25.02.2014 16:49

Է.Վարդանյան. ժողովրդավարությունը երկրում կարող է հաստատվել միայն ժողովրդի պայքարի միջոցով

Է.Վարդանյան. ժողովրդավարությունը երկրում կարող է հաստատվել միայն ժողովրդի պայքարի միջոցով

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը:

- Անկեղծ ասած, ինձ համար իրավիճակը խիստ մտահոգիչ է: Օրեցօր ահագնանում է ժողովրդի բողոքի ձայնը: Սոցիալական տարբեր խմբերի կողմից բողոքի նորանոր ալիքներ են բարձրանում: ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից շեշտվեցին ինչպես առկա խնդիրները, այնպես էլ հնարավոր լուծումները՝ լսել ժողովրդի ահազանգող բողոքի ձայնը, օգնություն փոքր և միջին բիզնեսին, աջակցություն աշխատավորներին, Սփյուռքի կարողությունների համախմբում:

- Ձեր կարծիքով, մի՞թե իշխանությունը չի տեսնում և չի գիտակցում այս խնդիրները:

- Գիտակցո՞ւմ է արդյոք սա իշխանությունը: Կարծում եմ՝ այո: Բայց գիտակցելով հանդերձ, չգիտի՝ ինչ անել: Դա է պատճառը, որ բողոքի ալիքներին փորձում են արձագանքել ռեպրեսիվ մեթոդներով՝ ճնշումներով, ահաբեկելով, վախեցնելով, աշխատանքից ազատելով: Բայց գիտակցելը մի բան է, օբյեկտիվ գնահատականներ տալը՝ մեկ այլ: Կա մի թյուր ընկալում, թե պայթյունավտանգ իրավիճակները մեզ չեն սպառնում, և դա բնորոշ է միայն այլ երկրների: Բայց այդպիսի համոզմունք ունեցող հասարակություններում է, որ փոփոխություններն ուղեկցվում են լուրջ ցնցումներով: Եվ սա իսկապես մտահոգիչ է, քանի որ ես այս հնարավոր զարգացումները տեսնում եմ ոչ միայն որպես մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ով ամեն օր առիթ է ունենում շփվելու տարբեր խնդիրներ բարձրաձայնող խմբերի և անհատների հետ, այլև որպես քաղաքացի, որպես մայր, ով տեսնում է օբյեկտիվ գնահատականների բացակայությունը:

- Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակից դուրս գալու ելքը:

- Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը երկրում կարող է հաստատվել միայն ժողովրդի կամքով և ժողովրդի պայքարի միջոցով: Պայքարն ինձ համար սեփական իրավունքների համար պայքարելն է. սկսած, օրինակ, շենքի վերելակի նորմալ աշխատանքի կամ նորմալ ջրամատակարարման համար պայքարից` մինչև նախագահական ընտրությունների ժամանակ սեփական ձայնի համար պայքարելը: Եվ կարծում եմ՝ այսօր հասունացել է այն պահը, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է դա:

Արման Գալոյան