25.02.2014 18:13

iLur Բլոգ. Բանավեճ՝ հակառակ դիրքից

iLur Բլոգ. Բանավեճ՝ հակառակ դիրքից

Ռաֆայել Թեյմուրազյան 

Մոտ մի 10 տարի առաջ տիկին Մելիսա Բրաունն ամերիկյան համալսարանում բանավեճի ակումբ էր կազմակերպում (գուցե դեռ շարունակվում է, չգիտեմ): Հավաքվում էին տասնյակ ջահել մարդիկ, բաժանվում թիմերի, ընտրում որևէ թեմա, պատրաստվում որոշ ժամանակ ու սկսում բանավեճը: Էական ու ցանկալի սկզբունքն այն էր, որ դու բանավիճես տվյալ հարցի շուրջ` քո տեսակետի հակառակ դիրքերից:

Ենթադրենք՝ տվյալ շաբաթվա բանավեճի թեման ծնողների՝ երեխայի սեռն ընտրելու իրավունքի մասին է: Դու կարծում ես, որ մարդը պիտի նման իրավունք չունենա, ուրեմն՝ գնա և հիմնավորիր հակառակը: Ու դու ստիպված էիր (շատ ես ուզում հաղթել) փնտրել (և ո՜վ զարմանք, նաև` գտնել) հիմնավորումներ, փաստարկներ, մոտիվներ, դրական բաներ` մի տեսակետ հիմնավորելու համար, որին համամիտ չէիր:

Ժյուրին էլ գնահատում էր: Հաղթողները շարունակում էին բանավեճը հաջորդ փուլում՝ այլ թեմայով:

Բանավեճերին մասնակցելու իմ մոտիվն անգլերենիս մակարդակը բարելավելն էր (այն ժամանակ շատ քիչ էի անգլերեն խոսում), բայց բանավեճերն օգտակար էին բազմաթիվ առումներով: Նախ՝ շատ բան էիր սովորում, նոր մարդկանց հետ ծանոթանում, փաստարկմանդ տրամաբանությունն էր հղկվում, և վերջապես սկսում էիր հասկանալ քո տեսակետի հակառակ տեսակետը, որովհետև դու պատրաստվում ու ներկայացնում էիր հենց դա:

Այսքանը գրեցի, որ առաջարկեմ նմանօրինակ բանավեճեր կազմակերպել Հայաստանի ապագայի տարբեր տեսակետների շուրջ: Ու պահել հակառակ տեսակետից հանդես գալու սկզբունքը: Ավելի պատկերավոր լինելու համար, ասենք, եթե դու ՀԱԿ-ից ես, փորձիր հիմնավորել, որ աղոթելն իշխանափոխության հասնելու ամենաճիշտ ուղին է: Եթե «Ժառանգությունից» ես, փորձիր հաղթել բանավեճում՝ հիմնավորելով բուրժուադեմոկրատական հեղափոխության անհրաժեշտությունը:

Զուտ որպես խաղ, հաճելի ժամանակ անցկացնելու, միասին գարեջուր խմելու տեսանկյունից, ամենայն հավանականությամբ, հաջողված միջոցառումներ կստացվեն: Դրանք նաև կմոտեցնեն տարբեր տեսակետները, կսկսենք հասկանալ այլ տեսակետներ, որովհետև մենք անկեղծորեն ջանացել ենք մեզ դնել իրենց տեղը: Փոխադարձ խայթոցներն ու գաղջ մթնոլորտն էապես կցրվեն, և վերջում գուցե գանք այն կարծիքին, որ լավագույն ճանապարհը բուրժուադեմոկրատականի համար` աղոթելն է :))

Օրինակ՝ իշխանափոխության, Հայաստանն այս վիճակից հանելու ուղու սկիզբը ես պատկերացնում եմ ընդդիմության և փաստացի ազդեցություն ունեցող ուժերի միասնությամբ: Մենք դրա փորձն ունենք: «Միասնություն» դաշինքը մոռանում ենք, բայց օրինակ է, թե ինչպես ընդդիմությունը (Կարեն Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն) արդար ընտրությունների միջոցով, հանգիստ, խաղաղ եկավ իշխանության՝ վերջինիս «ընդդիմացած» հատվածի հետ: Եվ հիշեք, թե ինչ մեղքերի մեջ մեղադրվեց Կարեն Դեմիրճյանը՝ «հրեշ» Վազգեն Սարգսյանի հետ դաշինքի որոշում կայացնելու համար:

Պատրաստ եմ փորձել հաղթել բանավեճում՝ պաշտպանելով հարայ-հրոցով, հայբուդուրով, գրոհներով իշխանափոխություն անելուն այլընտրանք չլինելու տեսակետը: