20.02.2014 17:27

ՀՀԿ-ական պատգամավոր. Էդ միջանցքում ի՞նչ պիտի անի պատգամավորը կամ լրագրողը

ՀՀԿ-ական պատգամավոր. Էդ միջանցքում ի՞նչ պիտի անի պատգամավորը կամ լրագրողը

ԱԺ միջանցքներում վերջերս հայտնված տեսախցիկների թեման խորհրդարանում տարաբնույթ քննարկումների տեղիք է տվել:  iLur.am-ն այս թեմայով զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ

-Տիկին Մուրադյան, վերջին օրերին շատ է քննարկվում ԱԺ միջանցքներում տեղադրված տեսախցիկների թեման: Ձեզ չի՞ անհանգստացնում այն երեւույթը, որ մի «աչք» հետեւում է ամեն քայլափոխի:

-Ճիշտն ասած՝ բոլորովին չի անհանգստացնում, քանի որ ես կարծում եմ՝ պատգամավորն ԱԺ միջանցքում է, դահլիճում, թե ԱԺ շենքից դուրս, պետք է միշտ զգա, որ իրեն հետեւում են բոլորը. հետեւում է հասարակությունը, հետեւում են մարդիկ: Ես չեմ կարծում, թե պետք է ինչ-որ բան անենք, որ խոչընդոտի տեսախցիկների առկայությունը: Ես միշտ ԱԺ-ն համեմատում եմ խոշորացույցի տակ աշխատելուն: Ես գտնում եմ, որ սա մեծ խոշորացույց է, եւ բոլորը տեսնում են թե՛ լավ, թե՛ վատ գործելակերպը: Էդ միջանցքում ի՞նչ պիտի անի պատգամավորը կամ լրագրողը, որ խնդիր են դարձնում: Բոլորս գիտենք՝ բոլորս մեր աշխատանքով ենք զբաղված, ԱԺ կանոնակարգում գրված է մեր պաշտոնի նկարագիրը, դրանից դուրս բան չի կարող լինել: Հետեւաբար, չեմ կարծում, որ դրանից պետք է անհանգստանալ:

-Իսկ ո՞րն է տեսախցիկներ տեղադրելու իմաստը:

-Ես կարծում եմ՝ անվտանգությունը: Չեմ կարծում, թե դրանում ինչ-որ վատ, մտահոգվելու բան կա: Ինչու չէ՝ թող վերահսկողությունն ավելի ուժեղ լինի, լավ լինի:

-Ասում են՝ այդ տեսախցիկները տեղադրվել է իշխանական ներքին խարդավանքներից տեղյակ լինելու համար, որ տեսնեն՝ ով ում հետ շփվեց կամ ում աշխատասենյակ մտավ:

-Դրա համար տեսախցիկներ պետք չեն: Մարդկային հարաբերություններն այնպես են կառուցվում, որ մարդկային հարաբերություններից են ծնվում այդ ողջ ինֆորմացիաները, խարդավանքները եւ այլն: Ու այդ ամենը ցույց տալու համար տեխնիկական միջոցներ բոլորովին էլ անհրաժեշտ չեն: Ի վերջո, սա ընդհանուր աշխատանքի վայր է, որտեղ բոլորը շփվում են բոլորի հետ: Ու եթե այդ շփումների մեջ էլ պետք է բան դնենք, բան տեսնենք, նշանակում է՝ մենք ինքներս ճիշտ տեղում չենք: Սա տարբեր քաղաքական ուժերի՝ համախմբված աշխատանքային կոլեկտիվ է, որտեղ աշխատանքի բերումով բոլորս էլ բոլորի հետ շփվում ենք, եւ չեմ կարծում, որ դրանից մտահոգություններ լինեն: Բոլորը պետք է շփվեն տարբեր կառույցների, տարբեր քաղաքական ուժերի եւ ինչու չէ՝ ժողովրդի հետ: Այս ամենը տեսախցիկով կնայեն, թե մարդիկ կնայեն՝ կարեւոր չէ: Մենք թաքնված գործունեություն չենք ծավալում:

-Քաղաքական ենթատեքստ չկա՞:

-Ես չեմ ուզում, որ տեսախցիկներին էլ տանք քաղաքական բնույթ: Եկեք զերծ մնանք դրանից: Եթե տեսախցիկ տեղադրելուն էլ քաղաքական ենթատեքստ տանք, ապա ամեն ինչի, բոլոր տեսակի հարաբերությունների մեջ կմտնի քաղաքականությունը: Այսօր ամեն ինչ ծառայում է քաղաքականությանը, բայց չենք կարող քաղաքականությունը ծառայեցնել ամեն ինչին:

-ԱԺ-ում եղել են 1996թ. սեպտեմբերի 22-ի դեպքերը, եղել է հոկտեմբերի 27: Սակայն, այդ դեպքերից հետո տեսախցիկներ չտեղադրվեցին, ու հիմա են ԱԺ-ում հայտնվել տեսախցիկները:

-Տեխնիկական միջոցներն ու հնարավորությունները գնալով ավելի են շատանում: Այսօր մենք արդեն ունենք հայկական <iPad>-ները, մի բան, որ մենք չունեինք նախկինում, սրանից տասը տարի առաջ այդ մասին չէինք էլ մտածում: Այսօր մտեք սովորական դպրոց,  այնտեղ միջանցքներում կան տեսախցիկներ, ընդհանուր վերահսկվում է: Դա, ընդհանուր առմամբ, լավ է, երբ աշակերտը, մանկավարժը՝ իրենք էլ գիտեն, որ կա վերահսկողություն, ու ձգված են: Այսօր արտասահմանում ցանկացած հիմնարկում կան տեսախցիկներ: Ինչու՞ երբ այդ ամենը տեսնում ենք արտասահմանում, ընդունում ենք նորմալ, ողջունում ենք, բայց երբ գալիս ենք Հայաստան՝ արդեն ուրիշ կերպ ենք ընկալում:

-Ասում են՝ Արգամիչը կասկածում է ամենքին ու ցանկանում է հետեւել բոլորին:

-Չի կարելի անձնավորել: Եկեք զերծ մնանք անձնավորելուց: Չի կարելի ցանկացած ձեռքբերման, ցանկացած լավ մտահղացման մեջ վատը տեսնել: Ես բազմիցս դեմ եմ դրան: Ես ասում եմ՝ եթե խնդիր ենք փնտրում, ապա եկեք խնդիրներին կառուցողական մոտենանք, այլ ոչ թե եղած խնդիրները դեռ չլուծված՝ կողքից ինտրիգային խնդիրներ ենք հորինում, փնտրում, ստեղծագործում: Եկեք ստեղծագործական միտքը զարգացնենք լավ ձեռքբերումները պրոպագանդելու, մարդկանց մոտ ավելորդ խուճապ, ավելորդ մտահոգություն չառաջացնելու, այլ՝ վաղվա օրվա նկատմամբ արդեն իսկ արվածի հիման վրա նոր հույսեր արդարացնելու, նոր մոտիվացիաներ ստեղծելու վրա: Եկեք շնորհավորենք իրար, ուրախանանք: Լավ ձեռքբերում է: Թող լինի լրացուցիչ վերահսկողություն, ապահովություն:

Արման Գալոյան