12.09.2012 21:50

Հունգարիայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը պահանջում է վարչապետ Օրբանի հրաժարականը

Հունգարիայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը պահանջում է վարչապետ Օրբանի հրաժարականը

Հունգարիայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության  առաջնորդ Աթիլա Մեշտերհազին  երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին  անվանել է «բարոյապես սնանկ» և հայտարարել, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը անձամբ արդարացնելուց հետո նա պետք է հրաժարական տա, գրում է հունգարական politics.hu կայքը:

Մեշտերհազիի խոսքերով՝ Հունգարիայի արտաքին գործերի եւ արդարադատության նախարարները զգուշացրել էին Օրբանին՝ գործարքի հնարավոր բացասական հետեւանքների մասին, եւ այնուամենայնիվ, վարչապետը միանձնյա որոշում է ընդունել: «Օրբանն այդ որոշումն ընդունել է առանց մտածելու», մաիյն նա է մեղավոր միջազգային այս սկանդալի մեջ, եւ պետք է կրի  հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը», - հավելել է հունգարացի ընդդիմադիրը:  

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Օրբանն ինքը խոստովանել է, թե Սաֆարովի արտահանձնմանը հետեւած իրադարձություններն իր համար անսպասելի չէին:

 «Եթե Օրբանը հրաժարական չտա, ապա Սոցիալիստական կուսակցությունը կփորձի վերահսկել նրան և կանխել երկրի վարկանիշի համար նրա աղետաբեր գործողությունները», - ասել է Աթիլա Մեշտերհազին:

2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի կուրսերի համար Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ գործուղված հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ կացնահարվել էր նույն կուրսերի մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: 2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման դատապարտեց՝ առանց ներման իրավունքի մինչեւ ազատազրկման 25 տարին լրանալը: 2007-ի փետրվարին Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողեց անփոփոխ: Սակայն, այս տարվա օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին եւ հենց նույն օրը ներման արժանացավ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից:   

Նույն օրը պաշտոնական Երեւանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

«Սաֆարովի պատմությունը» լայն միջազգային արձագանք ստացավ: ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի իշխանությունները, ինչպես նաեւ՝ միջազգային մի շարք կազմակերպություններ իրենց մտահոգությունն արտահայտեցին Ադրբեջանի եւ Հունգարիայի իշխանությունների գործողությունների վերաբերյալ: