրա տնօրենը

Մենք արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, որի միջոցով փորձ է արվում երկրի քաղաքացիների ուշադրությունը շեղել ներկայիս իրադարձություններից և փորձել ցույց տալ, որ երկրում՝ մասնավորապես տնտեսության մեջ ակտիվություն կա, մեր երկիրը արտասահմանյան ներդրողների ուշադրության կենտրոնում է և այլն: Մենք այսպիսի նորությունները պայմանական անվանել էինք «նորություններ ապառնի ժամանակով»: Ընդհանրապես նորությունն այն է, ինչն արդեն տեղի է ունեցել կամ տեղի կունենա մոտ ապագայում: Բայց Հայաստանի նման երկրներում իշխանությունների համար նորությունները լինում են միայն ապառնի ժամանակով: Ահա վառ և թարմ մի քանի օրինակ:

Չինական բանկերը հետաքրքրված են  «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման ծրագրով ու անգամ պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը` 1 մլրդ 920 մլրդ դոլար` նշել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

3 մլրդ 200 մլն դոլար գնահատված «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագծի մեկնարկի մասին հայտարարվել էր դեռ մեկ տարի առաջ. երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագծի պատասխանատու, Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկին ասել է, որ շինարարությունը նախատեսվում է սկսել 2016-ին եւ ավարտել 6 տարում:

Բորկովսկին կառավարության ղեկավարին է ներկայացրել «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, դրա տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը, ըստ որի` երկաթգծի երկարությունը կլինի մոտ 300 կմ, որը բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելներից, կունենա 27 կայարան:

Եվ ուրեմն. Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման մասին բլեֆն իշխանությունները ֆռռացնում են դեռ 2008 թ.-ից, երբ նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը հայտարարեց , թե առաջիկա տարիներին սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը: Որ ծրագիրը պարզունակ բլեֆ է, փայլուն ապացուցել է տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանը: Մեջբերենք նրա հոդվածից մի հատված.

«Այն, որ սա հերթական բլեֆն է, պարզ երևում է նրանից, որ իբր 3 միլիարդ դոլար գնահատված ծրագրի մեկնարկը տրվում է հյուրանոցներից մեկի մի փոքր սրահում։ Չհամոզե՞ց։ Շարունակենք։ Մտեք համացանց ու փնտրեք «Ռասիա ՖԶէ» անունով ընկերություն («Rasia FZE»)։ Այս անվան տակ կգտնեք հաստոցներ, սարքավորումներ, ո՛չ ընկերություն։ էլի՞ չհամոզեց։ Ուրեմն, կրկին մտեք համացանց և փնտրեք այդ ՖԶէ-ի տնօրենի՝ Ջոզեֆ Բորկովսկու անունը (Joseph Borkowski)։ Կգտնեք մի 10 տարեկանից մինչև 90 տարեկան բազմաթիվ մարդկանց, որոնցից և ոչ մեկը մեր բարեկամ Բորկովսկին չէ։  Համացանցում նույնիսկ նրա նկարը չկա։ Եւ դա այն դեպքում, երբ նա «ներդրումային ընկերության տնօրեն է» և իրականացնելու է 3 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր։ էլի չհամոզվեցի՞ք, որ սա բլեֆ է։ Ուրեմն, անցնենք միջազգային համեմատությունների։

Աշխարհում իրականացված խոշորագույն տրանսպորտային ծրագրերից մեկը Լա Մանշի տակով կառուցված թունելն է, որը միացրեց Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, և որի արժեքը 16 միլիարդ դոլար էր։ Այդ ծրագրի մասին ամբողջ աշխարհը խոսում է արդեն մի քանի տասնամյակ։ Մեծ Բրիտանիայի մեկ տարվա պետական բյուջեն ավելի քան մեկ տրիլիոն դոլար է։ Այսինքն, այդ թունելի շինարարության արժեքը կազմում էր Մեծ Բրիտանիայի տարեկան բյուջեի 1.6 տոկոսը։ Իրան-Հայաստան երկաթգծի գինը 3 միլիարդ դոլար է և գերազանցում է Հայաստանի տարեկան պետական բյուջեն։ Նշենք, որ դեռ ոչ ոք չի հաշվարկել, թե իրականում ինչ կարժենա այդ երկաթուղին։ 3 միլիարդն իրականում աչքաչափով է արված։ Դեռ նույնիսկ վերջնականապես որոշված չէ, թե որտեղով է անցնելու այն...։ Մի խոսքով, երեկ տեղի ունեցած «ծրագրի մեկնարկը» պարզունակ բլեֆ է։ Եւ նույնիսկ կարելի է նկարագրել, թե ինչպես է ծնվել սա։ 2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց , թե առաջիկա տարիներին սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը։ Մեկ ամսից ընտրություններ են, ու եթե Սերժ Սարգսյանին հարցնեն, թե ի՞նչ եղավ երկաթուղին, նա կասի, թե աշխատանքները սկսված են։ Հենց միայն այս նպատակով Դուբայում գրանցված մի բոլորովին անհայտ ընկերություն են գտնում, որի տնօրենը կհամաձայնվի մի քանի օր` ոչ իր հաշվին ժամանակ անցկացնել Հայաստանում։ Այդ օրերի ընթացքում նա իր հետ բերած կնիքը պետք է մի անգամ թանաքոտի ու կնքի մի համաձայնագիր, պետք է դրա տակ ստորագրի, մի նախարարի հետ պետք է լուսանկարվի ու վերջ` ազատ է, ինչպես քամին։ Իսկ թե ինչ կլինի մի քանի տարի անց, իշխանություններին չի հետաքրքրում։ Օրինակ, հիմա ո՞վ է հիշում «Արմենիկում» անունով բլեֆի մասին, որը պետք է «սպիդ» բուժեր։ Կամ որ հիշում են՝ ի՞նչ։ Դրա մասին էլ էր, չէ՞, Սերժ Սարգսյանը հայտարարել մի 15 տարի առաջ»։

Բայց այսքանով ապառնի ժամանակով նորությունները չեն վերջանում: Շաբաթ օրը, ԵԿՄ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է առաջիկայում Հայաստանում, իր կարծիքով, գործարկվելիք մի քանի ծրագրեր: Ըստ Սարգսյանի, Հայաստանում առաջիկայում կառուցվելու է պղնձաձուլարան, նոր «Նաիրիտ», մեծ ձկնաբուծարան, ջերմոցներ: Բայց սրանք նույնպես նորություններ են ապառնի ժամանակով, որոնց մասին իշխանությունները շատ շուտ կմոռանան: Մեր չինովնիկները կարծում են, որ կարող են մի բան «բլթցնել», ու կանցնի կգնա, էլ ո՞վ է հիշելու. կարևորը` Հ1-ով ցույց կտան, և մի քանի հեռավոր գյուղում էլ կարող է տեսնեն ու հավատան: Բայց արի ու տես, որ հիշում ենք ու, ամենակարևորը, գրում ենք դրա մասին, որ սրանց սուտը երկար կյանք չունենա: Հիշում ենք Հայաստան-Իրան երկաթուղին, հիշում ենք նոր ատոմակայանը, հիշում ենք հայ-թուրքական սահմանի բացումը, հիշում ենք Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելը, հիշում ենք Գյումրին IT կենտրոն դարձնելը և հիշում ենք, որ այն կառավարությունը, որը չապահովի 7 տոկոսանոց ֆինանսական աճ, պետք է հրաժարական տա: Հիշում ենք և հիշեցնելու ենք, որ սրանց քաղաքական կյանքը նույնքան կարճ տևի, ինչքան սրանց ապառնի ժամանակով նորությունները:

Հարություն Գևորգյան