25.02.2014 12:07

Շախմատի Եվրոպայի երևանյան առաջնության մասնակիցների թիվը հասնում է շուրջ 270-ի

Շախմատի Եվրոպայի երևանյան առաջնության մասնակիցների թիվը հասնում է շուրջ 270-ի

Երևանում մարտի 2-15-ը անցկացվելիք Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Այս տարի լրանում է Պետրոսյանի ծննդյան 85-ամյակը: Բացման արարողությունը կկայանա մարտի 2-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սկիզբը` ժամը 21:00-ին: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Խաղերը կկայանան «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում մարտի 3-15-ը: Սկիզբը` ժամը 15:00-ին, վերջին տուրը` 14:00-ին: Մարտի 9-ը հանգստյան օր է: Մրցաշարին մասնակցում են 27 երկրների մոտ 270 շախմատիստներ, այդ թվում` շուրջ 130 գրոսմայստերներ: Միջազգային կոչումներ ունեցող մասնակիցների թիվն անցնում է 200-ից:

Ամենամեծ թվով մասնակիցներ ներկայացնում են Հայաստանը (մոտ 80), Ռուսաստանը (53), Վրաստանը (17), Իսրայելը (17), Ուկրաինան (13), Թուրքիան (10): Կանոնադրության համաձայն, առաջին 23 տեղերը գրաված շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցելու Աշխարհի գավաթին:

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցանակային հիմնադրամը կազմում է 160 հազար եվրո: Սահմանված են 25 հիմնական և 15 հատուկ մրցանակներ: Առաջին մրցանակակիրը կստանա 20 հազար եվրո: Միավորների հավասարության դեպքում մրցանակները բաժանվում են հավասարապես:

Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը (Հայաստան): Վճռաբեկ հանձնաժողովի նախագահն է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը (Հայաստան), անդամները` գրոսմայստեր Գիորգի Գիորգաձեն (Վրաստան) և միջազգային կարգի մրցավար Գենադի Նեսիսը (Ռուսաստան):