22.02.2014 14:11

Խոսքի արժեքը

Խոսքի արժեքը

Yerkir.am կայքում հրապարակվել է մի ուշագրավ հոդված՝ «Խոսքի արժեքը» վերտառությամբ, որտեղ հեղինակը անդրադառնում է Սերժ Սարգսյանի ելույթներին, խոսքի հանդեպ նրա վերաբերմունքին, նշում, որ վերջինս փորձում է այդ հարցում մրցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ պարտվում՝ այդ մրցավեճում:

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ

«Նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին-iLur.am) վերջին շրջանի գրավոր ելույթներին թռուցիկ ծանոթությունը բերում է եզրահանգման, որ դրանք սկսել են աչքի ընկնել որոշակի գեղարվեստականությամբ ու նույնիսկ ռոմանտիկ շնչով: Անշուշտ, գեղարվեստականությունը և ռոմանտիզմը վատ բան չեն, մանավանդ` կրթությամբ բանասեր նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին-iLur.am) գրչի տակ, սակայն ամբողջ խնդիրն այդ երկուսի  անհամամասնական չափաբաժնով հայտնվելն է նախագահական խոսքում: Տպավորություն կա, որ դրանք միտված են ոչ թե հարկավոր չափով հետաքրքիր և լսելի դարձնելու խոսքը, այլ իրենցով սքողելու իրականությունը:

Ս. Սարգսյանի ելույթագիրների խոսքը վաղուց ի վեր կեղծ ռոմանտիզմով հագեցած խոսք է, այդ կեղծիքն զգալի է նույնիսկ խոսքի կառուցվածքային մակարդակում և այնքան ակնհայտ է, որ ոչ միայն առաջացնում է ունկնդրի կամ ընթերցողի թերահավատությունն ու նույնիսկ ժպիտը, այլև նրանց ակամա հակում է համեմատության, մասնավորապես` առաջին նախագահի խոսքի հետ: Թվում է, թե Ս. Սարգսյանն առաջինին պերճախոսությամբ գերազանցելու «կուրս» է վերցրել, սակայն մոռացել է մի կարևոր հանգամանք` առաջին նախագահի խոսքի գեղեցկությունը ոչ թե սիրուն բառերի ու արտահայտությունների, ոչ թե ուղիղ իմաստով գեղեցկախոսության մեջ է, այլ այդ խոսքի բացառիկ կառուցիկության, տրամաբանական հյուսվածքի և նույնիսկ ակադեմիական խստաբանության մեջ: Ի տարբերություն Ս. Սարգսյանի ելույթագիրների խոսքի՝ առաջին նախագահի խոսքում եթե կա էլ պաթետիզմ, ապա դա տրամաբանորեն հասունացված պաթետիզմ է, բովանդակային այնպիսի լիցքի արտահայտություն, որ պաթետիկ եզրահանգումը դարձնում է միանգամայն բնական:

Այո, երրորդ նախագահը (նկատի ունի Սերժ Սարգսյանին-iLur.am) կարծես փորձում է եթե ոչ բարձրանալ, ապա գոնե լինել առաջինի գրավոր խոսքի մակարդակին և նրա հետ հետին թվով մրցակցության մեջ է: Սակայն հարկ է նկատել, որ այդ մրցավեճում հաղթանակը երրորդի կողմը չէ, իսկ պատճառն ընդամենը պարզ մի բան է` առաջին նախագահը չափազանց շատ է կարևորում և հարգում գիրը, ահա, թե ինչու իր հնչեցնելիք կարևոր տեքստերը գրում է ինքը, մինչդեռ երրորդի համար ջանք են թափում ուրիշները, որովհետև նրա համար խոսքը մեծ հաշվով արժեք չունի:

Լ. Սարգսյան»: